Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-Ն ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԸ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

Փետրվար 12,2004 00:00

Հարցազրույց
ԱԺ փոխնախագահ, ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի
հետ
Ինչպես հայտնի է, անցած շաբաթ Ղարաբաղի գծով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերը Բաքու կատարած այցից հետո ժամանելով Երեւան, մի շարք հանդիպումներ ունեցավ նաեւ ԵԱՀԿ-ում Աժ պատվիրակության ղեկավար, Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հետ։ Մանրամասնելով հանդիպման արդյունքները, պարոն Հովհաննիսյանր «Առավոտին» ասաց. «ԵԱՀԿ-ն միջազգային կազմակերպություններից ամենամասնագիտացվածն է Ղարաբաղի հարցով եւ դա բնական է, որովհետեւ Մինսկի խումբը վերջապես այդ կազմակերպության կողմից է ստեղծված։ Սակայն խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, միգուցե նաեւ այլ կազմակերպությունների օրինակը ստիպում է ԵԱՀԿ-ին ավելի ակտիվ լինել։ Իհարկե, պետք է ազնիվ լինել եւ ընդունել նաեւ ադրբեջանական կողմի ակտիվությունը նույնպես։ Հայաստանի նախաձեռնության արդյունք չէ այն, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը առաջին անգամ իր նախագահի հատուկ ներկայացուցչին է ուղարկում տարածաշրջան։ Մինչ այս՝ այդպիսի կարգավիճակ չկար։ Շվեդ խորհրդարանական Լենմարկերին Բրյուս Ջորջը՝ ԵԱՀԿ նախագահը հատուկ առաքելությամբ է ուղարկել Բաքու եւ Երեւան։ Սա կարելի է կոչել նախնական ուսումնասիրական առաքելություն։ Սա չի կարելի գնահատել որպես լավ կամ վատ, սա պետք է գնահատել որպես նոր ռեալություն, որի մեջ մենք պետք է ապրենք։ Պարոն Լենմարկերի այցից դեռ երեք շաբաթ առաջ նամակ էի հղել, գտնելով, թե անհրաժեշտ է այցելել նաեւ Ղարաբաղ, բացատրելով, որ կա նման փորձ։ Ժամանակին Ադրիան Սեւերինը տարածաշրջան այցելելով, նաեւ Ղարաբաղ այցելեց։ Որեւէ այց տարածաշրջան, առանց Ղարաբաղ այցելության, անիմաստ է։ Ընդունելով իմ փաստարկները, պրն Լենմարկերը նշեց, որ սկզբի համար իրեն հանձնարարված է այցելել երկու երկրների մայրաքաղաքներ»։

Ըստ մեր զրուցակցի, անհեթեթություն է տարածաշրջան եկող որեւէ մեկին բացատրել, որ հայերն այստեղ ապրում են հինգ հազար տարի, որ նրանք ընդհանուր առմամբ լավն են, քրիստոնյա, բարի, խաղաղասեր, հողագործ ժողովուրդ են. «Այսօր պետք է խոսենք բանակցային տեխնոլոգիաների շուրջ, այսինքն՝ ո՞ր բանալիով ենք պատրաստվում բացել փակ դուռը. փորձելո՞ւ ենք գտնել ճիշտ բանալին, թե՞ լինգով կոտրելու ենք դուռը։ Գյորան Լենմարկերին բացատրվեց հետեւյալը. կա երկու մոտեցում՝ հայկական եւ ադրբեջանական։ Դրանց տարբերությունը այն չէ, թե ով է Ղարաբաղի բնակիչը եւ ով է կառուցել Գանձասարը, այլ խնդիրը հետեւյալն է՝ ԼՂՀ- ն բանակցությունների սուբյե՞կտ է, թե՞ օբյեկտ։ Եթե այն օբյեկտ է, ուրեմն՝ այո, վեճը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, այսինքն, այն, ինչ փորձում է ներկայացնել Ադրբեջանը։ Բայց դա պետք է նշանակի, որ Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանը պետք է ասի՝ Ղարաբաղն իմն է, Հայաստանը պետք է ասի՝ իմն է։ Բայց իրականության մեջ այդպես չէ։ Ադրբեջանը, այո, ասում է՝ իմն է, բայց Հայաստանը՝ ոչ։ Հայաստանն ասում է՝ ղարաբաղցիներինն է, չեք կարող հարցը լուծել՝ նրանց չլսելով։ Սա արդեն խառնում է բոլոր խաղաքարտերը, եւ ավելի ճիշտ իրավական հիմքերի վրա դնում ղարաբաղցիների պահանջը։ Ուրեմն, մեր պահանջը՝ Ղարաբաղը դիտել որպես բանակցային կողմ՝ ամբողջովին արդարացված է»։ Ըստ Վահան Հովհաննիսյանի, «թե՛ Լենմարկերը, թե՛ մյուս արեւմտյան քաղաքական գործիչները դա շատ լավ հասկանում են։ Պարզապես նրանք բախվում են ադրբեջանական այնքան կոշտ ու կատաղի դիմադրությանը, որ նրբանկատությունը երբեք թույլ չի տալիս բարձրաձայն արտահայտվել։ Սակայն մենք հասանք նրան, որ փետրվարի վերջին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նստաշրջանում Ղարաբաղի մասին զեկույց չի լինի (նա պարզապես չի հասցնի), այն կլինի ամառային նստաշրջանում։ Մինչ այդ, Լենմարկերը կրկին կայցելի տարածաշրջան եւ այդ ժամանակ Ղարաբաղն անպայման պետք է ներառել»։

Վահան Հովհաննիսյանը չբացառեց, որ այս մասին իմանալով, ադրբեջանցիները Լենմարկերին կսկսեն ճնշել այնպես, ինչպես ժամանակին վարվեցին Թերի Դեւիսի հետ։ Եվ եթե եվրոպացիները ենթարկվեն այդ ճնշումներին, ապա մեզ կմնա միայն փաստել, որ իրենց զեկույցն անկատար է եւ որեւէ որոշման հիմք չի կարող ծառայել։ Պրն Հովհաննիսյանը նկատեց, որ ԵԱՀԿ-ն ակտիվացնում է իր ջանքերը եւ չի սահմանափակվելու միայն Մինսկի խմբով։ Ինչո՞ւ այսօր, հարցի լուծումն արդյո՞ք արագացվում է. «Առաջինը կրիտիկական մասսայի կուտակումն է։ Տարիներ շարունակ մեր դիվանագիտության մեջ ընդունված է եղել, որ որպես հաղթած կողմ, մենք չպիտի շատ «լաչառություն» անենք։ Չէինք անում եւ դա սխալ էր։ Որովհետեւ ադրբեջանցիները այդ ամենն անում էին։ Մենք սկզբնական շրջանում մտածում էինք, որ դա եվրոպացիների վրա չի ազդում։ Սկզբում այդպես էր, բայց կաթիլ-կաթիլ հավաքվում էր այդ կրիտիկական մասսան եւ այսօր այն սկսում է արտահայտվել բանաձեւերում։ Օրինակ, մեր մաքսիմալիստ ժողովուրդը ասում է՝ ո՞նց եղավ, որ Արմեն Ռուստամյանի առաջարկությունը 10 ձայն հավաքեց։ Ադրբեջանցիներն ավելի քչով են սկսել։ Բոլորի աչքից շղարշը միանգամից չի ընկնում եւ բոլորը միանգամից չեն ասի, թե Ղարաբաղը մերն է։ Ուրեմն պետք է քրտնաջան, ամենօրյա աշխատանք»։

Մեր հարցին՝ ուշ չե՞նք սկսում, ինչո՞վ էինք զբաղված մինչ այժմ, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ավելի լավ է ուշ, քան երբեք»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել