ԽՈՐԱՄԱՆԿՈ՞ՒՄ ԵՆ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ մեզ հայտնեց, որ ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցությանը մասնակցել էին միայն այն պատճառով, քանի որ անցած ուրբաթ դեսպան Ագոյի հետ խմբակցության հանդիպման ժամանակ տրվել էր հետեւյալ հարցը. «Իսկ «ԱՄ» եւ կոալիցիայի միջեւ բանակցությունների որեւէ եզր կարո՞ղ է լինել, թե՞ ոչ: Ինչին ես պատասխանեցի, որ այո՛, այն պարագայում, եթե կոալիցիային մաս կազմող կուսակցություններն իրենք նախաձեռնեն «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները եռօրյա նիստերի օրակարգում ներառելը եւ պարտավորվեն, որ այն անպայմանորեն կստանա օրենքի ուժ՝ անշո՛ւշտ, այդ հարցերի շուրջ «ԱՄ»-ն պատրաստ է համագործակցել կոալիցիայի հետ: Եվ երբ եղավ հրավեր խորհրդակցության, որի օրակարգում հենց այդ հարցը պետք է լիներ, բնականաբար, չէինք կարող դրժել այն ու դրսեւորել անհետեւողականություն»: Սակայն խորհրդակցությանը մասնակցելուց հետո՝ «ի զարմանս մեզ, հանկարծ հիշեցին, թե իբր հայրենասիրական միտումներից դրդված՝ պիտի նույն դիրքերից հանդես գան ընդդիմադիրներն ու կոալիցիային մաս կազմող կուսակցությունները՝ բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Ղարաբաղի հիմնահարցին: Սա ոչ այլ ինչ է, քան, ցավոք, ԱԺ մեծամասնությունը զավթած քաղաքական ուժերի խորամանկություն: Այն է՝ եթե դու համագործակցում ես այդ հարցում, փաստորեն, ինքդ քեզ ես հակասում՝ դրանով սրբագրելով անցած խայտառակ ընտրությունները»: Արտաշես Գեղամյանը նշեց, թե իրենք համաձայն չեն այս խորհրդակցության վերաբերյալ ԱԺ տարածած պաշտոնական տեղեկատվությանը եւ այն չի արտահայտում իրական մոտեցումները, որ ունի իրենց կուսակցությունը: Ի դեպ, ըստ նրա պնդման՝ այդ տեղեկատվությունն անմիջապես ուղարկվել է բոլոր դեսպանատներին. «Այս խորհրդակցությանը հետեւած գործընթացները ապացուցեցին մեզ, որ կոալիցիայի անդամ կուսակցություններին ամենեւին էլ չի հետաքրքրում խորհրդարանական եւ համընդհանուր այն ճգնաժամը, որում հայտնվել է մեր երկիրը: Նրանց շտապել են հայտնել այն պայմանավորվածությունների մասին, որոնք իրականում չեն կայացվել: Այդ հարցերի շուրջ ընդամենը եղել են քննարկումներ»: Ա. Ի.