Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականներն ընդվզեցին

Փետրվար 13,2004 00:00

Մտավորականներն ընդվզեցին Նրան «մտածող եւ հասկացող մարդկանց» միասնության կոչ է արվում Երեկ գրողների տան դահլիճում մտավորականության հավաք էր։ Հունվարի 30-ին տեղի ունեցած նախնական հավաքում, մի քանի տասնյակ մտավորականներ արդեն հայտնել էին նույն մտահոգությունը՝ վտանգված է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի, որպես էթնոսի, ապագան։ Ըստ այդմ, խնդիր է դրվել՝ համախմբել մտավորականներին եւ առաջնորդել ժողովրդական զանգվածներին։ Ուստի երեկ, նախաձեռնող խումբը, որի անդամներն են «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արեւշատ Ավագյանը, ակադեմիկոսներ Ռաֆայել Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Խորեն Պալյանը, նույնիսկ գեներալ Էդ. Սիմոնյանցը եւ այլոք, կազմակերպել էին այս մեծ հավաքը։ Հայ մտավորականությանը հղած կոչում, նախաձեռնող խմբի անդամները համոզմունք են հայտնում, որ. «Բոլոր մտածող ու հասկացող մարդիկ պարտավոր են հանուն հայրենիքի իրենց առաջին քայլն անել՝ համախմբվել եւ միմյանց լսելու ու հասկանալու կամք դրսեւորել»։ Հաջորդ քայլերը դեռ կհստակեցվեն։ «Որեւէ մեկի դեմ պայքարելու մտադրություն չունենք, եթե այդ մեկը հանուն ազգի ինքնության է աշխատում»,- այս բազմանշանակ հայտարարությունն արեց Արեւշատ Ավագյանը եւ իր ճառում համատարած աղքատությունից սկսելով՝ հասավ ազգի հարատեւության խնդիրներին։ «Մենք պետք է հեռացնենք այս բանդային»,- նկատի ունենալով իշխանություններին, ասաց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը։ Իհարկե, մինչ այդ եզրահանգման գալը, նա «շան լափ» թափեց ՀՀՇ-ի գլխին ու ցավով արձանագրեց, որ Հայաստանի երկրորդ նախագահն էլ «շարունակեց նրանց խրախճանքը, որն արդեն սահման չունի»։ Ավելին՝ «ծառայեցրին մտավորական վերնախավը ու էլ ոչնչից չեն վախենում։ Ժողովուրդն արդեն կարծում է՝ չկան ազնիվ մտավորականներ, բայց՝ ո՛չ, մենք շատ ենք։ Ցանկացած կուսակցությունից՝ մեծաքանակ»։ Ի դեպ, Ռ. Ղազարյանի ելույթի ժամանակ, դահլիճում նստած Արշակ Սադոյանը անխռով ննջել էր։ Հնչեց Սիլվա Կապուտիկյանի խոսքի ձայնագրությունը (նա ներկա չէր վատառողջ լինելու պատճառով), որն ընդունվեց որպես հավաքի մանիֆեստ։ Նրանում մասնավորապես ասվում է. «Անկախության հռչակման երկրորդ տասնամյակի շեմին նահանջում է ոգին, օրենքը, արդարադատությունը, դպրոցը, գիտությունը, մշակույթը, ազգային արժեքները, ապագայի հույսը, հայրենիքի հանդեպ ունեցած սերը։ Ո՞վ պիտի կանգնեցնի այս ամենը՝ ընտրություններ պղծած նախագա՞հն ու ԱԺ նախագա՞հը։ Այս նահանջը միայն ժողովուրդը կարող է կանգնեցնել»։ Ի դեպ, այդ հավաքին մասնակցության հրավեր էր ուղարկված բոլոր քաղաքական կուսակցություններին։ Ընդդիմադիր դաշտը ներկայացված էր գրեթե ողջ ներկապնակով։ Իսկ իշխանական կոալիցիայից ներկա էր միայն հանրապետական Արարատ Մալխասյանը։ Վերջինս, մեր հարցին՝ «համաձայն է, արդյո՞ք, հնչեցրած մեղադրանքների հետ», պատասխանեց. «Բավական թերություններ կան՝ ընդունելի է։ Ինչ խոսք, պետք է նաեւ մտավորականների աջակցությունը, սակայն պարզ չէ, թե նրանք ինչ մարտավարություն են ընտրել իշխանություններին օգնելու, որպեսզի ծառացած խնդիրները լուծեն»։ Դիտարկումը, որ խոսքը ոչ թե օգնելու, այլ իշխանությունը փոխելու մասին էր, հանրապետական պատգամավորը հակադարձեց. «Ընտրությունները ցույց տվեցին, թե ով ինչ դեր ունի մեր հասարակական կյանքում»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել