Օրենքով կամավորներ Փետրվարի 11-12-ը Ծաղկաձորում «Համաշխարհային ուսուցում» ՀԿ հզորացման ծրագիրը եւ Ամերիկայի հայկական համագումարի ՀԿ կենտրոնը կազմակերպել էին «Կամավորների եւ կամավորականության մասին» օրենքի նախագծի քննարկում: Թեեւ Հայաստանում օրենքով արգելող ոչ մի նորմ չկա, որով մարդն իրավունք չունենա կամավորությամբ զբաղվելու կամ կամավորական աշխատանքներում ընդգրկվելու, սակայն, մասնագետների հավաստմամբ, մեզ մոտ կամավորին պաշտպանող օրենք էլ չկա: Նախագիծը հեղինակած «Համաշխարհային ուսուցում» ՀԿ ՀԾ-ի իրավաբան Տաճատ Ստեփանյանի եւ քննարկմանը ներկա տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների կարծիքով, կամավորներ ունեցող կազմակերպությունները պետության կողմից որեւէ արտոնություն կամ աջակցություն չեն ստանում, եւ հենց դրա համար էլ իրավական կարգավորման անհրաժեշտություն կա: Բացի այդ, վերջիններիս խոսքերով, օրենքը նաեւ նպատակ ունի Հայաստանում խթանելու կամավորական գործունեությունը: Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը, կողմ լինելով հանդերձ օրենքի գոյությանը, պնդում էր, որ վերոնշյալ կազմակերպություններն ընդամենն արտոնություններ պահանջելու խնդիր են դնում՝ մեջտեղ բերելով կամավորներին: «Շատ հաճախ կամավորական պայմանագրերը, որ կնքվում են կազմակերպության ղեկավարների հետ, քողարկված պայմանագրեր են, որոնց նպատակն է՝ թաքցնել մեկ այլ գործարք»։ Տ. Մուկուչյանի համար անհասկանալի էր, որ մարդն իր ամբողջ ժամանակը կարող է տրամադրել կամավոր աշխատանքին՝ առանց վարձատրության: Վերջինս համոզված է, որ խոսքն այս դեպքում ֆենոմենալ ալտրուիզմի մասին չէ: «Մեդիա գրուպ» լրատվական հ/կ իրավաբան Էդմոն Մուրաքյանը նշեց, որ օրենքի բացակայությունից՝ կամավորներ ունեցող հ/կ-ները միշտ խնդիրներ են ունենում սոցիալական ապահովագրության եւ կենսաթոշակային հիմնադրամի հետ: Վերջիններս կամավորներին դիտարկում են որպես վարձու աշխատող եւ պարտադրում են սոցվճարումներ կատարել: Օրինակ, վերջերս կենսաթոշակային հիմնադրամը 652 հազար դրամի ակտ է ներկայացրել «Մեդիա գրուպ»-ին՝ կամավորների հետ կապված: Հայցը վիճարկվել է տնտեսական դատարանում, «Մեդիա գրուպը» շահել է դատը, բայց հիմնադրամը դիմել է վճռաբեկ դատարան: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ