Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ

Փետրվար 12,2004 00:00

Վերջերս
Մեծ Բրիտանիա էր այցելել ԱՆ կալանավայրերի վարչության պետի տեղակալ Վարուժան
Մելքոնյանը՝ ցմահ դատապարտվածների պահման պայմանների, նրանց հետ տարվող սոցիալական
աշխատանքների եւ նմանատիպ այլ պրոբլեմներն ուսումնասիրելու նպատակով:
Համեմատելով մեր եւ Մեծ Բրիտանիայի պես զարգացած երկրի քրեակատարողական հիմնարկները՝ պրն Մելքոնյանն առաջնային է համարում ցմահ դատապարտվածների պահելու պայմանների խնդրի լուծումը: Ըստ նրա, «չունենք նրանց հետ աշխատելու կարգ, ենթաօրենսդրական հիմք»: Անգլիայում ցմահ դատապարտված՝ չի նշանակում ցմահ գտնվել բանտում, այլ պարզապես՝ ցմահ լինել հսկողության տակ:

Քրեակատարողական հիմնարկներն Անգլիայում 4 տիպի են բաժանված՝ A՝ փակ, B՝ կիսափակ, C՝ կիսաբաց, D՝ բաց: Ի սկզբանե դատարանն է որոշում, թե տվյալ անձը քանի տարի պետք է «փակ» մնա: Սակայն այս պայմաններում էլ նույնիսկ կալանավորը հնարավորություն ունի հեռակա ուսուցում ստանալու՝ ինտերնետի միջոցով դասախոսների հետ կապ հաստատելով ու քննություններ հանձնելով: Այստեղ հնարավոր է ստանալ թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն կրթություն, եւ նույնիսկ՝ երկրորդ մասնագիտություն:

«Աչքի է զարնում դատապարտյալների զբաղվածության ապահովումը: Կալանավայրերը հագեցած տեխնիկայով արտադրամասեր ու արհեստանոցներ ունեն: Սակայն այստեղ էլ պահպանվում են մարդու աշխատանքային իրավունքները, նրանց երբեք չեն շահագործում: Կալանավորներն ստանում են աշխատավարձ, եւ անգամ որոշակի սահմանից հետո ֆոնդերին փոխանցումներ են անում»: Ի դեպ, դատապարտյալին չեն պարտադրում աշխատել, եւ մինչ նրան աշխատանք չեն առաջարկել, նա կարող է ազատ զգալ բանտային ծառայություններից օգտվելու հարցում: Բայց եթե նա հրաժարվի աշխատել, ընդհանուր աշխատանքի ժամին պետք է մնա խցում, մինչդեռ աշխատողներն էլ օգտվում են հատուկ արտոնություններից: Աշխատանքի, սպորտի կամ այլ ոլորտներում ձեռք բերված հաջողությունները գումարվում են եւ՝ սոցիալ-հոգեբանական բաժնի աշխատակիցների համար դառնում են գնահատման չափանիշ: Գալիս է ժամանակը, եւ իր հավաքած գնահատականով դատապարտյալն անցնում է հաջորդ տիպի հիմնարկություն: Սակայն եթե հաջորդ փուլում լավ չդրսեւորի իրեն, կարող է նորից հետ գնալ՝ նույն ճանապարհը կրկին անցնելու: Վերջին փուլի՝ 4-րդ տիպում պահվող բանտարկյալների համար բանտը հանրակացարան է, միայն քնում է այնտեղ:

Մեզ մոտ առայժմ քննարկվում է այս մեթոդների կիրառման հնարավորությունը եւ, ըստ Վ. Մելքոնյանի, չի բացառվում, որ այդ մեթոդները մեզ մոտ չաշխատեն. «արդյոք հասարակությունը պատրա՞ստ է ընդունել մարդասպանին, արդյոք մարդիկ, եւ առաջին հերթին տուժող կողմը մարդասպանին ընդունո՞ւմ է իբրեւ արդեն փոխված մարդ, հավատո՞ւմ է, որ 10 տարի առաջ իր հարազատին սպանած մարդն այլեւս այն մարդը չէ: Հասարակությունը ներողամիտ պետք է լինի, իսկ դրա համար մեծ հոգեբանական աշխատանք է պետք»: Ընդ որում, հոգեբանական աշխատանք պետք է տանել ե՛ւ հասարակության, ե՛ւ նախկին հանցագործի հետ: Իսկ դրա համար մեր քրեակատարողական հիմնարկները պետք է հնարավորություն տան կալանավորներին՝ փոխվելու, որպեսզի նրանք առավել չարացած դուրս չգան հասարակություն:

Առաջին քայլերն արդեն արվել են: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում եւ հիմնարկներում ձեւավորվել եւ գործում են սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժինները: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը մարտ ամսին կներկայանա միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններով. խցերն ավելի վառ գույներ կունենան, կահույքը կնորացվի: Նոր շենք կհատկացվի Վանաձորի մեկուսարանին: Ի դեպ, եթե Անգլիայում պահակազորին եւ փշալարերին փոխարինում են տեխնիկայի վերջին միջոցներով հագեցած արտաքին պատերը, ապա զուգարանների հարցում նրանք մեզ հավասար են. նրանց խցերում էլ զուգարանները պատով չեն առանձնացված: Դա արվում է անվտանգությունից ելնելով, որպեսզի ինքնավնասման եւ նմանատիպ այլ դեպքերը բացառվեն, եւ կալանավորը միշտ բաց դաշտում լինի:

Պարոն Մելքոնյանը կողմնակից է զանազան խրախուսական քայլերի: Օրինակ, հնարավոր է կիրառել Անգլիայի մեթոդը՝ տեսակցության համար. «կան արտոնյալ տեսակցություններ՝ հարազատների հետ սեղանի շուրջ ազատ նստած, կարող են տեղաշարժել աթոռները, իսկ ոչ արտոնյալը ենթադրում է անշարժ աթոռներին նստած զրուցել, չհաշված խստագույնը, որ ապակու հետեւից է իրականացվում»:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել