Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին, բայց ոչ վերջին դերերգը

Փետրվար 11,2004 00:00

1999թ. Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Աննա Մնացականյանը օրերս հանդես եկավ իր առաջին՝ Լեոնորայի դերերգով Վերդիի «Տրուբադուր» օպերայում։

– Երգիչների՝ առանց այն էլ կարճ բեմական կյանքի համար երկար ժամանակահատված չէ՞ հինգ տարի սպասելը։

– Միանգամից ասեմ՝ իմ մեղավորությունն է։ Մասնագիտությամբ նաեւ երաժշտագետ եմ ու, բնականաբար, չափից ավելի խստապահանջ իմ հանդեպ։ Նշեմ, որ ներկայացումը երիտասարդ կազմով էր (մեներգիչներ՝ Արա Ավանյան, Ալեքսանդր Թամազով, Լիլիթ Գրիգորյան, Վահան Մակվեցյան), ղեկավարեց նույնպես երիտասարդ դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Շտապելու ոչինչ չունեմ։ Մասնակցում եմ նաեւ Երեւանի պետկոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմադրություններում (Հայդն՝ «Դեղագործը», Մասկանի՝ «Գեղջկական պատիվ» եւ այլն)։ Կարծում եմ, Ազգային օպերայում էլ առաջինն ու վերջինը չի լինի։

– Այնուամենայնիվ, միգուցե եղել են ո՞չ ստեղծագործական արգելքներ։

– Ոչ։ Նման արգելքների մինչ օրս չեմ հանդիպել։ Գիտեք, սա այն մասնագիտությունն է, որ մշտապես սովորելու, կատարելագործվելու բան կա։ Այս հարցում ինձ օգնում է դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Օլգա Խաչիկյանը, որի հետ միաժամանակ պատրաստում եմ նոր դերերգեր, այդ թվում՝ Նորմա, Վիոլետա, Լիզա եւ այլն։

– Եթե ձեր հանդեպ այդքան խիստ եք, նույն «խստությամբ» ասեք, խնդրեմ, ընդհանուր առմամբ ի՞նչ է այսօր պակասում մեր օպերային թատրոնի երիտասարդ երգիչներին։

– Բեմական շարժում։

– Չե՞ք փորձել «շուկա» դուրս գալու համար իմպրեսարիո գտնել։

– Հիմնականում իմպրեսարիոն ինքն է գտնում երգչին, որին նպաստում է կատարողի հաճախ երեւալը միջազգային բեմերում։ Այս առումով ճիշտ եմ համարում երիտասարդ երգիչների մասնակցությունը միջազգային մրցույթներին։ Այս տարբերակը ինքդ քեզ ստուգելու, ներկայացնելու, ներկայանալու ամենալավ ձեւն է։ Ու եթե ամեն ինչ ստացվի բարձր մակարդակով, ապա ինքը՝ իմպրեսարիոն կհայտնվի։ Նրան հատուկ որոնել հարկավոր չէ։

– Հաջորդ դերերգը ո՞րը կլինի թատրոնում։

– Այն, որը կգոհացնի թատրոնի գեղարվեստական ղեկավարին՝ Գեղամ Գրիգորյանին։

Զրույցը՝ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել