Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍԱՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

Փետրվար 12,2004 00:00

Ըստ
ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ իրենց համար անընդունելի են ներքաղաքական
հարցերի շուրջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի արտահայտած տեսակետները:
«Արտահայտված արտաքին քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ մենք նույնպես տարբեր տեսակետներ ունենք»,- ասաց Տիգրան Թորոսյանը, սակայն անհրաժեշտ համարեց, որ այդ հարցերին ավելի հանգամանալից անդրադառնա ԱԳՆ-ն՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն այսօր կառավարություն ձեւավորած կուսակցություններից մեկն է»:

ՀՅԴ ընդհանուր ժողովում Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթի առնչությամբ ՀՀԿ փոխնախագահն ասաց, թե «առաջին հերթին՝ անընդունելի են ներքին քաղաքականությանն առնչվող հայտարարություններն ու մեղադրանքները, որոնք հնչեցին»: Տիգրան Թորոսյանը նշեց, թե առայժմ անիմաստ է ելույթի մի շարք անընդունելի դրույթներին անդրադառնալը. «Առավել եւս, որ մեր գործընկերները ժողովի մեջ են եւ սահմանափակ հնարավորություն ունեն անդրադառնալ այդ ամենին: Կսպասենք, որ ժողովն ավարտվի՝ լինենք հավասար պայմաններում: Բայց նախ՝ նաեւ կոալիցիայի նիստում ենք քննարկելու եղած հարցերը»:

Որոշ անհամաձայնություններ պրն Թորոսյանը որոշակիացրեց՝ առանց մանրամասնելու: Հրանտ Մարգարյանի դիտարկմանը, թե խախտումներ կատարվեցին, որ Ռոբերտ Քոչարյանին կաշկանդեին պարտադրված գործընկերներով՝ ՀՀԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Այս կետը ՀՀԿ-ին բացարձակապե՛ս չի վերաբերում, քանի որ կուսակցությունը չի կարող նման դերակատարություն ունենալ, ինչի մասին խոսվում է տվյալ դրույթում»: Ժխտեց նաեւ, թե իրենք են հասցեատերը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի այն պնդումների, թե «ճամբարակիցները նույնպես մեջքից դաշունահարվեցին», «ոչ ոք չկանգնեց մեր կողքին, նույնիսկ նրանք, որոնց հետ ճամփա էինք հարթել»: «Մենք որեւէ մեկին երբեք չենք դաշունահարել եւ որեւէ մեկին երբեք չենք դավաճանել,- ասաց Տիգրան Թորոսյանը:- Սա համարում ենք ամենաանընդունելի հատկանիշը ե՛ւ անձերի, ե՛ւ կուսակցությունների համար»:

Իսկ համաձա՞յն է արդյոք Հրանտ Մարգարյանի այն դիտարկմանը, թե Դաշնակցությունն «այսօր էլ չունի այն իշխանությունը»: «Իշխանությունն այնպիսի մի բան է, որ միշտ բոլորն ասելու են, թե այսօր չունեն այն իշխանությունը, որ կուզենային ունենալ,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:- Այո՛, մենք էլ ենք միշտ դա ասել: Եվ ուրիշներից պակաս չենք քննադատել եղած թերությունները: Ընդհակառա՛կը: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում առանձնացավ նրանով, որ հենց սկզբից, երբ կուսակցության ղեկավարը ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ կառավարության գործունեության ծրագրում ամեն ինչ ներկայացվեց այնպես, ինչպես կար՝ առանց վարդագույն երանգների: Իսկ հատկապես նման իրավիճակներում դժվար է, որ մարդիկ լիովին գոհ լինեն իշխանությունից: Առավել եւս, որ մենք էլ իսկապես ամեն ինչից չէ, որ գոհ ենք»: Տիգրան Թորոսյանն անդրադարձավ մի հարցի էլ, որ թերեւս՝ Հ. Մարգարյանի ելույթի այն պնդման պատասխանն էր, թե ՀՅԴ-ն «անարդարորեն պատասխանատու է համարվում բոլոր այն ոլորտների համար, որոնց հետ ո՛չ հեռվից, ո՛չ էլ մոտիկից որեւէ առնչություն չունի»: «Բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք այն քաղաքական ուժերը, որոնք լուրջ դերակատարություն ունեն կառավարության մեջ՝ միասնաբար կրում են ընդհանուր պատասխանատվություն կատարվող իրադարձությունների եւ եղած թերությունների համար, բնականաբար՝ կիսելով նաեւ հաջողությունները,- ասաց պրն Թորոսյանը:- Որեւէ մեկը չի կարող ասել՝ երեք նախարար կամ երկու մարզպետ ունեմ եւ ըստ այդմ եմ կրում պատասխանատվություն: Պատասխանատվություն կա՛մ լինում է, կա՛մ չի լինում. կիսատ պատասխանատվություն չի լինում»:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ անակնկալ դարձավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի այս ելույթը, եթե իրոք, ինչպես նա հայտարարեց՝ «օրը օրին փոխանցել են» այդ գնահատականները: Սակայն Տիգրան Թորոսյանն ասաց. «Համատեքստից դատելով՝ այդ գնահատականները փոխանցվել են ՀՀ նախագահին»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Մեր ունեցած տեղեկություններով՝ կիրակի, փետրվարի 8-ին
Ծաղկաձորում հանգստացող Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել է ՀՅԴ 29-րդ Ընդհանուր
ժողովին: Մինչդեռ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նախօրոք «Ար» հեռուստաընկերությամբ
հայտարարում էր, թե նախագահը չի կարող մասնակցել Ընդհանուր ժողովին, քանի
որ դաշնակցական չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել