ԲՈՅԿՈՏԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԼՂ Նախօրեին ԱԺ տարածած պաշտոնական տեղեկատվությունից դատելով՝ երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավիրած խորհրդակցության նյութը պետք է լիներ «Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման նպատակով՝ խորհրդարանական վերջին զարգացումների» քննարկումը: Սակայն երեկ շուրջ 2 ժամանոց խորհրդակցությունից հետո անակնկալ պարզվեց, որ ընդդիմադիրների բոյկոտի մասին խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները խոսել են ամենաքիչը: «Այդ խնդրի վերաբերյալ քննարկումները տեւել են ընդամենը 10 րոպե»,- հայտնեց «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անգամ ասաց, թե չի քննարկվել ընդդիմադիրների վերադառնալու հարցը: «Որեւէ առաջընթաց չեղավ՝ յուրաքանչյուրը պնդեց իր տեսակետը,- ասաց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:- Նման հանդիպումների ժամանակ անհրաժեշտ է, որ կողմերը ներկայացնեն նաեւ ինչ-ինչ առաջարկներ, քանի որ, եթե ուղղակի պիտի հանդիպեն եւ պնդեն այն, ինչ իրենք նախապես ասել էին՝ առաջ գնալու տեղ չի լինի եւ անգամ հանդիպումներն են դառնում ավելորդ»: Իսկ երեկվա հանդիպման ժամանակ ե՛ւ կոալիցիան, ե՛ւ ընդդիմությունը նորից պնդել են այն դիրքորոշումները, որ յուրաքանչյուրն ունի «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ: Փոխարենը խորհրդակցության ժամանակ անակնկալ կերպով առաջին պլան է մղվել Ղարաբաղի հարցում խորհրդարանական ուժերի դիրքորոշման հարցը: Ինչպես պաշտոնապես հաղորդվեց՝ «մասնակիցներն իրենց զորակցությունը հայտնեցին 2001 թ. ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ստորագրած հայտարարությանը ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված եւ որոշեցին միասնական դիրքորոշում ցուցաբերել ԼՂՀ հարցում»: Հետո պարզվեց, որ դա այնքան էլ ճիշտ չէր առնվազն «ԱՄ» մասով: Խորհրդակցության թեմաներից մեկն էլ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի թեթեւ ձեռքով դարձել էր այն հարցը, թե իբր հանրահավաքները կխոչընդոտեն գործարարների աշխատանքին: «Նրան անհանգստացնում էր, որ հանրահավաքները կարող են բացասաբար անդրադառնալ ներդրումների վրա»,- ասաց պրն Դալլաքյանը: Թե առաջին այս փորձը որքանով էր արդյունավետ «ԱԺ բնականոն գործունեության ապահովման» առումով՝ վիճելի հարց է: Այնուամենայնիվ՝ ԱԺ կազմավորումները պայմանավորվել են շարունակել քաղաքական քննարկումները՝ «դրանք դարձնելով պարբերական»: Մասնավորապես նման հանդիպում է լինելու ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեվիսի Հայաստան այցից երկու օր առաջ, որտեղ խորհրդարանական ուժերը պատրաստվում են ճշգրտել իրենց դիրքորոշումները։ Ա. Ի.