Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Փետրվար 12,2004 00:00

Երեկ կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երեք հարց

«2004թ. ոչ սիրողական ֆուտբոլի մրցումների կանոնակարգի եւ խաղացանկի հաստատում», «Արտոնագրման գործընթացի ղեկավար մարմինների անդամների անկախության հաստատում», «Դինամո» եւ «Սպարտակ» թիմերի վերանվանման հաստատում: Այս անգամ ՀՖՖ լրատվական ծառայության ղեկավար Արայիկ Մանուկյանը գործկոմի նիստի աշխատանքին ներկա լինելու հրավիրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Նիստն սկսելուց առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործկոմի անդամներին դիմեց լրագրողների ներկայությանը համաձայնություն տալու առաջարկով: «Այսպես ֆեդերացիայի աշխատանքն ավելի թափանցիկ կլինի»,- հորդորեց նա:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրեց ֆեդերացիայի ֆուտբոլի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռ. Դալլաքյանը: Նա գործկոմի անդամներին իրազեկեց կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու շուրջ եղած առաջարկները, որոնք հանրապետությունում ֆուտբոլի հետագա զարգացման, երկրի բարձրագույն, առաջին խմբերի առաջնությունները եւ գավաթային հանդիպումներն ավելի արդյունավետ անցկացնելու նպատակ են հետապնդում: Զեկույցի ավարտին գործկոմի անդամները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, արեցին առաջարկներ: Բոլոր հարցերին տրվեցին մանրամասն մեկնաբանություններ: Քվեարկությամբ օրակարգային այս հարցն ընդունվեց միաձայն, սակայն իրավաբանների հետ միասին կատարելով խմբագրական անհրաժեշտ վերաձեւակերպումներ:

Օրակարգային երկրորդ հարցը ներկայացրեց արտոնագրման եւ լիցենզիավորման բաժնի պետ Գ. Հովհաննիսյանը: Գործընթացի ղեկավար մարմինների անկախությունը ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի պարտադիր պահանջներն են: Այդ անձինք չպետք է որեւէ գործնական կամ անձնական կապվածություն ունենան ակումբների հետ: Դա անհրաժեշտ է արտոնագրելիս եւ լիցենզավորելիս անկողմնակալ վճիռ կայացնելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, ստացվի, որ անկախ մարմնի ներկայացուցիչը ինչ- ինչ կապի մեջ մտնի ակումբի հետ, ապա պարտավոր է այդ մասին պաշտոնապես գրավոր հայտարարություն անել, իսկ քվեարկության ժամանակ ձեռնպահ լինել: «Դինամո-2000» եւ «Սպարտակ» թիմերի վերանվանման հարցը ներկայացրեց «Դինամո-2000» ակումբի նախագահ Լեւոն Հասրաթյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս թիմը հայտնվել է ֆինանսական ճգնաժամում եւ այսպես շարունակվելու դեպքում կկանգնի փլուզման վտանգի առջեւ: Վերջերս հեռավոր Ավստրալիայից հայ գործարարներ են հայտնվել: Նրանք համաձայնել եւ արդեն իսկ սկսել են ֆինանսապես աջակցել թիմին: Մասնավորապես, նրանց ֆինանսավորմամբ «Դինամո-2000»-ը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Սիրիայում: Թիմում հիմա փորձարկվում են մի քանի լեգեոներականներ: Ընդորում, հնարավոր են նաեւ նոր հրավերքներ: Հաշվի առնելով այս հանգամանքը, նոր հովանավորների ցանկությունը եւ այն, որ չի կարելի Հայաստանում թույլ տալ ֆուտբոլային ակումբի կամ թիմի, առավել եւս՝ արդեն կայացած եւ հայրենական ֆուտբոլին ծառայություններ մատուցած, փլուզում, պարոն Հասրաթյանը գործկոմին առաջարկեց թիմը վերանվանել «Դինամո- Զենիթ»: Անվանափոխելու առաջարկ արվեց նաեւ առաջին խմբում հանդես եկող «Սպարտակ» թիմի համար, որը բարձրագույն խմբի առաջատարներից մեկի՝ «Բանանցի», դուստր թիմն է: Քվեարկությամբ «Դինամո-2000»-ը եւ «Սպարտակը» վերանվանվեցին, համապատասխանաբար, «Դինամո- Զենիթ»-ի եւ «Բանանց-2»-ի:

Այդքանով ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմն ավարտեց նիստը: Դրանից անմիջապես հետո կազմակերպվեց ֆեդերացիայի ֆուտբոլի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռ. Դալլաքյանի մամուլի ասուլիսը: Նա ավելի մանրամասն խոսեց գործկոմի օրակարգային հարցերի մասին, հանգամանորեն պարզաբանեց լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել