Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄԵՐԱՅԻՆԻՆ ԼԱՎ ՉԵՆ ՆԱՅՈՒՄ

Փետրվար 13,2004 00:00

ԿԱՄԵՐԱՅԻՆԻՆ ԼԱՎ ՉԵՆ ՆԱՅՈՒՄ Համոզված է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը Այս տարի լրանում է Երեւանի կամերային երիտասարդական թատրոնի հիմնադրման 25 տարին: Գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, սակայն, հույս չունի, թե այդ մասին կհիշեն «վերեւներում», որովհետեւ իրենց 20-ամյակն էլ որեւէ մեկը չի շնորհավորել: Թատրոնն այժմ շարունակում է իր 23-րդ թատերաշրջանը: Ինչպես տեղեկացրեց գեղարվեստական ղեկավարը, խաղացանկում ունեն 8 ներկայացում, ընդ որում՝ «Յոթ կատակ Հայաստանից»-ը լրիվ նոր է: Ներկայումս թատրոնը պատրաստում է եւս 2 ներկայացում: «Հույս ունենք, որ մեր թատրոնի պատմության մեջ առաջին անգամ վերջապես պետպատվեր կստանանք: Չգիտես ինչու, մեր թատրոնն արդեն 25 տարի ոչ մի անգամ պետպատվերի մեջ չի մտել: Տարբեր հասարակարգեր են փոխվում, բայց մեր թատրոնի նկատմամբ վերաբերմունքը նույնն է մնում: Կոչումները, լավ բաները մեզ համար չեն, կարծես ուրիշ մոլորակում գտնվող թատրոն ենք»,- նկատեց պրն Երնջակյանը: Խոսելով Կամերայինի «հատուկ» կարգավիճակից, պրն Երնջակյանը նաեւ փաստեց, որ մշակութային օջախների մեջ ամենացածր դոտացիան՝ տարեկան 8 մլն դրամ, իրենց է տրվում: «Դա էլ է «հատուկ» վերաբերմունք, ինչպես եւ Լինսի «Մշակույթ» ծրագրից մեզ դուրս թողնելը: Մինչդեռ, անկախ ամեն ինչից, Կամերային թատրոնն արժանի է ավելի մեծ ուշադրության: Վերցնենք թեկուզ Մաշտոցի պողոտան, ամբողջովին վերանորոգեցին, բացի թատրոնին հարող հատվածից: Մոռացան, որ Մատենադարան էլ կա այստեղ»,- դժգոհեց պրն Երնջակյանը: Վատթար վիճակում են թատրոնի շենքը, տանիքը, ջրագծերը եւ այլն: «Քիչ առաջ Վերնիսաժում էինք, գնել ենք մեզ անհրաժեշտ պարագաները, որպեսզի դերասանների ուժերով գոնե դահլիճը տեսքի բերենք, որ ներկայացման ժամանակ հանդիսատեսին ամեն ինչ բարվոք տեսքով ներկայացնենք»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Երկարատեւ բանակցություններից հետո վերջապես նախարարությունը գումար է հատկացրել օդափոխիչներ ձեռք բերելու համար: Թատրոնի շենքում կառուցվում է նաեւ մի փոքրիկ դահլիճ՝ մանկական ներկայացումների համար։ Մարտի կեսերից մանուկները կարող են դիտել ներկայացումներ՝ ըստ հայ հեղինակների ստեղծագործությունների։ Ա. Երնջակյանի կարծիքով, իր անվան եւ Կամերային թատրոնի հետ կապված ամեն ինչ (այդ թվում՝ «Միսս Հայաստանի» գաղափարը) «հին հայկական ադաթի համաձայն աղտոտել-տարել են»: Մինչդեռ, երբ ինքն էր «Միսս Հայաստան» գործակալության նախագահը, «մեծ հաջողությունների էինք հասել, անգամ «Միսս Եվրոպայում» 5-րդ տեղը համարում էինք պարտություն, 5 տարվա ընթացքում ինչ կոչում ասես, որ չէինք բերել Հայաստան»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ Ա. Երնջակյանը չի՞ պատրաստվում «ազատագրել» իր մտահղացումը նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանից, երբ վերջինս կորցրել է այն պահպանելու բոլոր լծակները: «Ամեն ինչ ջարդուփշուր անել ու նորից սկսել չեմ ուզում: Ամենադաժանն այն էր, որ ժամանակին ոչ ոք, նաեւ մամուլը չզարմացավ, երբ ինձանից հետո այդ գործն սկսեց անել մարդ, որը դրա հետ կապ չուներ: Դրա համար էլ ձախողվեցին»,- ասաց նա՝ նկատի ունենալով «Միսս Հայաստան-2003» տիտղոսակրի՝ «Միսս Աշխարհին» չմասնակցելը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել