Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՓՈԹԵ՞Լ ԵՆ, ԹԵ՞ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԵՆ ՓՐԿԵԼ

Փետրվար 14,2004 00:00

Մեր աղբյուրները հաղորդեցին, որ «Էրեբունի» օդանավակայանը փետրվարի 9-ին պատրաստ չի եղել ընդունել Մոսկվայից Երեւան ժամանող «Արմավիայի» ինքնաթիռը:

Իրավասուները սա հերքող որեւէ հիմնավորում չբերեցին «Առավոտի» հարցումներին ի պատասխան, ավելին, իրար հակասող պատասխաններ տվեցին: Սա նշանակում է, որ արտակարգ իրավիճակ է եղել. կամ օդաչուական անձնակազմը արտակարգ իրավիճակում (հնարավոր վթար եւ այլն) է այդտեղ իջնելու որոշում կայացրել, կամ ինչ-որ սխալ է թույլ տրվել: Ինչպես հայտնի է, Քաղավիացիայի գլխավոր վարչությունում դեպքի առթիվ նախաքննություն է ընթանում: Ինքնաթիռների անվտանգ թռիչքը ապահովում են «Հայաերոնավիգացիա» ընկերության դիսպետչերները: Օրվա հերթափոխը՝ Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ, եւ օդաչուական անձնակազմը ժամանակավորապես ազատված են պարտականությունների կատարումից:

«Առավոտի» աղբյուրները մի շարք հանգամանքներ հայտնեցին, որոնք կարեւոր է հրապարակայնացնել մինչեւ նախաքննության ավարտը, որպեսզի հնարավոր վարկածների շարքում դիտարկվի այդ մեկը եւս:

Որպես նախնական պատճառ, հաղորդվել էր, թե «Զվարթնոցի» փոխարեն «Էրեբունիում» վայրէջք կատարելը պայմանավորված էր ուժեղ քամու ուղղությամբ, եւ ինքնաթիռում թեթեւակի տեխնիկական թերություններով: Ուժեղ քամին, որը մայրաքաղաքում չի նկատվել, մասնագետների վկայությամբ, կարող էր ընդամենը փոխել ինքնաթիռի վայրէջքի ուղղությունը, բայց օդանավակայանը փոխելու պատճառ չէր կարող դառնալ: Հարց է մնում այն, թե տեխնիկական թերությունն իրենից ի՞նչ է ներկայացրել, որքանո՞վ էր վտանգավոր, ու՞մ մեղքով էր եւ, վերջապես, թերություն իրո՞ք եղել է, թե խնդիրը օդաչուական կազմի պրոֆեսիոնալիզմի հետ է կապված: «Արմավիայի» մամուլի քարտուղար Գարիկ Սիրոյանի հաղորդմամբ. «օդաչուների մեղքով չի եղել թերությունը: Արտակարգ ոչինչ չի եղել: Ինքնաթիռը հաջորդ օրը թռչել է «Զվարթնոց», այնտեղից էլ՝ Ռոստով: Ցանկացած ինքնաթիռի հետ էլ կարող էր նման բան պատահել»:

Եթե թերությունը չնչին էր, ինչն արժանահավատ է, մնում է անձնակազմի պրոֆեսիոնալիզմի խնդիրը: Դիսպետչերի հորդորներով ինքնաթիռը փոխել է վայրէջքի ուղղությունը՝ օդանավակայանին մոտենալով Երեւանի արեւելյան կողմից: Այդ դիրքից «Էրեբունին» «Զվարթնոցի» ճանապարհին է: Մասնագետների վերլուծությամբ, երբ ինքնաթիռը անցել է «Էրեբունիի» վրայով 400 մետր բարձրության վրա, գետնի տեսանելիության պայմաններում օդաչուները կարծել են, որ հենց դա է «Զվարթնոցը»: Օդաչուները Ռուսաստանից են եղել: Հիշեցնենք, ժամանակին «Արմավիային» բացառիկ իրավունքների տրամադրման ընթացքում տեղանքին ու տարածքին անծանոթ ռուս օդաչուներին նախընտրեցին պրոֆեսիոնալ, բայց հայ օդաչուներից: Այդպես էլ ոչ ոք հստակ չպատասխանեց՝ «Էրեբունիի» դիսպետչերները Էյրբաս U8 509 Մոսկվա-Երեւան չվերթին վայրէջքի թույլտվություն տվե՞լ են, թե ոչ:

«Հայաերոնավիգացիայի» փոխտնօրեն Ավագ Պողոսյանի ասելով, բոլոր օդանավակայանները պատրաստ են բոլոր ինքնաթիռներին ընդունել: Այդպես է, բայց պատասխանը տեսական է: Նա նաեւ ավելացրեց. «եթե իրավիճակը վթարային է, թույլտվությունը պարտադիր չէ, որովհետեւ վթարը կարող է վայրկյանների ընթացքում տեղի ունենալ»: «Արմավիայից» ասացին՝ «եթե ինքնաթիռը գնում է վայրէջքի, չի կարող առանց թույլտվության գնալ»: Իսկ ՔԱԳՎ-ից ընդհանրապես որեւէ տեղեկություն չհաջողվեց ստանալ: Համակարգում աշխատող մասնագետներն ասում են, որ ինքնաթիռի հաճախորդների բախտը բերել է. օդանավակայանի տարածքում կարող էր ռազմական տեխնիկա լինել:

Վերջապես, ինքնաթիռի ուղեւորները մաքսային սահման են հատել, իսկ «Էրեբունին» այդքան ուղեւոր ստուգելու հնարավորություն չունի: Փաստորեն, մեր աղբյուրի պատմելով, նրանք Հայաստանի սահմանը հատել են առանց անձնագրային պատշաճ ստուգման եւ մաքսային զննման:

Մեր տեղեկություններով, փետրվարի 11-ին ՔԱԳՎ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում չի դատապարտվել դեպքը: Իսկ վարչության պետ Սամվել Մարգարյանն ընդգծել է օդաչուների արագ կողմնորոշվելու հատկությունը: Մինչդեռ, լավատեղյակները հավաստիացնում են, որ եթե հանկարծ 80-ական թվականներին Ձձ 134-ի հրամանատար Սամվել Մարգարյանը առանց թույլտվության վայրէջք կատարեր ուրիշ օդանավակայանում, նա ոչ միայն անմիջապես կորակազրկվեր որպես օդաչու, այլեւ նրանով կսկսեին զբաղվել անվտանգության մարմինները:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել