Լրահոս
Օրվա լրահոսը

Ու՞ր են պատճենները

Փետրվար 13,2004 00:00

Ու՞ր են պատճենները «Մեզանից ոչ ոք չգիտի, թե ինչի՞ մասին են պայմանավորվել Հեյդար Ալիեւն ու Ռոբերտ Քոչարյանը, քանի որ այդ բանակցությունների արդյունքները որեւէ փաստաթղթում արձանագրված չեն»,- Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի այս միտքը, որը նա դեռեւս անցած տարվա դեկտեմբերին Ժնեւում հայտնել էր «Մեդիամաքսի» հատուկ թղթակցին, միայն առաջին հայացքից է զավեշտական: Իսկ զավեշտական է ահա թե ինչու: Տրամաբանությունը հուշում է, որ Քոչարյանի եւ հայր Ալիեւի միջեւ ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին Հեյդար Ալիեւից բացի, իմացել է նաեւ հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես անմիջական պայմանավորվող կողմ: Քոչարյանն այդ մասին, բնականաբար, տեղեկացրել է նաեւ Մինսկի խմբի համանախագահներին եւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Ենթադրելի է, որ Հեյդար Ալիեւն էլ իր հերթին է «կիսվել» համանախագահների հետ, ինչպես նաեւ իրազեկել է իր ենթակա արտգործնախարարին՝ թեկուզեւ այն բանի համար, որ վերջինս իմանա, թե հետագայում ինչից է հրաժարվելու: Միով բանիվ ստացվում է, որ այդ խորհրդավոր պայմանավորվածությունների մասին իմացել է առնվազն յոթ սուբյեկտ՝ երկու նախագահ, երկու արտգործնախարար եւ երեք համանախագահ: Որոշ ժամանակ անց Հեյդար Ալիեւը վախճանվում է, «իրազեկվածների» թիվը յոթից հասցնելով վեցի, ինչը նույնպես պատկառելի թիվ է: Սակայն դա Ադրբեջանի արտգործնախարարին ամենեւին չի խանգարում հայտարարել, թե ինքը տեղյակ չէ համատեղ պայմանավորվածության արդյունքում արձանագրված սկզբունքներից: Կարող է հարց ծագել. իսկ ինչու՞ են լռում մնացածները, եւ ինչո՞ւ Գուլիեւը նրանցից ամենեւին չի քաշվում: Իհարկե իրազեկվածներից ոչ բոլորն են լռում: Օրինակ՝ Վարդան Օսկանյանը բավականաչափ էմոցիոնալ արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարարին, նրան մեղադրելով ստախոսության մեջ եւ խոստացավ տրամադրել պայմանավորվածությունների արձանագրության պատճենը, ինչն, ի դեպ, նա այդպես էլ չարեց: Հենց այստեղ է, որ Օսկանյանը չստացավ անհրաժեշտ աջակցություն մյուս իրազեկվածների ու, մասնավորաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Ինչո՞ւ: Հետեւությունը գրեթե միանշանակ է. վերջին շրջանում տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, որոնք զգալիորեն ամրացրել են Ադրբեջանի դիրքերը՝ համապատասխանաբար՝ թուլացնելով Հայաստանինն ու Ղարաբաղինը: Նկատենք, որ խոստացված պատճենները ոչ միայն չտրամադրվեցին Բաքվին, այլեւ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանն ադրբեջանցի լրագրողների մասնակցությամբ կայացած հեռուստակամուրջի ժամանակ խիստ դիվանագիտորեն շրջանցեց այդ հարցը: Իսկ նշյալ «թաքնված» գործընթացների առնվազն արտաքին ատրիբուտներն ակնհայտ են: ԵԽ-ն եւ ԵՄ-ն ընդունեցին ոչ հայանպաստ փաստաթղթեր: Ընդ որում, Եվրախորհրդում ՀՀ-ի դաշնակից ռուսներն ուղղակի ապշեցրին իրենց ցցուն անտարբերությամբ: Ապա կայացան Իլհամ Ալիեւի «տրիումֆալ» այցերը Փարիզ եւ Մոսկվա, որոնցից վերջինի ժամանակ ստորագրվեց ոչ անհայտ «Մոսկովյան հռչակագիրը»: Վերջապես, ինչպես Ալիեւը, այնպես էլ Սահակաշվիլին Կրեմլին հրապարակավ հավաստեցին, որ չեն պատրաստվում իրենց երկրներում ամերիկյան ռազմակայաններ ընդունել: Ի հավելումն, Վիլայաթ Գուլիեւը բոլորովին վերջերս հայտարարեց. «Բաքուն լրիվ իրավունք ունի ղարաբաղյան կարգավորման բանակցությունները սկսել զրոյից»: Այնպես որ, զավեշտական ոչինչ չկա. ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել