«Դուք՝ հայերդ, սիրում եք հզորներին»
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ
Մամեդովի՝ հայ լրագրողների հարցերին տված պատասխաններն առայժմ թողնում ենք
առանց մեկնաբանությունների։ Երեկ վերջինս «հյուրընկալվել» էր «Միր» հեռուստաընկերության
Երեւանի կենտրոնակայանում՝ Երեւանի մամուլի ակումբի եւ Բաց հասարակության
ինստիտուտի համատեղ ջանքերով կազմակերպված հեռուստակամուրջի շրջանակներում։
Սկսենք «Առավոտի» հարցերից. Մոսկվայից վերադառնալուց հետո, Իլհամ Ալիեւը
հայտարարեց, թե պետք չէ շտապել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, նախ
պետք է տնտեսապես հզորանալ, եւ ժամանակն էլ աշխատում է Ադրբեջանի օգտին։
Ի՞նչ է մտադիր անել Ադրբեջանը տնտեսապես հզորանալուց հետո։
«Իհարկե, այդ հարցն արագ չի լուծվի, թեեւ վատ չէր լինի, որ այդպես լիներ։ Մենք մրցակցում ենք ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ասպարեզներում եւ արդեն իսկ ձեզնից անհամեմատ հզոր ենք։ Ընդ որում՝ բոլոր ոլորտներում՝ թե տնտեսության, թե միջազգային շփումների եւ այլն։ Իսկ երբ տնտեսապես ավելի կհզորանանք, դա ձեզ շատ կհրապուրի, եւ դուք ինքներդ կուզեք լուծել այդ հարցը։ Դուք՝ հայերդ, սիրում եք տնտեսապես հզոր երկրներին եւ սիրում եք ապրել այդպիսի երկրներում»։ «Առավոտ». Ադրբեջանի արտգործնախարար Գուլիեւն ասում է, որ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ոչ մի պայմանավորվածություն չի եղել, մինչդեռ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ի պատասխան հակադարձել է, թե պատրաստ է տրամադրել այդ պայմանավորվածությունները հավաստող փաստաթղթեր։ Ինչպե՞ս կվարվեք, եթե դրանք, այնուամենայնիվ, տրամադրվեն ձեզ։ «Ես ուղղակի վստահ եմ, որ նման բան չկա։ Ազնիվ խոսք, հավատացեք, չկա։ Ես ինքս եմ մասնակցել այդ բանակցություններին։ Ոչ մի փարիզյան կամ քիուեսթյան սկզբունքներ էլ չկան։ Հայկական կողմն ուղղակի ուզում է ինչ-որ բան պարտադրել եւ խեղում է իրականությունը»։
Հ1-ի հարցին՝ ինչո՞ւ եք խոսու
մ տարածքների անխախտելիության ճանաչված սկզբունքի մասին, սակայն մոռանում եք ինքնորոշման նույնքան ճանաչված սկզբունքը, Մամեդովը պատասխանեց. «Թող Ղարաբաղն ինքնորոշվի, բայց՝ Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարությամբ»։ Ապա, «Ազգի» փոխանցմամբ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Տրուբնիկովի բերած՝ Թիմորի օրինակին, հավելեց. «Թիմորն ինքնորոշվել է առաջին անգամ, մինչդեռ հայերն արդեն մեկ անգամ ինքնորոշվել են՝ հանձին Հայաստանի։ Այդ տրամաբանությամբ դուք կարող եք ինքնորոշվել նաեւ այլ արտասահմանյան երկրներում, որոնցում, ի դեպ, մեծ համայնքներ ունեք»։ «Ռեգնումի» թղթակցի հարցին՝ եթե տնտեսապես այդքան հզորացել եք, ապա ինչո՞ւ չեք լուծում ձեր նշած հարյուր հազարավոր ծանրագույն վիճակում գտնվող փախստականների սոցիալական խնդիրները. գուցե նրանց այդպես պահում եք միջազգային հանրությանը ցուցադրե՞լու համար, Մամեդովը առավել քան տարօրինակ պատասխան տվեց. «Այդ հարցն ուղղակի հանեք ձեր գլխից։ Չեմ պատասխանում»։ ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին հայերի մասնակցությունը չթույլատրելուն վերաբերող հարցին ի պատասխան, Մամեդովը նշեց. «Եղելությունը սխալ է մեկնաբանվում։ Դա հենց հայերի սարքած հնարքն էր, որ հետո Ադրբեջանին վատաբանելու առիթ ունենան»։
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ