Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋՈՒՄ

Փետրվար 14,2004 00:00

Կամ ո՞ւմ մահն են գուժում զանգերը

Ուրեմն՝ գերխնդիրը իշխանափոխությունն է։ Հիմնավորումներ՝ ինչքան ասես։ Համ էլ ի՞նչ հիմնավորում, երբ իշխանափոխության ցանկությունն արդեն իսկ ամենամեծ հիմնավորումն է։ Զավեշտն այնտեղ է հասել, որ արդեն գրազ են գալիս առ այն, թե իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ։ Սա երկիր չէ, այլ գողական աշխարհի բացահայտ հանդիպումների, ծպտյալ «ռազբիրատների» եւ գրազ բռնելու գիշերային ակումբ։ Եվ տարօրինակ չի լինի, որ գրազը շահեն երկու կողմն էլ՝ «Առավոտի» խմբագիրը, որովհետեւ համոզված է, որ իշխանափոխությունից բան չի փոխվի, եւ մեր ժամանակների ինքնագովազդվող հերոսը, որովհետեւ չի կասկածում, որ իշխանափոխությունը իրենից է սկսվում, եւ եթե ինքը կամենա առաջնորդել ժողովրդին՝ իրենով էլ կավարտվի՝ որպես սպիտակ մեխակների հեղափոխություն։

Իշխանափոխության մասին ընդդիմադիրներից յուրաքանչյուրը իր պատկերացումն ունի, բոլորը միասին՝ միեւնույնը՝ Քոչարյանը պետք է հեռանա։ Այդպես շարունակելու դեպքում՝ երկրի մահն է գուժում Վազգեն Մանուկյանը։ 99-ի նոկաուտից հետո, ավերակներից բարձրանում է կոտորակված Երկրապահը, որ անուրանալի ծառայություն ունի 98-ի իշխանափոխության գործում։ Խորհրդարանական ընտրություններում պարտված ՀՌԱԿ-ն է երես թեքում իշխանություններից։ Նշանակում է՝ Քոչարյանի հարցը լուծված են համարում կամ փողերն են պրծել։ Խորհրդարանը բոյկոտած ընդդիմադիր երկու թեւերը հազիվ թե այս անգամ բավարարվեն սահմանադրական ճանապարհով։ Գուցե նաեւ՝ ակամա։ Մարդկանց ուսերին սովոր Գեղամյանը գտել է նորից այնտեղ բարձրանալու ամենակարճ ուղին՝ նոր պատերազմ սանձազերծելով պաշտպանության նախարարի դեմ եւ մսխելով մեկամյա վաղեմության հեռուստաբանավեճի կապիտալը։ Եվ իսկապես ծանր է պատրոնին հավատարիմ վերջին մոհիկանի վիճակը. պաշտպանության նախարարը ստիպված է պաշտպանել եւ Իլհամին, եւ Ռոբերտին, որ Ղարաբաղի հարցը ձգձգվի, մինչեւ կամ էշը կսատկի, կամ իշատերը։ Մասոնական պուճուր բացահայտումներով արեւերես են դուրս գալիս ֆինանսական հայտնի աղբյուրներից սնվող մի քանի «ազգայնական» խմբեր՝ առայժմ անհասկանալի, սակայն ստույգ հանձնառությամբ։

Թվում է, իշխանափոխության պատրաստվում են ոչ միայն ընդդիմադիրները։ ԱԺ նախագահ դառնալուց հետո, վերլուծաբանների տպավորությամբ, կարծես միայն դրանով է զբաղված Արթուր Բաղդասարյանը։ ԱԺ աշխատանքները կարգավորելու առիթով քաղաքական խորհրդակցության նախաձեռնողը ազգի հորը վայել խորամանկությամբ կարողացավ կորզել միանգամայն այլ հայտարարություն՝ կապված Ղարաբաղի հարցում ընդդիմության-իշխանության միակարծիք լինելու հետ։ Միամիտ բոյկոտողներ՝ եթե համակարծիք եք երկրի արտաքին քաղաքականությանը, ներքին քաղաքականությունը ի՞նչ է որ, գործ է, անում են, էլի։

Իշխանության մեջ իշխանության թիկունքին իր փորձված բիզն է սրում Դաշնակցությունը։ Նորից միեւնույն կամ-կամը. կամ լրիվ իշխանություն են ուզում, կամ հարմար պահին ճողոպրելու են։ Ըստ լուրերի, ՀՅԴ-ն նույնպես լծված է նախագահի թեկնածուի որոնումներին։ Վստահ եղեք, նրանք առաջարկելու են թեկնածու, որ չի հաղթահարելու նույնիսկ 5 տոկոսը։

Այսպիսով, թվում է, իշխանություն լինելու փաստի հետ միակ հաշտվածը ՀՀԿ-ն է՝ իր աննկուն վարչապետ եւ ճկուն փոխխոսնակ զույգով։ Դե, երկրին անհրաժեշտության պահին միշտ էլ քավության նոխազներ են պետք։

Իսկ մինչ այդ…

Տեղիս մոսկովյան գործակալները լուրեր են տարածում Հայաստանում ուժգնացող հակառուսական տրամադրությունների մասին եւ դաշնակից երկրի մամուլը ընդարձակ վերլուծականներ է տպագրում այդ առթիվ։ Ձեռքերը լվանալու իսկական պատեհություն, երբ նույն ֆոնին գովերգվում է Ադրբեջանում ռուսական դպրոցների անխափան գործունեությունը։ Բաքվում Իրանի դեսպանն է հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության ճանաչման իր երկրի պահանջը։

Ճանաչելով Քոչարյանի լեգիտիմությունը, Արեւմուտքն ընդունեց մեր մենթալիտետը, ինչպես որ կա. դա երկակի չափանիշներով առաջնորդվել չէ, այլ քաղաքական ռեալիզմ։ Այլ բան է, որ ազգային ջոջերի պատկերացրած մենթալիտետը առաջին հերթին խոցելի դարձրեց հենց մեզ եւ մենք ենք երկակի ստանդարտներով առաջնորդվում՝ ձեւով եվրոպացի, բովանդակությամբ ասիացի խաղալով, ու ըստ էության՝ դարձյալ կոմպլիմենտար քաղաքականությամբ։

Իսկ հայաստանյան հեռուստաալիքները միահամուռ, ներքին պայմանավորվածությամբ ղարաբաղյան պատերազմի դրվագներ են ցուցադրում եւ այդ պատերազմում ղարաբաղցիների անուրանալի, սակայն չափազանցված դերակատարության ընդգծումով։ Կարծես անկախության ազդակ Երրորդ Հանրապետության խորհրդանիշը դարձավ ոչ թե հայությանը միավորող Ղարաբաղը, այլ ղարաբաղցիները։

Մի խոսքով, երեւացող նավի վրա ամենավտանգավոր տեղը նավի վրա մնալն է։ Եվ դժվար թե դա ամենավերջինը Քոչարյանը հասկանա։

ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել