Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏ ՃԱՂԱՐՅԱՆԸ` ՖԻՖԱ-Ի ՄՐՑԱՎԱՐ

Փետրվար 11,2004 00:00

Փետրվարի 1-5-ը Մադրիդում անցկացվեց «ՈՒԵՖԱ-ի նոր մրցավարների ծանոթացման կուրսեր» միջոցառումը:

Միջոցառմանը հաջող մասնակցեց եւ ՖԻՖԱ-ի մրցավարի պատվավոր կոչումով տուն վերադարձավ Հայաստանի ներքին առաջնության հանդիպումները սպասարկող ամենակոլորիտային մրցավարներից մեկը՝ Արարատ Ճաղարյանը:

Քանի որ հանրապետության 13-րդ առաջնության մեկնարկն արդեն սարերի ետեւում չէ, ու դրան ամենայն լրջությամբ նախապատրաստվում են նաեւ իրենք՝ մրցավարները, որոնք պետք է մասնագիտական իմացություններից բացի, նաեւ ֆիզիկապես լավ մարզավիճակում լինեն, ներկա եղանք Ճարտարագիտական համալսարանի մարզադահլիճում նրանց հերթական մարզմանը: Այն նվիրված էր ֆուտբոլ խաղալուն:

Կարճատեւ հանգիստներից մեկի ժամանակ էլ զրուցեցի Արարատ Ճաղարյանի հետ:

– Նոր մրցավարների կուրսերը կազմակերպել էր ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնակցությամբ: Ներկա էին նաեւ ՖԻՖԱ-ի տարբեր կոնֆեդերացիաների ներկայացուցիչներ: Հրավիրվել էին նրանք, ովքեր առաջին տարին էին հաստատվել որպես ՈՒԵՖԱ-ի մրցավար: Այս տարվա կուրսերը կարելի է բեկումային համարել, որովհետեւ, ՈՒԵՖԱ-ն խստացրել է մրցավարներին ներկայացվող ֆիզիկական պատրաստվածության պահանջները: Դրա հետ կապված էլ, փաստորեն, փորձարկվում էր մրցավարների ֆիզպատրաստվածության նոր թեստավորումը:

– Ի՞նչ պահանջներ են դրված դրա հիմքում:

– 12 րոպեում վազել առնվազն 2700 մետր, երկուական 50 եւ երկուական 200 մետր արագավազք, որոնք համապատասխանաբար անհրաժեշտ է հաղթահարել նվազագույնը 7,5 եւ 32 վայրկյանում: Դրանից հետո հարկավոր է քննություն հանձնել անգլերենի իմացությունից: Մրցավարական նոր անձնակազմին թեստավորելու էր ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի 11 անդամ: Այս արգելքները հաջող անցնելով միայն կարելի էր արժանանալ ՖԻՖԱ- ի մրցավարի կոչման:

– Դու երկու փորձություններն էլ հաղթահարել ես: Հետաքրքիր է՝ ի՞նչ գնահատականներ ես ստացել:

– Ասեմ, որ Մադրիդ հասա փետրվարի 1-ի ուշ երեկոյան, իսկ հաջորդ օրը վաղ առավոտյան սկսվեց ֆիզպատրաստականության քննությունը: 12 րոպեում վազեցի 2720 մետր, 50 մետրերը անցա 6,65-ում, իսկ 200 մետրերը՝ 29,20-ում: Արդյունքներս գնահատվեցին «լավ»: Օգտվելով առիթից, շնորհակալությունս եմ հայտնում թեթեւ ատլետիկայի մարզչիս՝ Վահան Նիկոլյանին, որի օգնությամբ վերջին 2-2,5 ամսում 30կգ քաշ եմ գցել, առանց որի պարզապես չէի մեկնի Մադրիդ: Այնուհետեւ սկսվեց անգլերենի թեստավորումը: Ինձ քննում էր անգլիախոս, շոտլանդացի Քեն Ռիդընը: Նա շատ գոհ մնաց իմ պատասխաններից ու գնահատեց «շատ լավ»:

– Ու առաջին անգամ դարձար ՖԻՖԱ-ի մրցավար: Իսկ քանի՞ հոգի էր հավակնում այդ կոչմանը: Բոլորն էլ անցա՞ն:

– Եկել էին 25 երկրի 27 մրցավարներ: Չանցավ միայն Վրաստանից Կախաբեր Մեսխին: «Կտրվեց» անգլերենից: Նրան վեց ամիս ժամանակ տվեցին:

– Ի՞նչ կարգով է կատարվում ընտրությունը:

– Թեկնածուին ներկայացնում է երկրի ֆեդերացիան, ազգային ասոցիացիան՝ հաշվի առնելով տեղի առաջնությունները սպասարկելու որակն ու մակարդակը: Եվ կարիք լինելու դեպքում ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն հրավեր են ուղարկում:

– Հայաստանից մինչեւ հիմա քանի՞ հոգի է արժանացել ՖԻՖԱ-ի մրցավարի կոչման:

– Ես չորրորդն եմ: Մինչ այդ եղել են Սլավա Ղազարյանը, Կարեն Նալբանդյանը եւ Գեւորգ Հովհաննիսյանը:

– 2004-ին այդ կոչմանը ներկայացվել եք դու եւ Կարեն Նալբանդյա՞նը:

-Այո: Ափսոս, որ Գեւորգ Հովհաննիսյանի տարիքն արդեն լրացել է: Տարիքային սահմանափակում գոյություն ունի՝ մինչեւ 45 տարեկան:

– Դու քանի՞ տարեկան ես:

– Երեսունվեց:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել