Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ՞ ՏՈԿՈՍՈՎ ԿՄԱՔՍԱԶԵՐԾԵՍ

Փետրվար 12,2004 00:00

ՔԱՆԻ՞ ՏՈԿՈՍՈՎ ԿՄԱՔՍԱԶԵՐԾԵՍ Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանն իր վերջին ասուլիսում համակարգի հաջողությունը կապեց նաեւ մաքսային վարչարարության կատարելագործման ու բարելավման հետ: Հակառակի պես, դրան զուգահեռ, «Առավոտին» հայտնի դարձավ այդ վարչարարության «մեխանիզմներից» մեկը, որով մաքսավորներին հաջողվում է միաժամանակ շրջանցել պետբյուջեն, խանգարել տնտեսվարողի գործին, ազդել շուկայի գնագոյացմանը (դեպի թանկացում), հարստացնել սեփական գրպանը: Եվ այս ամենով հանդերձ՝ անպատիժ մնալ: Մի շարք գործարարների պնդումներով, Հայաստանի մաքսատներում գործում են, այսպես կոչված, հսկիչ գներ, որոնց միջոցով էլ մաքսավորները իրականացնում են վերոհիշյալ «կոմբինացիան»: Այդ հսկիչ գները, սակայն, որեւէ իրավական նշանակություն չունեն, որեւէ ակտով չեն հաստատվում եւ, գործարարների տվյալներով, համակարգում կիրառվում են կիսապաշտոնական սկզբունքով: Արմեն Ավետիսյանը սա չհերքելով պարզաբանեց. «Դրանք մեր աշխատանքային, մեր կողմնորոշվելու գներն են: Դրանք միայն կիրառվում են այն դեպքում, երբ գործարարն ասում է՝ հաշիվ-ապրանքագիր չունեմ կամ երբ, օրինակ, այնպիսի գներ (նկատի ունի ցածր-Ա. Ու.) է ասում, որոնք հավատ չեն ներշնչում»: Իսկ հսկիչ գներն, ըստ պարոն Ավետիսյանի, գոյանում են հետեւյալ կերպ. «Կա Մաքսասակագնային վարչություն, որն ուսումնասիրում է ամբողջ տնտեսական դաշտը, ապրանքների գները, ամիսը 2-3 անգամ զեկուցագիր են ներկայացնում, թե հիմնական ապրանքատեսակների համար շուկայում ինչ գներ են գործում»: Սրանով որոշում են, թե այսինչ գործարարը տվյալ ապրանքը այնինչ երկրում քանիսով ձեռք բերած կլինի: Այս հսկիչ գներն աչքի առաջ ունենալով, մաքսազերծող աշխատակցին արդեն հետաքրքիր չէ, որ գործարարը բանակցությունների, մեծ խմբաքանակների ձեռքբերման կամ բարեխիղճ գործընկերության շնորհիվ կարողացել է ապրանքն էժան ձեռք բերել: Տնտեսվարողների պնդմամբ, տանիք ունեցող գործարարների դեպքում մաքսավորները հսկիչ գներով չեն «կողմնորոշվում»: Մաքսավորների համար հսկիչ գների լավն այն է, որ կուզեն՝ կկիրառեն, չուզեն՝ չեն կիրառի: Ինչի շնորհիվ էլ իրենք «մաքուր են դուրս գալիս», միաժամանակ, մեր աղբյուրների ներկայացմամբ, տնտեսվարողին գործարք առաջարկելու հնարավորություն են ունենում, որն ընդունվում է, որովհետեւ ձեռնտու է երկուստեք: Միայն պետբյուջեն է տուժում: Իսկ մեխանիզմը հետեւյալն է: Այդ գների մի հսկայական ցուցակ «Առավոտի» խմբագրությունում է, եւ պետք է ասել, որ մեծ մասամբ դրանք բարձր են սահմանված: Շուկայականին մոտ: Օրինակ, 1կգ բնական հյութի մաքսազերծման համար սահմանված «կողմնորոշիչ» գինն է $1, բուսական յուղի համար՝ 60 ցենտից $1.50, շոկոլադի համար՝ $1.90-$3 եւ այլն: Մինչդեռ գործարարները սրան պետք է գումարեն տրանսպորտային եւ այլ ծախսեր, 32%-ի հարկ, ակնկալվող եկամուտը, նոր միայն շուկա հանեն: Իսկ շուկայում գները մոտավորապես նույնն են: Այսինքն, գործարարին ձեռնտու չէ այդ գնով մաքսազերծելը, որովհետեւ, բացի այն, որ գնի պատճառով իր ապրանքը մրցունակ չէ, նա արդեն միանգամայն անտեղի ավելի շատ հարկ պետք է մուծի, չնայած ինքն իրականում ապրանքը ձեռք է բերել էժան, որի նկատմամբ հաշվարկված հարկերն ավելի քիչ են կազմում: Մեր աղբյուրների ներկայացմամբ, հսկիչ գները գործարարին ներկայացնելուց հետո է, որ համապատասխան աշխատակիցը տնտեսվարողին առաջարկում է «կիսվել»: Այսինքն, հսկիչ գնի ու իրական գնի տարբերության կեսը մաքսավորին, կեսը՝ գործարարին: Չհամաձայնելու դեպքում միակ տուժողը գործարարն է, որովհետեւ ստիպված ավելին է մուծելու: Մեկ կոնտեյների դեպքում այդ տարբերությունը (հսկիչ գնի ու իրական գնի) պատկառելի թիվ է կազմում: Անգամ դրա կեսն է պատկառելի, որը տրվում է մաքսավորին՝ ապրանքը ոչ հսկիչ գներով մաքսազերծելու դիմաց: Ասենք, հյութի դեպքում միջինը 2-3 հազար դոլար, ձիթապտղի յուղի դեպքում՝ 4500 դոլար, շոկոլադի դեպքում՝ $1000: Այս խնդիրներին առնչված տնտեսվարողների, համակարգում աշխատող մեր աղբյուրների տվյալներով, «կիսվելու» գները տարբեր են: Արարատյան մաքսատանը համաձայնում են գործարքն իրականացնել հսկիչ եւ իրական գնի տարբերության 50%-ի դիմաց, հանրապետության մյուս մաքսատներում այդ չափը չի անցնում 30%-ից: Հսկիչ գներն, իհարկե, Արմեն Ավետիսյանը չի հնարել, բայց մեծ սիրով թույլ է տալիս կիրառել: Ավելին, վերջերս Ամանորի աշխույժ ապրանքաշրջանառության ժամանակահատվածում բարձրացվեցին այդ գները, ինչի շնորհիվ էլ այս ամենի մասին «Առավոտին» հայտնի դարձավ: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը դժվար չէ ստուգել: Դա հնարավոր է անել՝ ընդամենը տարբեր գործարարների կողմից ներկրած միեւնույն ապրանքի մաքսազերծման գները համեմատելով: Համակարգում աշխատող մեր աղբյուրների տվյալներով, շատ դեպքերում հենց մաքսային համակարգի աշխատակիցներն են այս կամ այն ապրանքի «տանիքը», որոնց անունները, թերեւս, այլ հրապարակման թեմա են: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել