Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աքսորավայրը 12 տարեկան է

Փետրվար 14,2004 00:00

Աքսորավայրը 12 տարեկան է

«Մալաթիա-Սեբաստիա» համայնքի Րաֆֆու 115 շենքի բնակիչներն անհանգստացած
են իրենց բնակության վայրի հետագա ճակատագրով: Բնակչուհի Օսաննա Հարությունյանի՝
«Առավոտին» ներկայացրած նամակում ասվում է. «1992 թվականին քաղաքապետարանի
կողմից փախստականներին, տեղաբնակներին, Ղարաբաղից գաղթած անօթեւան մարդկանց
հատկացվել է կացարան: 1999-ին կառույցը սեփականության իրավունքով անհատույց
հանձնվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքին»:

Շենքը եղել է գյուղնախարարության բույսերի պաշտպանության լաբորատորիան եւ բնակիչներին է հանձնվել կիսակառույց ու անբարեկարգ վիճակում։ Տիկին Հարությունյանը նշում է, որ 12 տարվա ընթացքում տարածքը նմանվել է աքսորավայրի եւ անհայտ է՝ մինչեւ ե՞րբ: Նա առաջարկում է շենքի ազատ սենյակները հատկացնել ներկայիս ապրողներին: Իր այդ եւ այլ առաջարկություններով տիկին Օսաննան բազմիցս դիմել է թաղապետարան, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Իր հերթին, թաղապետարանի Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետի տեղակալ Նուբար Արիստակեսյանին նա ասաց, որ «բնակիչներն ինքնակամ զավթել են միջանցքները՝ միացնելով իրենց սենյակներին, փակել են երկու շքամուտքերից մեկը՝ վերածելով բնակարանների, ոչնչացրել են սանհանգույցները: Նրանցից ոմանք էլ ինքնակամ վաճառել են իրենց սենյակները: Հիմա թաղապետարանից սենյակներ են պահանջում: Դիմել են թաղապետարան եւ նույնիսկ չեն հետաքրքրվել պատասխանով»: Պարոն Արիստակեսյանը նաեւ նշեց, որ շենքի հարցը կլուծվի, երբ բնակիչները շենքը բերեն նախագծային տեսքի, այսինքն վերացնեն ապօրինությունները, որից հետո միայն թաղապետարանը նվիրատվության կամ այլ ձեւով շենքը կսեփականաշնորհի բնակիչներին:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել