ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ Վերջերս Մեծ Բրիտանիա էր այցելել ԱՆ կալանավայրերի վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը՝ ցմահ դատապարտվածների պահման պայմանների, նրանց հետ տարվող սոցիալական աշխատանքների եւ նմանատիպ այլ պրոբլեմներն ուսումնասիրելու նպատակով: Համեմատելով մեր եւ Մեծ Բրիտանիայի պես զարգացած երկրի քրեակատարողական հիմնարկները՝ պրն Մելքոնյանն առաջնային է համարում ցմահ դատապարտվածների պահելու պայմանների խնդրի լուծումը: Ըստ նրա, «չունենք նրանց հետ աշխատելու կարգ, ենթաօրենսդրական հիմք»: Անգլիայում ցմահ դատապարտված՝ չի նշանակում ցմահ գտնվել բանտում, այլ պարզապես՝ ցմահ լինել հսկողության տակ: Քրեակատարողական հիմնարկներն Անգլիայում 4 տիպի են բաժանված՝ A՝ փակ, B՝ կիսափակ, C՝ կիսաբաց, D՝ բաց: Ի սկզբանե դատարանն է որոշում, թե տվյալ անձը քանի տարի պետք է «փակ» մնա: Սակայն այս պայմաններում էլ նույնիսկ կալանավորը հնարավորություն ունի հեռակա ուսուցում ստանալու՝ ինտերնետի միջոցով դասախոսների հետ կապ հաստատելով ու քննություններ հանձնելով: Այստեղ հնարավոր է ստանալ թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն կրթություն, եւ նույնիսկ՝ երկրորդ մասնագիտություն: «Աչքի է զարնում դատապարտյալների զբաղվածության ապահովումը: Կալանավայրերը հագեցած տեխնիկայով արտադրամասեր ու արհեստանոցներ ունեն: Սակայն այստեղ էլ պահպանվում են մարդու աշխատանքային իրավունքները, նրանց երբեք չեն շահագործում: Կալանավորներն ստանում են աշխատավարձ, եւ անգամ որոշակի սահմանից հետո ֆոնդերին փոխանցումներ են անում»: Ի դեպ, դատապարտյալին չեն պարտադրում աշխատել, եւ մինչ նրան աշխատանք չեն առաջարկել, նա կարող է ազատ զգալ բանտային ծառայություններից օգտվելու հարցում: Բայց եթե նա հրաժարվի աշխատել, ընդհանուր աշխատանքի ժամին պետք է մնա խցում, մինչդեռ աշխատողներն էլ օգտվում են հատուկ արտոնություններից: Աշխատանքի, սպորտի կամ այլ ոլորտներում ձեռք բերված հաջողությունները գումարվում են եւ՝ սոցիալ-հոգեբանական բաժնի աշխատակիցների համար դառնում են գնահատման չափանիշ: Գալիս է ժամանակը, եւ իր հավաքած գնահատականով դատապարտյալն անցնում է հաջորդ տիպի հիմնարկություն: Սակայն եթե հաջորդ փուլում լավ չդրսեւորի իրեն, կարող է նորից հետ գնալ՝ նույն ճանապարհը կրկին անցնելու: Վերջին փուլի՝ 4-րդ տիպում պահվող բանտարկյալների համար բանտը հանրակացարան է, միայն քնում է այնտեղ: Մեզ մոտ առայժմ քննարկվում է այս մեթոդների կիրառման հնարավորությունը եւ, ըստ Վ. Մելքոնյանի, չի բացառվում, որ այդ մեթոդները մեզ մոտ չաշխատեն. «արդյոք հասարակությունը պատրա՞ստ է ընդունել մարդասպանին, արդյոք մարդիկ, եւ առաջին հերթին տուժող կողմը մարդասպանին ընդունո՞ւմ է իբրեւ արդեն փոխված մարդ, հավատո՞ւմ է, որ 10 տարի առաջ իր հարազատին սպանած մարդն այլեւս այն մարդը չէ: Հասարակությունը ներողամիտ պետք է լինի, իսկ դրա համար մեծ հոգեբանական աշխատանք է պետք»: Ընդ որում, հոգեբանական աշխատանք պետք է տանել ե՛ւ հասարակության, ե՛ւ նախկին հանցագործի հետ: Իսկ դրա համար մեր քրեակատարողական հիմնարկները պետք է հնարավորություն տան կալանավորներին՝ փոխվելու, որպեսզի նրանք առավել չարացած դուրս չգան հասարակություն: Առաջին քայլերն արդեն արվել են: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում եւ հիմնարկներում ձեւավորվել եւ գործում են սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժինները: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը մարտ ամսին կներկայանա միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններով. խցերն ավելի վառ գույներ կունենան, կահույքը կնորացվի: Նոր շենք կհատկացվի Վանաձորի մեկուսարանին: Ի դեպ, եթե Անգլիայում պահակազորին եւ փշալարերին փոխարինում են տեխնիկայի վերջին միջոցներով հագեցած արտաքին պատերը, ապա զուգարանների հարցում նրանք մեզ հավասար են. նրանց խցերում էլ զուգարանները պատով չեն առանձնացված: Դա արվում է անվտանգությունից ելնելով, որպեսզի ինքնավնասման եւ նմանատիպ այլ դեպքերը բացառվեն, եւ կալանավորը միշտ բաց դաշտում լինի: Պարոն Մելքոնյանը կողմնակից է զանազան խրախուսական քայլերի: Օրինակ, հնարավոր է կիրառել Անգլիայի մեթոդը՝ տեսակցության համար. «կան արտոնյալ տեսակցություններ՝ հարազատների հետ սեղանի շուրջ ազատ նստած, կարող են տեղաշարժել աթոռները, իսկ ոչ արտոնյալը ենթադրում է անշարժ աթոռներին նստած զրուցել, չհաշված խստագույնը, որ ապակու հետեւից է իրականացվում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ