ԹԵՐՐԻ ԴԵՎԻՍԸ ՂԱՐԱԲԱՂ ԿՄԵԿՆԻ ԵՐԵՎԱՆԻՑ Ըստ Տիգրան Թորոսյանի, «գրավյալ տարածքներ» արտահայտությունը միջազգային փաստաթղթերում օգտագործվում է 1993 թվականից։ «Այժմ իմ կարծիքը հստակ է. անհրաժեշտ են 100 տոկոսանոց երաշխիքներ ոչ ինձ համար, այլ այն մարդկանց, ովքեր պետք է ուղեկցեն ինձ»,- 2003-ի հուլիսին այդպես հիմնավորեց իր՝ ԼՂ չգնալը ԵԽ ԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցող Թերրի Դեւիսը։ Փետրվարի 23-ին Երեւան ժամանող բրիտանացի խորհրդականի համար այժմ միանշանակ է՝ առանց Ղարաբաղ այցելելու իր զեկույցը չի կարող ամբողջական լինել։ «Տվյալ փուլում չեմ արտահայտի որեւէ մեկնաբանություն իմ զեկույցի վերաբերյալ, մինչեւ չայցելեմ Ղարաբաղ։ Ինձնից մեկնաբանություններ մի ակնկալեք, քանի դեռ չեմ լսել բոլորին, այդ թվում նաեւ ԼՂ ներկայացուցիչներին»,- հայտարարել է Թերրի Դեւիսը։ Միակ հուսադրող բանն այս հայտարարություններից այն է, որ պրն Դեւիսը դեռ եզրակացություններ չի արել եւ պատրաստ է լսել բոլոր կողմերին, այդ թվում նաեւ ԼՂՀ ներկայացուցիչներին։ Բայց չէ՞ որ ակնհայտ է, որ եվրոպական կառույցների գնահատականները իրարից սովորաբար գրեթե չեն տարբերվում եւ անշուշտ Թերրի Դեւիսի զեկույցում եւս տեղ կգտնի «գրավյալ տարածքներ» բառակապակցությունը։ ԱԺ փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հակադարձումը հետեւյալն էր. «Հիշեցնեմ, որ այսպես կոչված «այլ գրավյալ տարածքներ» արտահայտությունը, «այլ» բառը, մասնավորապես, ոչ թե զեկույցում գոյություն ուներ, այլ հետագայում դիտարկման հանձնաժողովում ավելացավ։ Այնպես որ, զեկույցի հարցում նման խնդիր չկա։ Բայց «գրավյալ տարածքներ»-ի հետ կապված խնդիր ունենք։ Չգիտես ինչու, հանկարծ հիմա բոլորը հասկացան, որ նման արտահայտություն գոյություն ունի։ Մինչդեռ այդ արտահայտությունը կար 1993 թվականից ի վեր։ ՄԱԿ-ի փաստաթղթերում հստակորեն օգտագործված է «գրավյալ տարածքներ» արտահայտությունը։ Կան բանաձեւերը՝ 884, 874, 853, 822, որոնցում առկա է այդ արտահայտությունը։ Կան նաեւ ԵԽ-ի շրջանակներում տարբեր փաստաթղթեր, սկսած 13.04 2002 թ. բանաձեւից, որտեղ նույն «գրավյալ տարածքներ»-ը տեղ են գտել։ Եթե ինչ-որ մարդկանց, ինչ-որ խմբերի ձեռնտու է ասել, որ «գրավյալ տարածքներ» արտահայտությունը հանկարծ առաջացավ 2004 թ. հունվարին, ապա չարաչար սխալվում են։ Ես կարծում եմ, մեր զեկուցողները՝ պրն Յասկերնիան եւ Անդրեն, եղել են անաչառ եւ ներկայացրել են օբյեկտիվ պատկեր, այն, ինչ կա Հայաստանում, եւ այն՝ ինչ իրենք ակնկալում են, որ լինի»։ Հայաստանում Թերրի Դեւիսը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի եւ ԼՂՀ հարցով ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցչի, պաշտպանության նախարարի, փախստականների եւ ԱԺ խումբ -խմբակցությունների եւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ։ Մոտավորապես նման շրջանակով հանդիպումներ տեղի կունենան նաեւ Ղարաբաղում։ Հանդիպումների շրջանակը դեռեւս ճշգրտման փուլում է։ Երեւան-Ղարաբաղ-Երեւան-Բաքու ճամփորդության ընթացքում Թերրի Դեւիսը պիտի փորձի հնարավորինս մանրամասն տեղեկություններ ստանալ հակամարտության մասին։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանի տեսակետներն ակնհայտ են եւ չեն փոփոխվել. «Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա խորհրդարանը մոտ երկու տարի առաջ ԼՂ խնդրի եւ լուծման հետ կապված իր մոտեցումներն արտահայտել է եւ դրանցում դեռեւս որեւէ փոփոխություն նկատելի չէ, եւ ոչ էլ քաղաքական ուժերից որեւէ մեկը նոր հայտարարություն է նախատեսել։ Կարելի է ենթադրել, որ բոլորը համաձայն են այդ հայտարարության մեջ արտահայտված տեսակետներին։ Ավելին՝ խմբակցությունները գրեթե նույնն են, ինչ-որ նախորդ խորհրդարանում։ Այս առումով թերեւս նոր հայտարարության կարիք չկա»։ Մեր հիշեցմանը, թե «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը օրերս հայտարարեց, որ իրենք որեւէ հարցի հետ կապված, այդ թվում նաեւ Ղարաբաղի, ոչ լեգիտիմ իշխանությունների հետ համակարծիք չեն կարող լինել, պրն Թորոսյանն ասաց, թե ինքը ասվածը ընդունում է որպես քաղաքական դիրքորոշում եւ ոչ թե համաձայնություն կամ անհամաձայնություն. «Օրինակ, եթե դրսում ձյուն է գալիս, երկու տարբեր քաղաքական հայացքներ ունեցող խմբեր ստիպված են ընդունել, որ իրոք ձյուն է գալիս։ Այսինքն՝ խոսքը տեսակետների ընդհանրության մասին է»։ Ակնկալվում է, որ Թերրի Դեւիսի հետ հանդիպման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները որեւէ անակնկալ կմատուցեն. «Հուսով եմ, որ խնդրի կարեւորությունը բոլորի կողմից լիարժեքորեն գիտակցվում է, եւ այն ամենը, ինչ պիտի արվի հանդիպումների ընթացքում, պիտի արվի հանուն Ղարաբաղի, հանուն Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման»,- ասաց Տիգրան Թորոսյանը։ Թերրի Դեւիսը ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր թեկնածությունն է ներկայացրել։ Արդյո՞ք արդեն ձգձգված այցը չի կարող դիտվել իբրեւ գովազդային այց, այսինքն՝ Ղարաբաղի հարցն օգտագործվի հեղինակությունը բարձրացնելու միջոց եւ հարցին չօգնի. «Չեմ կարծում նման բան լինի, ավելին, գուցե այդ տեսակետից ավելի չեզոք կարող էր լինել զեկույցը հետաձգելը։ Բայց կարծում եմ, այդ ժամանակ էլ պրն Դեւիսին թերեւս կարող էին մեղադրել, թե ինչո՞ւ այդ զեկույցը չներկայացրեց։ Համոզված եմ, որ ընտրությունը կարող է նպաստավոր լինել զեկուցողի ձեւավորման համար։ Հուսով եմ, որ հանդիպումներն ու տեղեկություններն այնքան լիարժեք կլինեն, որ զեկույցը իսկապես կլինի անաչառ ու օբյեկտիվ»։ Թեպետ շարունակ շեշտվում է, որ ԼՂՀ հարցը չի լուծվում եւ չի լուծվելու ԵԽ ԽՎ-ում, այնուամենայնիվ, ստանձնած պարտավորությունների մեջ նաեւ Ղարաբաղին վերաբերող կետ կա։ Այն է՝ հարցը պիտի լուծվի միայն խաղաղ ճանապարհով եւ Հայաստանն ու Ադրբեջանը ջանք չպիտի խնայեն այդ նպատակի իրականացման համար, հարցը պիտի լուծվի միջազգային չափանիշների շրջանակներում եւ հաջորդը՝ Հայաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը ԼՂ-ի վրա, այս լուծումները ապահովելու համար։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ