Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աստծո եւ մշակույթի ծառան

Փետրվար 14,2004 00:00

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը այսօր Արարատյան հայրապետական
թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր է եւ միաժամանակ ծավալում
է մշակութային գործունեություն։
«Աստծո նախախնամությունը կա սրանում, մարդ ինքը պետք է լինի հետեւողական՝ ի վերուստ իրեն տրված կոչմանը ծառայելու»,- զրույցի սկզբում ասաց Ա. սրկ. Մանուկյանը։ 8 տարեկանում Անդրանիկ Մանուկյանը նկարահանվել է «Գորանի» երաժշտական ֆիլմում, հետագայում մասնակցել մի շարք հանրապետական փառատոների։ 1983-ին դարձել է համամիութենական մրցույթի դափնեկիր, ապա ընդունվել Երեւանի պետկոնսերվատորիա՝ ստանալով պրոֆեսիոնալ վոկալ կրթություն։ Ավարտելուց հետո հիմնել է «Սասուն» ազգագրական խումբը։ «Ավելի շատ շարականներ էի ուզում երգել ու հոգեւոր դաստիարակություն ստանալ»,- նշեց Ա. Մանուկյանը։ Այս ցանկությունը նրան տանում է ուսանելու Էջմիածնի ճեմարան։ 1992-ին ձեռնադրվելով բարեշնորհ սարկավագ, սկսում է ծառայել տարբեր եկեղեցիներում։ «Ծառայել եմ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, 4 տարի հետո տեղափոխվել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, այնուհետեւ՝ Արարատյան հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր եւ գտնվում եմ առայսօր»,- տեղեկացրեց սրկ. Մանուկյանը։ Եկեղեցում ծառայությանը զուգահեռ, նա հիմնել է ազգագրական երգի-պարի խմբեր. 1994-ին՝ մանկական «Սասուն», 96-ին Օշականում՝ համանուն, 97-ին՝ Աշտարակի մանկապատանեկան ստեղծագործության տան «Անդրանիկ» երգչախմբերը։ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է եկեղեցին նայում սարկավագի մշակութային գործունեությանը, նա պատասխանեց. «Եկեղեցին ինքը ազգային է։ Ես իմ կազմած խմբերով պրոպագանդում եմ ազգային երաժշտություն։ Եկեղեցի ասելով պետք է հասկանալ մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մի պատմություն ու մի երկիր»։

Սրկ. Մանուկյանն իր խմբերով վերջին 15 տարիներին ելույթներ է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում, Ռումինիայում։ Սարկավագի խորհրդով ու անմիջական մասնակցությամբ նկարահանվել են մի շարք հայկական ծիսակատարություններ՝ Զատիկ, Վարդավառ, Վարդանանք, հարսանեկան եւ այլն։ «Մեր ավանդական ծեսերը ներկայացնում ենք նաեւ արտերկրում։ Օրինակ, անցյալ տարեվերջին Ռիգայի հանդիսականը մեծ հետաքրքրությամբ ու ոգեւորությամբ ունկնդիր եղավ հայկական հարսանեկան ծեսին»,- նշեց սարկավագը, շարունակելով, որ աշխարհում մեծ հետաքրքրություն կա հայկական ավանդական երգ ու բանին։ Ըստ սրկ. Մանուկյանի, այսօր թեեւ մեծ է ուշադրությունը դեպի եկեղեցին, բայց հատկապես երիտասարդների շրջանում «զգացվում է հոգեւոր կյանքի, Ավետարանի, ընդհանրապես եկեղեցու պատմության չիմացություն»։ Սրկ. Մանուկյանի նպատակը ազգային մշակույթը, սովորույթները եւ հոգեւոր կյանքը ուսուցանելն ու պրոպագանդելն է։ «Նպատակը՝ նպատակ, բայց պետք է հիշել, որ Աստծո գործերն անքննելի են, ու չես կարող ասել, թե վաղը ինչ կլինի»,- գտնում է նա։ Տարիներ առաջ մտքով անգամ չէր կարող անցկացնել, որ կդառնա եկեղեցու սպասավոր, թեպետ Արեւմտյան Հայաստանում իր սասունցի նախնիներից շատերը ծառայել են եկեղեցուն։ Իսկ տոհմի վերջին քահանան երկրային կյանքից հեռացել է 60-ականների սկզբին. «Ահա թե որտեղ է Աստծո նախախնամությունը»։ Հանդիպման վերջում զրուցակիցս դիմեց այն անհատներին, որոնք փորձում են իրենց շահերին ծառայեցնել եկեղեցին իր սրբություններով։ «Պետք է հիշել, որ նման դեպքում տուժում են ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ եկեղեցին»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել