Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չունենք քաղաքական մշակույթ

Փետրվար 13,2004 00:00

Ինչու չունենք քաղաքական մշակույթ Ըստ ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ իշխանության կամքով, ըստ Գայանե Մարկոսյանի՝ նաեւ հասարակության մեղքով: «Քաղաքական բանավեճի ակումբում» երեկ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ՀՀ ԿԸՀ-ի ներկայացուցիչների, քաղաքագետների եւ լրագրողների մասնակացությամբ քննարկվում էր «Ընտրությունները եւ քաղաքական մշակույթի դրսեւորումները» թեման: Հիմնական բանախոսը հիշյալ ակումբի անդամ Գայանե Մարկոսյանն էր: Նրա կարծիքով, ընտրությունները, որպես՝ «հասարակություն-պետություն» փոխհարաբերությունների անմիջական շփում, քաղաքական մշակույթի յուրատեսակ ստուգատես են: Ըստ Գ.Մարկոսյանի, այդ ընտրությունները կարող են ազդարարել քաղաքական մշակույթի փոփոխման կամ նորի ձեւավորման մասին, եթե կա երկուստեք պատրաստակամություն: «Արդյո՞ք «ներդաշնակ» էին նշված երկու կողմերի քաղաքական մշակույթի դրսեւորումները 2003 թ. ընտրական գործընթացներում: Կարծում եմ՝ այո»,- այսպիսին էր բանախոսի տեսակետը: Ըստ նրա, 2003-ի ընտությունների ժամանակ ստեղծված իրավիճակի եւ ստացված արդյունքների համար մեղքը հավասարաչափ կիսում են եւ իշխանությունները, եւ հասարակությունը, վերջինս նրա համար, որ հանդուրժում է իշխանությունների «մեր դեմ խաղ չկա» գործելաոճը: Գ.Մարկոսյանը որպես պետություն-հասարակություն փոխհարաբերության, ուստիեւ՝ քաղաքական մշակույթի դրսեւորման լավագույն օրինակ համարեց 1988-90թթ. ԳԽ եւ 1991թ. նախագահական ընտրությունների փորձը. «Այն ժամանակ մեզ մոտ ո8217չ ժողովրդավարությունն էր կայացած, ո8217չ էլ մենք ձերբազատված էինք բռնապետական քաղաքական մշակույթի կապանքներից, բայց եւ այնքան հզոր էին համընդհանուր շահի գիտակցումը եւ այդ շահի իրականացման գործին սեփական ներդրումը մատուցելու ցանկությունը, որ այն երաշխավորեց «պետություն-հասարակություն» հարաբերությունների ճիշտ ընթացքը եւ որպես ածանցյալ՝ արդար ընտրությունները»: Բանավեճի մասնակիցներից հատկապես ընդդիմադիր գործիչներ Շավարշ Քոչարյանն ու Հրանտ Խաչատրյանը համաձայն չէին, թե քաղաքական մշակույթի բացակայության համար մեղավոր է նաեւ հասարակությունը: Նրանք հակված էին կարծելու, որ դրա մեղավորն իշխանություններն են, որոնք հակառակ հասարակության կողմից իր կամքն արտահայտելու պատրաստակամության, վերջինիս ձայները կեղծելը դարձրել են քաղաքական մշակույթ: «Հայ ժողովուրդը պատրաստ է եվրոպական ամենաբարձր չափանիշներով ընտրություններ անցկացնել: Սա եվրոպական դիտորդների գնահատականն է: Սրան խանգարողը քաղաքական վերնախավն է, ռեժիմը»,- հայտարարեց Շ.Քոչարյանը: ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը կարծիք հայտնեց, թե ընդդիմության՝ իշխանությունը զավթած ռեժիմին փոխելու կոչերով, քաղաքական մշակույթ չես ձեւավորի: Հ.Առաքելյանը հավելեց, որ «այսօր քաղաքական մշակույթ ձեւավորելու համար եւ ընդդիմությունը, եւ իշխանությունները, եւ հասարակական կազմակերպությունները, նաեւ ԶԼՄ-ները պետք է աշխատեն համագործակցված»: ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանն էլ իբրեւ քաղաքական մշակույթի բացակայության մեղավոր մատնանշեց իշխանություններին եւ նկատեց, թե նրանք շահագրգիռ էլ չեն նորմալ քաղաքական մշակույթ ձեւավորելու հարցում: Որպես փաստարկ նա բերեց հետեւյալը. «Ինչի մասին է խոսքը, եթե երկրի նախագահը հարկ չի համարում հանդիպել, զրուցել, բանավիճել ընդդիմադիր ուժերի հետ, այլ՝ սահմանափակվում է իշխանական կուսակցությունների հետ հանդիպումներ կազմակերպելով»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել