Մեր կալանավայրերի առավելությունը Բրիտանիայի կալանավորները զրկված են սեքսից Հայաստանում, ինչպես եւ Մեծ Բրիտանիայում, ազատազրկված է բնակչության 0,1 տոկոսը: Այս հարցում մենք չենք զիջում միջազգային ստանդարտներին: Ավելին՝ մեր կալանավայրերը նաեւ առավելություններ ունեն: Այս մասին «Առավոտին» հայտնեց ԱՆ կալանավայրերի վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը, որ վերջերս է վերադարձել Անգլիայից: Օրինակ, Անգլիայում չկա երկարատեւ տեսակցությունների ինստիտուտ՝ կալանավորները չունեն ինտիմ կյանքի հնարավորություն: «Դա հոգեբանական պահ է, ֆիզիոլոգիա, որ մեզ մոտ առավելություն է: Մենք համապատասխան մասնագետներին հարցրինք՝ ինչպես եք հոգեբանական աշխատանք տանում բանտարկյալների հետ, երբ չկա ֆիզիոլոգիայի այդ կարեւորագույն մասը: Հարցը մնաց անպատասխան»: Իսկ Հայաստանում կալանավորը կարող է նույնիսկ սկսել ծանոթությունից եւ ամուսնանալ: Նրան այստեղ հնարավորություն կտրվի նաեւ անցկացնել ամուսնական կյանքի առաջին շաբաթը՝ հատուկ առանձնասենյակում: Այնտեղ համատեղ կյանքի համար չկա այդ հնարավորությունը: Եթե մեզ մոտ ցմահ կամ 8-15 տարի ժամկետով դատապարտվում են դիտավորյալ, դաժան, խմբային եւ նմանատիպ այլ սպանությունների դեպքում, այնտեղ բոլոր դիտավորյալ սպանությունների համար ցմահ են ազատազրկում: Տարբերակումը մտցնում են միայն այն դեպքում, թե քանի տարի պարտադիր պետք է մնա 1-ին տիպի՝ ամենախիստ ռեժիմի հիմնարկում (Անգլիայում քրեակատարողական հիմնարկները բաժանված են 4 տիպի՝ ըստ խստության աստիճանի): Ի դեպ, ի սկզբանե, դատարանն է որոշում, թե ինչ ռեժիմի համար է նախատեսված տվյալ անձի պատիժը: Եվ նաեւ այն, թե քանի տարի է պետք պարտադիր մնալ բանտում: Բացի այդ, Բրիտանիայում անգամ ամենավտանգավոր մարդասպանը հնարավորություն ունի ինտեգրվելու հասարակությանը՝ 1-ին տիպի հիմնարկից տեղափոխվելով մինչեւ 4-րդը: Իսկ պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունն ընդունել նախկին մարդասպանին, պատրա՞ստ է ներել նրան ու ընդունել, որ 10 տարի առաջ սպանություն կատարած անձն այսօր այլեւս ուրիշ մարդ է: Թե ինչ ունեն սովորելու միմյանցից Հայաստանի եւ Անգլիայի քրեակատարողական հիմնարկները, կներկայացնենք «Առավոտի» վաղվա համարում: Հ. Բ.