Սուսաննա Մարգարյանը ուզում է դառնալ մարդու իրավունքների պաշտպան, սակայն իր ցանկությունն իրականացնելու ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում։
«Ջուլիաննա» իրավախորհրդատվական կոոպերատիվի իրավաբանական բաժնի պետ Սուսաննա Մարգարյանը հավաստիացնում է, որ ինքը վերջին 3,5 տարում ՀՀ նախագահին եւ գլխավոր դատախազին ավելի քան 3 տասնյակ նամակ է գրել, որոնցից յուրաքանչյուրով մոտ 30 կոռումպացված չինովնիկ է բացահայտել։ Այժմ տիկին Մարգարյանը փորձում է ՀՀ նախագահին պաշտպանել նախագահի աշխատակազմից, գլխավոր դատախազին՝ դատախազության աշխատակիցներից։
«Իմ գրությունները գողացվում են, նախագահն ու գլխավոր դատախազը տեղեկացված չեն իրենց ուղղված նամակներից»,- հայտարարում է Սուսաննա Մարգարյանը։ Արդյունքում, «գրեթե վստահ եմ, որ նախագահը իր վարչակազմում կատարվող հանցավոր օրինազանցություններից բացարձակ անտեղյակ է, ուստիեւ վտանգված է նախագահի գործունեությունը։ Աշխատակազմի այս քայլերը ուղղված են նախագահին գահընկեց անելուն։ Նույն իրավիճակն է նաեւ գլխավոր դատախազությունում»։ Սուսաննա Մարգարյանը դիմել է մեր օգնությանը՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու ոդիսականից հետո։ «2003-ի նոյեմբերի 5-ին 29 էջանոց նամակ (կենսագրական եւ այլն) եմ գրել ՀՀ նախագահին՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջարկելով իմ թեկնածությունը։ Երեք ամիս պատասխան չեմ ստացել։ Հունվարի 23-ին նորից եմ դիմել՝ հիշեցման եւ նախազգուշացման կարգով։ 8 օր անց ինձ հրավիրել են նախագահի աշխատակազմ։ Իմ դիմումը գրանցված չէր, ինձնից էլ անօրեն հարկադրանքով վերցրին ինձ հասցեագրված իրենց նամակը, որ փաստ չունենամ, թե այնտեղ եղել եմ»,- պատմում է Ս. Մարգարյանը։ Կատարվածի մասին նա տեղեկացրել է ԵԱՀԿ, ԵԽ գրասենյակներին, ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԺ-ին. «Թող ԱԺ-ն էլ տեղեկանա, որ այլ թեկնածուներ կան»։
Ս. Մարգարյանը դիմել է նաեւ Շենգավիթի դատախազություն՝ փաստաթղթերի կորստյան փաստի առթիվ եւ Կենտրոնի առաջին ատյանի դատարան՝ «մինչեւ իմ դիմումին պատասխանելը՝ կասեցնել մարդու իրավունքների պաշտպանի նշանակման գործընթացը»։ Տարբեր ժամանակներում գրած իր դիմումներում Մարգարյանը նախագահի աշխատակազմին կոչ է անում «չփորձարկել նախագահի վեհ անունը», չինովնիկներին անվանում է «շուկայում խնձոր թռցնողներ» եւ «նախագահի վստահությունը չարաշահողներ»։ Իսկ դատախազությանը (որի աշխատակիցների մի մասին համարում է «գլխավոր դատախազին հասցեագրված թղթերը կրծող առնետներ») առաջարկում է ստուգել ՀՀ նախագահի վարչակազմի ամբողջ գործունեությունը։ «Ահա թե որտեղից պետք է սկսել եւ ումից պետք է առաջնահերթ զգուշանա երկրի ղեկավարը»,- եզրակացնում է Ս. Մարգարյանը։ Անուններ հրապարակելուց հրաժարվելով, մեր զրուցակիցն ասաց. «Վտանգվում է մեր պետականությունը։ Իմ թեկնածությունն առաջադրելով՝ անձնական շահ չունեմ։ Գիտեմ, որ այդ ինստիտուտը չի գործելու, եթե մարդու իրավունքների պաշտպանի նորմալ ընտրություն չանցկացվի»։ Սուսաննա Մարգարյանը իր դիմումներում ներկայացրել է նաեւ օմբուդսմեն դառնալու իր նպատակները՝ «ասել ճշմարտությունն իմ կառավարությանը, արդարադատությունն ուղղելը»։
ՀՀ նախագահի աշխատակազմի՝ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանից տեղեկացանք, որ Մարգարյանի դիմումը ստորագրված չի եղել, ուստիեւ չի գրանցվել նամակների բաժնում, նա այդ մասին տեղեկացել է այցի ժամանակ, տիկնոջից վերցրել են այցի ծանուցագիրը, քանի որ կարգն է այդպիսին։ Իսկ ճի՞շտ է, որ նախագահին հասցեագրված դիմումները նրան չեն հասնում՝ հարցրինք Աիդա Ասատրյանին։ «Շատ հարցեր տվեցիք։ Մարգարյանը ստացել է իր հարցերի սպառիչ պատասխանը»,- այդպիսին եղավ պատասխանը։
Իսկ ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման բաժնի պետ Աղասի Չիթչյանն էլ ասաց. «Մենք լավ ենք ճանաչում Մարգարյանին էլ, նրա ղեկավարին էլ։ Կոպիտ ասած՝ ձեռքներն ամեն ինչի գցում են։ Անհնար բան է, որ դիմումները Թամազյանին չհասնեին։ Եթե Թամազյանի մակագրությունը չլինի՝ ոչ ոք իրավունք չի ունենա զբաղվել այդ նամակով։ Մենք (պետական շահերի պաշտպանության վարչությունը) քննարկել ենք դիմումները եւ բազմիցս պատասխանել Մարգարյանին»։
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ