Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» հաշտություն է ուզում

Փետրվար 14,2004 00:00

Երեկ
ՀՀ տնտեսական դատարանում շարունակվեց ընդդեմ «ԱրմենՏելի»՝ տրանսպորտի եւ
կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հայցի լսումը։
Հիշեցնենք հայցապահանջը. «ԱրմենՏելը» չէր ենթարկվել նախարարի հրամանին՝ անվավեր ճանաչել հեռախոսավճարի բարձրացման մասին իր հայտարարությունը, ինչի առնչությամբ էլ նախարարը դատարանից պահանջել էր պարտավորեցնել ընկերությանը՝ կատարել իր հրամանը։

Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս, «ԱրմենՏելի» ներկայացուցիչները փորձում էին խուսափել ուղղակի պատասխանից։ Նույնիսկ հարցրին դատավոր Անատոլի Մաթեւոսյանին, թե ինչի՞ վերաբերյալ է այս դատաքննությունը։ Դատավորը նկատեց, որ «այս անգամ «ԱրմենՏելը» դատարան է եկել դատավարության ընթացքը պլանավորած եւ արդեն գրված սցենարով, ըստ որի, պատասխանողի տված հարցերը պիտի լինեն այնքան, որ ժամանակ չմնա առարկությունների եւ բացատրությունների համար»։ Դատավորը նույնիսկ կատակեց. «Քանի որ ձեր սցենարը չի համաձայնեցվել հայցվոր կողմի եւ դատարանի հետ, ես այն անվավեր եմ ճանաչում»։ Ի դեպ, այս անգամ եւս, «ԱրմենՏելի» տված հարցերի մեծ մասը խնդրո առարկային չէր վերաբերում։ Բացի այդ, որպես հարց ձեւակերպված նախադասությունները հնչում էին առարկությունների եւ բացատրությունների տեսքով։ Դրանից զայրացած, դատավոր Մաթեւոսյանը հանեց բոլոր այն հարցերը, որոնք հայցադիմումին չէին վերաբերում։

«ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Գ
եորգիուս Վասիլակիսը հիշեցրեց, որ Հայաստանում իր առաքելությունը դատարաններում հարցեր պարզելը չէ։ Դատավորն էլ իր հերթին հիշեցրեց, որ ինքն «ԱրմենՏելի» բուն առաքելության մասին հիշում է ամեն անգամ հեռախոսի խոսափողը վերցնելիս։ Իսկ ներկաներն ավելացրին. «Մենակ «ԱրմենՏելին» չէ, «ԱրմենՏելի» նախնիներին էլ»։ Դատավորը հարցերը եւ առարկությունները լսելուց հետո մտաբերեց իր «առաքելություններից» մեկը եւ կոչ արեց կողմերին՝ հաշտություն կնքել։ Կոչին առաջինը դրական արձագանքեց «ԱրմենՏելը» եւ խնդրեց ժամանակ հատկացնել տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ արդարադատության նախարարների հետ հանդիպելու համար։ Հայցվորը չառարկեց միջնորդությանը եւ դատավորը որոշեց գործի լսումը հետաձգել մինչեւ մարտի 3-ը։

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել