Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՐԱՆԱԿԱԼ ՀԱՐՎԱԾ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

Փետրվար 14,2004 00:00

«ԴԱՐԱՆԱԿԱԼ ՀԱՐՎԱԾ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ» Դաշնակցական ժողովը՝ Արա Սահակյանի մեկնաբանությամբ – Ինչպե՞ս կմեկնաբանեք Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ ընդհանուր ժողովում։ – Զեկուցման բովանդակությունը, ձեւն ու զգացականությունը նորություն չեն։ Դաշնակցությունը ստեղծման օրվանից հավակնում է լինել համազգային ամենայն հայոց կուսակցություն, իսկ դաշնակցության շեֆերը իրենց կարծում են հայ ժողովրդի շահերի միակ արտահայտիչ։ Փաստորեն, սա մի այլ երանգավորմամբ բոլշեւիկյան, տոտալիտար տիպի կառույց է։ Այդ են վկայում նաեւ համագումարի անցկացման տեղն ու ձեւը՝ Երեւանից հեռու, գաղտնիության պայմաններում։ Տեղեկություններ կան, որ համագումարի «անդորրը» հսկող ցերբերները թույլ չեն տալիս ոչ յուրայիններին մուտք գործել անգամ Ծաղկաձորի գրողների տան տարածք։ Ինչպես ասում են՝ «Օձն իր պորտով, հավքն՝ իր թեւով»։ Տոտալիտար բնույթի բոլոր կուսակցությունների նման, ՀՅԴ-ն էլ անհանդուրժող է եւ իրեն համարում է անսխալական ու ազնիվ։ – Սակայն բավականին կոշտ գնահատականներ հնչեցին։ – Ներքաղաքական գնահատականներում, այդուհանդերձ, Մարգարյանն արել է կարեւոր խոստովանություններ՝ ընտրությունների արդյունքների կեղծում, խորհրդարանի օլիգարխացում, կոռուպցիա, տնտեսական անկում։ Սակայն հռետորի համարձակությունը չբավականացրեց այդ ամենում դաշնակցության մեղքի բաժինն ընդունել։ Ընդ որում, 98-ի պետական հեղաշրջումը, իր բացասական հետեւանքներին զուգահեռ, տվեց մի էական դրական արդյունք։ – Ինչպիսի՞։ – Մարդիկ հասկացան, որ դաշնակցությունը ոչ թե երգ է, վեպ կամ լեգենդ, այլ նույնքան խոցելի, ինչպես մյուսները՝ իր խմբակային, անձնական շահերով ու շահամոլությամբ։ Մարդիկ տեսան, որ դաշնակցական պաշտոնյան էլ մյուսներից ոչ պակաս սիրում է ցոփ կյանք, թանկարժեք սաունայի վրա գրում է իր անունը, շուկա ու հեռուստաալիք, քարհանք ու ջիփ ունի, հարամ վիճակախաղեր է պտտեցնում, իր քաղաքական հակառակորդին ու նրա ընտանիքի անդամներին հալածելու պատվերներ է տալիս իրավապահ մարմիններին։ Մի խոսքով, սուրբ չի եւ ինչպես Գավառում են ասում, ադեի թոշակով չի ապրում։ Եթե դաշնակցությունն իր մեջ ուժ գտնի, մեր անկատար հասարակության արատները նաեւ իրենը համարի ու դառնա թափանցիկ ժողովրդավարական կառույց, ապա կարող է մյուս քաղաքական ու հասարակական ուժերի հետ օգնել Հայաստանի վերափոխմանը։ -Արտաքին քաղաքականության ի՞նչ նոր շեշտադրումներ նկատեցիք Հ. Մարգարյանի ելույթում։ – Արտաքին քաղաքական կոնցեպցիայում որեւէ նորություն չկա, բացի հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ անդամների հասցեին նետած սպառնալիքներից։ Մնացած բոլորը ՀՅԴ-ի ծրագրային դրույթների վերաշարադրանքն է։ Իսկ ՀԹՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքում նույնպես ցցուն կերպով ի հայտ են գալիս տոտալիտար մտածողության ու գործելակերպի հոռի կողմերը։ Հիշո՞ւմ եք՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Ինչպե՞ս կարելի է ժամանակակից զարգացող ու ազատ աշխարհում դեմ լինել երկու հարեւան ժողովուրդների ներկայացուցիչների պարզ շփումներին։ Դա անձնական ազատության, սեփական կարծիքն արտահայտելու եւ այն անկաշկանդ արտահայտելու իրավունքի նկատմամբ ոտնձգություն է։ Իսկ մեր չորս հարեւաններից երեքին տարածքային կամ այլ կարգի պահանջներ ներկայացնող իշխանական այս կուսակցության ֆունկցիոները կարո՞ղ է տրամաբանական բացատրություն տալ, թե ինչո՞ւ նույնպիսի պահանջ չի դրվում ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների կամ Պարսկահայաստանի առնչությամբ։ Թե՞ դա այն գինն է, որ վճարում է ՀՅԴ-ն այդ երկրներում գործելու դիմաց։ Ըստ ամենայնի, հարյուր տարվա պարբերությամբ, ոմանք մեր ժողովրդին ու պետությանը կանգնեցնելու են՝ ամեն ինչ, կամ ոչինչ, երկընտրանքի առջեւ։ Գրեթե 100 տարի առաջ այդ առավելապաշտությունն ու արկածախնդրությունը հանգեցրեց արեւմտահայության բնաջնջմանն ու տեղահանմանը, Կարսի, Նախիջեւանի կորստյանը եւ Ղարաբաղի ենթարկեցմանը Ադրբեջանին։ Բայց հրապարակի վրա եղած առաջին արձագանքներն ու հատկապես կառավարական կոալիցիայի գծով դաշնակիցների գնահատականները հույս են ներշնչում, որ Մարգարյանի ռետրոն չի արտահայտում մեր քաղաքական ու հասարակական հիմնական մտայնությունները։ Եվ դա լավ է. դարանակալ հարված չի կարող լինել՝ բոլորը լավ ճանաչում են բոլորին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել