«ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ» «Առավոտի» հյուրը մտադիր է Հայաստանում հիմնել նուդիստների ակումբ Խմբագրություն այցելած (հագնված վիճակում) մեր նուդիստ հերոսը ներկայացավ Էրիկ կեղծանունով՝ հասկանալի պատճառներով: Ըստ նրա, նուդիզմը, իբրեւ երեւույթ եւ կենսակերպ, սխալ է ընկալվում ու քարկոծվում է Հայաստանում, որովհետեւ մարդիկ մերկությունը տեսնում են միայն բաղնիքում եւ անկողնում: «Պատկերացնում եք, ինչ տեղի կունենա, ինչ հարձակումներ կլինեն, եթե մեկն իմանա, որ իր հարեւանը նուդիստ է։ Այդպես ինձ հետ պատահեց, երբ ընկերներս իմացան՝ ով եմ ես, եւ շոկի մեջ ընկան,- ասաց Էրիկը,- շնորհակալ եմ, որ կինս հասկացել է ինձ»: Էրիկը մասնագիտությամբ ռեժիսոր է, ունի ընտանիք, երեխաներ: Համոզված է, որ Հայաստանում էլի նուդիստ զույգեր կան, սակայն չեն համարձակվում «բացահայտվել»՝ հասարակության անարգանքին չարժանանալու համար: «Նուդիզմը թերապեւտիկ երեւույթ է, բուժում է սթրեսը եւ մի շարք այլ հիվանդություններ: Նրանում աննորմալ ոչինչ չկա: Եվ այդ մարդիկ էլ օրենքից դուրս չեն: Արտասահմանում բժիշկների խորհրդով մարդիկ բուժվում են նման առողջարաններում»,- տեղեկացրեց Էրիկը: Նուդիստի համոզմամբ, հայերը մտածելակերպով բավականին հետ են գնացել՝ 80-ականների համեմատությամբ, եւ սեռական դաստիարակության թեմաներով մերկապարանոց խոսակցությունները դեռ չեն նշանակում, թե Հայաստանում գիտակցում են սեռական ճիշտ դաստիարակության ու առողջ ապրելակերպի արժեքը: «Մարդը ծնվում է՝ նուդիզմի շերտերը կրելով իր մեջ: Ես մեծացել եմ գյուղում՝ տատիկիս տանը, կովերի կողքին, անտառում ու սարերում: Ամեն առավոտ, արթնանալուն պես՝ տատս ինձ նոր կթած կաթ է տվել, հանել բոլոր շորերս ու ուղարկել խաղալու: Եվ ես ապրել եմ բնության գրկում՝ ինչպես դրախտում: Երբ տեղափոխվեցի քաղաք ու հայտնվեցի ասֆալտին, ամեն ինչ փոխվեց իմ կյանքում: Դպրոցում հանդիպեցի ինչ-ինչ ամբիցիաներով ուսուցչական կազմի ու այդպես էլ մնացի չհասկացված: Արդյունքում երկուսներ էի ստանում, սակայն մտավոր հետամնաց չէի: Հոգեբանական ռեաբիլիտացիան եղավ միայն 17 տարեկանում, երբ մեկնեցի Գերմանիա: Այնտեղ շփվեցի մասնագետների հետ: Հասկացա, որ մերկությունը անառակություն չէ: Այն առողջ ապրելակերպ է: Պատահական չէ, որ արտասահմանում փոխեցի նաեւ մասնագիտությունս՝ արթթերապիստ (փսիխոթերապիայի տեսակներից) դարձա»,- հիշեց Էրիկը: Էրիկի կարծիքով, եթե մարդը կարողանա իր անառողջ կրքերը վերահսկել ու մերկությանը վերաբերել որպես սովորական երեւույթի, հաստատ առողջ զրույցի ժամանակ չի սեւեռվի դիմացինի մերկության վրա: «Եթե, օրինակ, խոսում ենք Բուշի կողմից Իրաքը ռմբակոծելու մասին, ինչ տարբերություն՝ հագուստով ենք, թե առանց հագուստի: Իհարկե, սրանով ես միտում չունեմ կոչ անելու, որ հանրապետության նախագահից սկսած բոլորը նուդիստներ դառնան ու մորեմերկ ման գան»,- ասում է նուդիստը: Ներկայումս նա ամերիկյան նուդիստական ընկերություններից մեկի անդամ է: Հավաստիացնում է, որ ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Գերմանիայում, Մերձբալթիկայում ու անգամ հարեւան Վրաստանում պաշտոնապես գրանցված նուդիստական ակումբներ ու միություններ կան: Եվ բոլորին չէ, որ բախտ է վիճակվում անդամակցել նրանց: Ցանկացողները պետք է նախ հատուկ թեսթ հաղթահարեն, անցնեն հոգեբանի «թրի տակով» ու վերջինս համապատասխան բնութագիր տա «հետազոտվողի» վերաբերյալ: Եվ եթե հայ նուդիստները անգամ հավաքատեղի չունեն, նրանց դրսի «կոլեգաները» ոչ միայն հսկայական տարածքներ ունեն, այլեւ հստակ կանոնադրություն: Եվ վայ նրան, ով նուդիստական կանոնադրությանը հակասող որեւէ քայլ կանի կամ անվայել ու անառակաբարո վարմունքով արատավորի նուդիստների անունը: Էրիկի պնդմամբ, նման մարդիկ հայտնվում են դատարաններում ու «դատական պրոցեսները հաճախ լուծվում են հօգուտ նուդիստական ակումբների»: Էրիկը մտադիր է նուդիստական ակումբ հիմնել Հայաստանում։ Այդ դեպքում նրա նմանները հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ, քանի որ հայկական մենթալիտետը խանգարում է նրանց «գործունեությանը»։ «Առավոտի»՝ «իբրեւ հայ տղամարդ, ինչպես եք վերաբերվում ուրիշ տղամարդկանց ներկայությամբ ձեր կնոջ մերկությանը» հարցին Էրիկը պատասխանեց. «Շատ նորմալ, եթե կա ճիշտ սեռական դաստիարակություն եւ նորմալ սեռական կյանք»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ