Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ եմ հեռուստաբանավեճի

Փետրվար 12,2004 00:00

Պատրաստ եմ հեռուստաբանավեճի «Առավոտի» խնդրանքով ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը պատասխանում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ մեր թերթին տված հարցազրույցում տեղ գտած որոշ պնդումներին: Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի մասին իմ պնդումների առթիվ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները պարզապես պատասխանատվությունից խուսափելու նրա անհաջող փորձն է, իսկ հարցարզրույցն ամբողջությամբ կարելի Է գնահատել որպես խուճապում գտնվող մարդու ինքնարդարացումներ: Փաստերը հետեւյալն են. զինադադարից մինչեւ 2002 թ. Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը լիովին անվտանգ էր, երթեւեկությունն՝ անխափան: Ներկայումս ադրբեջանական հենակետերը հայտնվել են այնպիսի դիրքերում, որտեղից արդեն հնարավոր է կրակի տակ պահել այդ ճանապարհը: Պատճառն ակնհայտ է: Երկրորդ ճանապարհի կառուցումը հիմնավորելու եւ այդ նպատակով բազմամիլիոն դրամաշնորհները «ծախսելու» համար, պետք էր ցույց տալ, որ գործող ճանապարհը վտանգված է: Դա պարզապես կոռուպցիայի դասական օրինակ է: ՍերԺ Սարգսյանը գործնականում չի զբաղվում բանակով, զինված ուժերի հարցերով, այլ խճճված է այլ գործընթացներում, մասնավորապես՝ քաղաքականություն, բիզնես, օլիգարխների գործունեության վերահսկում եւ կոռուպցիայի կոորդինացում, ինչպես նաեւ լայն տարածված կապեր միջազգային տարբեր, մեղմ ասած, կասկածելի խմբերի հետ: Այդ իմաստով նրան իսկապես չեն հետաքրքրում մեր սահմանների անվտանգության, բանակի պաշտպանունակության եւ մյուս խնդիրները: Ավելացնեմ, որ ձեր թերթի միջոցով պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ պատրաստ է լրագրողների եւ ինձ հետ միասին կազմակերպել ուղեւորություն դեպի նշված տարածքները, եւ ես ձեր թերթում հայտնել էի, որ պատրաստ եմ նման ուղղեւորության: Սակայն պաշտպանության նախարարության պատրաստակամությունը խոսքից գործի չվերածվեց այն պարզ պատճառով, որ այն, ինչի մասին ես հայտարարել էի, ցավալի իրականություն է: Ավելացնեմ նաեւ, որ պետք չէ լուրջ ընդունել Սերժ Սարգսյանի ասածները, որովհետեւ ինչ կարելի է սպասել մի մարդուց, որը կոչ է անում բոլորին սատարել Իլհամ Ալիեւի այն դիրքորոշումը, ըստ որի, Ադրբեջանի համար նոր քաղաքական եւ դիվանագիտական հաղթանակներ ապահովելու նպատակով պետք է ձգձգել Ղարաբաղի կարգավորումը: Սա է իրականությունը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը դեռեւս ասելիք ունի, ապա այս, ինչպես նաեւ ցանկացած այլ հարցերի վերաբերյալ, հատկապես մեր եւ իրենց, իմ եւ նրա արածների ու չարածների շուրջ, ես պատրաստ եմ նրա հետ հեռուստաբանավեճի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել