Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ՊԵՏՔ Է ԶՐԿՎԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

Փետրվար 13,2004 00:00

Ընդդիմադիր բոյկոտողնե՞րը, թե՞ իշխանամետ կոճակ սեղմողները

ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմադիր պատգամավորներին իշխանությունը քննադատում է հետեւյալ կերպ. եթե բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը, ուրեմն պետք է ամբողջությամբ բոյկոտեն՝ հայտարարությունները, «Խորհրդարանական ժամը», հարցուպատասխանը եւ մյուս հնարավորությունները, այդ թվում նաեւ աշխատավարձ ստանալու հաճույքը։ Իրենք՝ ընդդիմադիր պատգամավորները, ամենեւին համաձայն չեն վերը նշված մտքին, քանի որ վստահ են՝ իրենք օրենսդիր աշխատանքի չեն մասնակցում, բայց եւ անգործ չեն, ամեն օր աշխատանքի են գնում եւ հալալ քրտինքով վաստակում են իրենց հացը։

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից եւս փորձեցինք գնահատական ստանալ մինչ այդ հիշեցնելով, որ նույն «Հանրապետական» խմբակցությունում, նաեւ այլ իշխանամետ խմբերում ու խմբակցություններում քիչ չեն այն պատգամավորները, ովքեր դեպքից դեպք են հայտնվում խորհրդարանում, այն ժամանակ, երբ հարկավոր է ինչ-որ օրինագիծ «սղացնել»։ Հետեւաբար, «կոճակ սեղմողները» եւս աշխատավարձ են ստանում եւ որեւէ մեկի մտքով չի անցնում այդ բանը երեսով տալ, մանավանդ՝ հենց այդ «կոճակ սեղմողները» աշխատավարձի կարիք ամենեւին չունեն։

Գալուստ Սահակյանն ասաց, որ իր գլխավորած խմբակցությունում կոճակ սեղմողներ չկան. «Կոնկրետ աշխատանքի բաժանում կա։ Խորհրդարանական աշխատանքը միայն տեղի-անտեղի հարցեր տալը կամ ելույթներ ունենալը չէ։ Դա ավելի բարդ աշխատանք է, քան մենք պատկերացնում ենք ընդհանրապես։ Ինչ վերաբերում է բոյկոտին, ապա կան քաղաքական ուժեր, որ մտածում են, թե այս դեպքում պետք է ետ կանչելու մեխանիզմ լինի։ Վերջնականը ժողովուրդը կորոշի՝ չորս տարի անց կրկին ընտրի՞, թե չընտրի տվյալ պատգամավորին, այնպես որ նոր բան պետք չէ առաջարկել։ Աշխատավարձի հետ կապված հետեւյալը կասեմ։ Ընդդիմության գործառույթը քաղաքական է եւ, կարծում եմ, հետագա բեւեռացումներ չեն լինելու։ Բայց կա պատասխանատվության խնդիրը։ Յուրաքանչյուր գործառույթ սկսելուց առաջ քաղաքական ուժը պիտի նաեւ հայտարարի, թե ինչի համար է պատասխանատու»։ Գալուստ Սահակյանը նկատեց, որ ընդդիմության մեջ եւս չի գործում միասնական պայմանավորվածություն։ Ոմանք հայտարարում են, թե կմասնակցեն հանձնաժողովների նիստերին, ոմանք էլ չեն թաքցնում, որ ցանկություն ունեն իրենց հեղինակած օրինագծերի քննարկմանը մասնակցել, ուրիշները կարծիք են հայտնում, թե կարելի է ընդհանրապես պատգամավորական մանդատը ցած դնել. «Այսինքն, սկզբում հայտարարված գործողությունը իր շարունակությունը չունեցավ։ ԱԺ նախագահի հետ մեր հանդիպումը տարակարծությունների տեղիք տվեց։ Ոմանք կարծում էին, թե պիտի հանդիպենք, ասենք՝ լավ, էլի, եկեք մասնակցեք, իրենք էլ պիտի ասեն՝ չէ, չենք գալիս՝ այս-այս պահանջներն ունենք։ Իրականում մեր հանդիպման նպատակն էր պարզել՝ քաղաքական դաշտում համագործակցության խնդիր ունե՞նք, թե՞ չունենք»։

Մեր կրկնակի հարցմանը՝ համաձա՞յն եք պաշտպանության նախարարի այն մտքին, որ եթե ընդդիմությունը չի գալու խորհրդարան, ուրեմն պետք է նաեւ հրաժարվի աշխատավարձից, պրն Սահակյանն ասաց. «Դրա մեջ հստակ տրամաբանություն կա։ Վերջին հաշվով, աշխատանքի համար է մարդը վարձատրվում։ Քաղաքական տեսակետից, կարծում եմ, դեռ այդպիսի ծայրահեղությունների գնալու ժամանակը չէ»։

ՕԵԿ խմբակցության անդամ, պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի կարծիքով, ընդդիմության պահվածքը նրա դիրքորոշման արդյունք է. «Քաղաքական ուժը դիրքորոշումը ընտրում է ըստ իր ցանկության։ Ընդդիմությունը այս դեպքում մասնակցում է խորհրդարանի աշխատանքի քաղաքական բլոկին եւ չի մասնակցել օրինաստեղծ աշխատանքին։ Սա, ամենայն հավանականությամբ, մասնակի բոյկոտ է։ Սա իրենց խնդիրն է։ Մենք կարող ենք ասել, իհարկե, խիստ ցանկալի է, որպեսզի ընդդիմությունը մասնակցի նաեւ օրինաստեղծ գործունեության, որովհետեւ սա հարստացնում է քննարկումները։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ես չեմ կարծում, որ պետք է աշխատավարձ չստանան։ Սակայն կան իրավական ընթացակարգեր, որոնց պետք է իրավաբանները պատասխանեն»։ Իսկ իշխանամետ կոճակ սեղմողները աշխատավարձ պե՞տք է ստանան։ Ըստ Մհեր Շահգելդյանի, «խորհրդարանի ակտիվությունը պետք է բարձր լինի, թեպետ այլ երկրների խորհրդարաններում ավելի քիչ մարդիկ են մասնակցում քննարկումներին, բայց դրանք բարեփոխված երկրներ են, իսկ մենք անցումային ենք եւ մեր խորհրդարանի մասնակցությունը պետք է ավելի բարձր լինի»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել