Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիի մանկավարժականը ինտեգրվում է Եվրոպային

Փետրվար 12,2004 00:00

Այդ
բուհն անցնում է երկաստիճան կրթական համակարգի
Նոր բարեփոխումները բուհի ոչ բոլոր դասախոսների համար են ընդունելի: Հարցի շուրջ ստեղծվել են հակասական կարծիքներ, իսկ բուհում նկատելի է անսովոր լարվածություն: Կրթության նախարարության հանձնարարությամբ, բուհը կարճ ժամանակահատվածում պարտավորվում է ներկայացնել, այսպես կոչված, միասնական ուսումնական պլաններ: Հարցը մանրամասնելու խնդրանքով դիմեցինք ԳՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին: Պարզվեց՝ նա էլ «բարեփոխումների» ջերմ կողմնակից չէ: Նրա կարծիքով, բարեփոխումներ կատարելիս պետք է լինել զգույշ եւ պահպանողական: Անգամ որոշակի մասնագիտությունների (օրինակ, ֆիզկուլտուրայի, տարրական ու նախադպրոցական կրթության, հոգեբանության) երկաստիճան համակարգի անցնելու նպատակը ԳՄԻ ռեկտորը այդպես էլ չի հասկանում: Սակայն, ըստ նրա, «աշխարհից դուրս ապրել էլ պետք չէ»: Պարոն Գրիգորյանը դեմ է նաեւ բուհի կարգավիճակի փոփոխությանը, քանի որ փոքրիկ երկրում ամենից շատ համալսարաններն են: «Եթե ինտեգրվելու խնդիր կա, բոլոր բուհերը դառնում են համալսարան, մենք էլ կդառնանք»,- ասում է նա:

Այժմ բուհը պատրաստվում է լիցենզավորման: Մոտ օրերս պահանջվող «փաթեթը» ԳՄԻ ռեկտորը կներկայացնի նախարարություն: «Փաթեթի» պարունակությունը բավականին մեծ է. այստեղ տեղ կգտնեն թե՛ երկաստիճան համակարգին հարմարեցված պլանները, թե՛ տարածքի՝ ուսումնական օժանդակ լաբորատորիաների, գրադարանների մասին մանրամասն տեղեկություններ եւ թե՛ պրակտիկայի համար կնքված պայմանագրերը: Իսկ առհասարակ բուհը պատրաստվում է ավելացնել ուսուցանվող մասնագիտությունների քանակը: Օրինակ՝ հետերկրաշարժյան քաղաքում լոգոպեդների խիստ կարիք է զգացվում, հրատապ է նաեւ իրանի շեղումներ ունեցող երեխաների ֆիզիկական դաստիարակությունը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել