«Անբարո գործարք» Գրողների միության պոլիկլինիկան վաճառվել է վերեւների» ճնշմամբ Երեկ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ ՀԳՄ վարչության մի շարք անդամներ լրագրողներին փոխանցեցին իրենց վրդովմունքն ու զայրույթը՝ Գրողների միության Կասյան փողոցում գտնվող «Մագնոլիա» պոլիկլինիկայի վաճառքի վերաբերյալ: Այս խնդրին «Առավոտն» անդրադարձել է իր փետրվարի 5-ի համարում: Ըստ Լեւոն Անանյանի, նշված տարածքը սեփականաշնորհելու հայտ Գրողներ ի միությունը Արաբկիրի թաղապետարան է ներկայացրել դեռեւս 2002 թվականին: Ե՛վ նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանը, ե՛ւ գործող թաղապետ Լեւոն Հարությունյանը գրողներին հավաստիացրել են, որ խնդիր չկա եւ տարածքն անպայման կսեփականաշնորհվի գրողներին: «Սակայն ամիսներ շարունակ ավագանու նիստ չեղավ: Փաստորեն, փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ»,- հայտարարեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Տարածքը 4,3 միլիոն դրամով վաճառելը Անանյանը համարում է «անբարո գործարք, որը լայն արձագանք է գտել գրողների շրջանում»: «Միթե կարելի է ոտնահարել բարոյական արժեքները: Երեւի աշխարհում չկա մի նախադեպ, երբ գրողների ունեցվածքը վերցնեն նրանց ձեռքից: Նորմալ երկրում թաղապետին անվստահություն կհայտնեին»,- կարծում է ՀԳՄ նախագահը: Այսքանից հետո, գրողները ընդդեմ Արաբկիրի ավագանու որոշման հայց են ներկայացրել Արաբկիրի առաջին ատյանի դատարան: Իսկ երբ թաղապետից փորձել են ճշտել նման քայլի դրդապատճառները, վերջինս գրողներին պատասխանել է, թե մի յոթ-ութ պաշտոնյա իրեն միջնորդել է, որ տարածքը աճուրդով վաճառվի: Իսկ թե ով է միջնորդել՝ գրողները չգիտեն: Հավաքված գրողները բավականին հուզված ու վրդովված էին, ուստի շատերը հարկ համարեցին իրենց մտահոգությունը փոխանցել լրագրողներին: Արեւշատ Ավագյանը, մասնավորապես, նշեց «Սա ծրագրված հակամշակութային քաղաքականություն է, որ գալիս է նախորդ իշխանություններից: Կորցրինք Մշակույթի հայկական ֆոնդի տարածքները, հետո Հանրագիտարանի շենքը»: Ըստ Լեւոն Անանյանի, «մեր մշակութային կենտրոնը դատարկվում է, կորուստներ ենք ունենում եւ միայն պայքարելով է հաջողվել պահպանել Գրողների Սեւանի հանգստյան տունն ու լողափի մի մասը, ՀԳՄ շենքը: Հիմա էլ խոսակցություններ կան, որ ուզում են սեփականաշնորհել ՀԳՄ շենքին հարող հողակտորը»: ՀԳՄ անդամներից մեկն էլ, ցույց տալով դահլիճի պատերին փակցված հայ դասականների նկարները, ասաց. «Այ, այս մարդկանց պոլիկլինիկան են վաճառում»։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ