Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ՝ Դալմայի այգիները

Փետրվար 11,2004 00:00

«Պուզատիների» շահերից ելնելով, այստեղից քշելու են հողը մշակող վարձակալներին

Հյուսիսային պողոտայի բնակիչների հարցը դեռ չլուծած, Երեւանի քաղաքապետարանը պետք է պատրաստվի նոր գրոհի։ Այս անգամ՝ «հարավային» կողմից. Իսակովի պողոտային զուգահեռ ձգվող Դալմայի այգիների վարձակալներից։ Երեկ բնակիչները հանդիպեցին Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետ Աղվան Գրիգորյանին, պարզելու, թե ինչո՞ւ թաղապետարանի գյուղբաժինը չի երկարաձգում հողօգտագործման իրենց պայմանագրերը։ Պարզեցին. «Թաղապետարանն այլեւս չի կարող կնքել հողի վարձակալության պայմանագրեր, որովհետեւ 2001 թվին Հողային օրենսգրքում կատարված փոփոխությունից հետո հողօգտագործման պայմանագրեր կնքում է միայն քաղաքապետարանը»։ Չինովնիկների փրկօղակ՝ «օրենսդրական բացը» ակնհայտ է: Օրինակ, Ամալյա Գեւորգյանը 5 տարով 400 քմ հողի վարձակալության թույլտվություն է ստացել անցյալ տարի՝ թաղապետարանից եւ այդ առումով նա միակը չէ։ Թաղապետարան ներկայացած բնակիչների մեծ մասի հողի վարձակալության ժամկետը լրանում է այս տարի։ Նրանց հողամասեր են այցելել ինչ-որ մարդիկ եւ ասել. «Չսկսեք վարուցանքը։ Էս հողն այլեւս ձերը չէ»։ Սակայն համայնքապետը վստահեցրեց. «Գնացեք եւ շարունակեք աշխատել ձեր հողի վրա, իսկ պայմանագրերի հարցը մոտ օրերս կքննարկենք, քաղաքապետի մոտ խորհրդակցություն է լինելու, մի ձեւ կգտնենք»։ Թաղապետը դեմ չէր քաղաքաշինական ծրագրերին եւ դրանց զարգացմանը։ Բայց գտնում էր, որ «հողերը ժողովրդից չեն կարող հենց այնպես վերցնել, եթե մի տեղ աշխատանք է արված՝ այն պիտի գնահատվի, այլ կերպ վարվելը կնշանակի խլել հողը»։ Նրա կարծիքով, կարելի է վաճառել Իսակովի պողոտայի աջ եւ ձախ հատվածները, այդ գումարից փոխհատուցելով տարածքը զբաղեցնողներին։ Բայց Դալմայի այգիների ներս ընկած հատվածում նոր հողհատկացումներ անելը, պրն Գրիգորյանի կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ։ «2000 տնտեսություն են կերակրում այդ հողակտորները, նրանցից 30-ը զոհված ազատամարտիկների ընտանիքներ են։ Ի՞նչ պատասխան տամ ես նրանց»,- իր կարծիքը հիմնավորեց թաղապետը։

Նկատենք, որ պատմամշակութային տարածք համարվող Դալմայի այգիները երկար տարիներ է կռվախնձոր է դարձել նաեւ բնապահպանների ու քաղաքապետարանի միջեւ՝ բոլոր քաղաքապետերի ժամանակ: Այժմ կառավարության (ոչ քաղաքապետարանի) տարբեր որոշումներով տարածքներ են տրամադրվել Հայկական ավիացիային, «Ռենկո» ընկերությանը, հաշմանդամների «Փյունիկ» կազմակերպությանը, ինչ-որ բուհի եւ այլոց։ Երեկ վարձակալները փորձում էին ճշտել՝ իրենց հողակտորն արդեն հայտնվե՞լ է «սեւ ցուցակում», իրենց քշելո՞ւ են սեփական հողից, թե՞ դեռ ոչ։ Շատերն իմացան դառն իրականությունը։ Տասնյակ տարիների ընթացքում ստեղծած այգին ու բանջարանոցը, նաեւ ոմանց տնակները վաճառվել են առանց վարձակալի գիտության։ Թեպետ հիմնականում պայմանագրերն ուժի մեջ էին մինչեւ այս տարվա սեպտեմբերը եւ բոլորն էլ բարեխղճորեն վճարել էին հողի, ջրի վարձերը։

Թաղապետի խոսքը բնակիչներին չհուսադրեց. բակում նրանք պայմանավորվեցին չսպասել ու շարունակել պայքարն արդեն քաղաքապետարանում։ Այսօր բողոքարկուները մտադիր են պահանջել Ե. Զախարյանից՝ սեփականաշնորհել հողատարածքներն իրենց կամ վարձակալության ժամկետը երկարացնել 50 տարով։ Գումարային փոխհատուցման մասին վարձակալները չեն մտածում, գոնե՝ առայժմ։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել