Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՑԵՆԶԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ»

Փետրվար 11,2004 00:00

«Ազգային
միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը պատրաստակամություն
է հայտնում Սերժ Սարգսյանի հետ տղայական բանավեճի ուղարկել իր թոռան ընկերներին:

Իր հասցեին ՊՆ նախարարի վիրավորանքներին Արտաշես Գեղամյանը նախընտրեց պատասխանել հարցադրումներով. «Ես ուզում եմ Սերժ Սարգսյանին մի քանի հարցով դիմել: Հարց առաջին. պրն Սարգսյանն ամռանը Մոնտե-Կառլոյում ղումար խաղացե՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե խաղացել է, ու տանուլ տվել այդ միլիոնները՝ որտեղի՞ց է նա հատուցել դրանք: Իսկ եթե սա հերյուրանք էր իր հասցեին՝ ինչո՞ւ պրն Սարգսյանը դատի չտվեց այդ տեղեկությունը տարածող ուժերին ու լրատվամիջոցներին: Խոսակցություններ կան, թե նա պարզել էր, որ այդ լուրերը տարածողը ոչ թե «Ազգային միաբանությունը» կամ ընդդիմադիր դաշտի այլ ուժերից է, այլ կոալիցիային մաս կազմող կուսակցություններից մեկը, որն իր պնդումը նաեւ ամրագրել էր Ֆրանսիայից ստացված համապատասխան նյութերով:

Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդպես էլ դատի չտվեց նույն Դաշնակցության ղեկավարությանը, ինչպես նաեւ «Գրանդ հոլդինգ»-ի նախագահին, որոնք 2003-ի մայիսին «Գրանդ Սան»-ի նիստերի դահլիճում ԱԺ ընտրությունների նախօրյակին խորհրդակցություն էին հրավիրել ու հնչեցրել հետեւյալ խոսքերը. «Եթե ցանկանում եք, որ Հայաստանում վերջ տրվի կաշառակերությանը եւ կոռուպցիային, ապա օր առաջ պետք է պաշտոնից ազատվի այս ամենի կնքահայր Սերժ Սարգսյանը: Ինչո՞ւ վերջինս դարձյալ այդքա՜ն մեծահոգաբար վարվեց իրեն կաշառակերության ու կոռուպցիայի մեջ ուղղակիորեն մեղադրող քաղաքական ուժի նկատմամբ:

Երրորդ հարցը՝ եթե Սերժ Սարգսյանի պատվերով չէր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը սպառնացել Լեւոն Աբրահամյանին, որ նա ցուցմունք տա, թե պաշտպանության նախարարի հանդեպ մահափորձի պատվիրատուն Արտաշես Գեղամյանն է՝ ինչո՞ւ նոր քրգործ չհարուցվեց Լեւոն Աբրահամյանի դեմ՝ զրպարտության մեղադրանքով»:

Արտաշես Գեղամյանն ասաց, թե ուրիշներին մեղադրելը հարիր չէ այն մարդուն, «որը ձախողելով Ազգային անվտանգության նախարարության ղեկավարումը՝ հնարավոր դարձրեց 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Ու փոխանակ Սերժ Սարգսյանը խստագույնս պատժվեր այդ մեծագույն հանցագործությունը չկանխելու համար՝ այսօր հանդես է գալիս բարոյականության ճառերով: Հոգուս մեղք չեմ ուզում վերցնել՝ գուցե այս բոլոր դեպքե՞րն են լրջագույն ներազդեցություն ունեցել մեր պաշտպանության նախարարի հոգեվիճակի վրա: Այլապես չէր փորձի քաղաքական բանավեճերը տեղափոխել տղայական հարաբերությունների հարթություն՝ ասելով, թե իբր իրեն քննադատելը կարող է միավորներ բերել որեւէ մեկին եւ տպավորություն ստեղծել, թե նա ռիսկով ու «դուխով» տղամարդ է: «Դուխով» կամ ոչ «դուխով» լինելն իմ կյանքում պայմանավորված էին 1990-ի մայիսի 27-ի դեպքերով, երբ ինքն ու իր նմանները սադրեցին Նուբարաշենի գործողությունները ու անհետացան: Եվ ես մի քանի համարձակ մարդկանց հետ կարողացա կանխել արյունահեղությունը»:

Նշելով, թե պաշտպանության նախարարի հետ բանավիճելու խնդիր չունի, «քանի որ մեր կրթական ցենզերը տարբեր են»՝ «Ազգային միաբանության» ղեկավարն այնուամենայնիվ պատրաստակամություն հայտնեց շարունակել քաղաքական բանավեճը, «եթե Սերժ Սարգսյանը պատասխանի իմ տված հարցերին: Պատրաստ եմ դրանից հետո նրա հետ նորից նստել հեռուստաբանավեճի: Միայն մի խնդրանք ունեմ, որ ի սկզբանե ասի, թե ներդրել է իր մտային ու մնացած ողջ կարողությունները: Եթե ինչ-ինչ հարցեր ստիպում են նրան ձեռնպահ մնալ նման բանավեճից՝ թող մի թիմ հանի իմ դեմ, որի հետ պատրաստ եմ քննարկել ժողովրդին հուզող հարցերը:

Չեմ կարծում, թե նախարարն արդեն այնքան է՝ մեր Ալեքսան Կարապետյանի բառապաշարով ասած, «շողուլից ընկել», որ բացարձակապես սթափ չի գնահատում իրականությունը: Մի ամբողջ ազգ չի ընդունում հատկապես իրեն, եւ ասում է, թե մեր երկրի փրկությունը պայմանավորված է իր հեռացմամբ: Ուստի Սերժ Սարգսյանին ուզում եմ հորդորել՝ թող անպայման խորհի մեր ժողովրդի հավաքական կամքի այդ դրսեւորման մասին: Իսկ եթե խորհի, համոզված եմ, հրապարակայնորեն ներողություն կխնդրի մեր ժողովրդից, որը մեծ վստահություն ցուցաբերեց նրա եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ եւ 6 տարի առաջ հանդուրժեց այն հեղաշրջումը, որով նրանք բռնազավթեցին իշխանությունը»:

Հավելեց. «Ես սովոր եմ քաղաքական կատեգորիաներով բանավիճել եւ ոչ տղայական: Տղայական տարիքից դուրս եմ եկել 14 տարեկանում: Իսկ եթե պրն Սարգսյանը հավատարիմ է մանկամիտ երիտասարդների հասակին ներհատուկ դրսեւորումներին՝ կարող եմ մի քանի տարի անց թոռանս ընկերներին խնդրել, որ հետը բանավիճեն այդ լեզվով»:

Արտաշես Գեղամյանը վերջում նշեց. «Այնուամենայնիվ, գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային կենսագրության մեջ միայն սեւ էջեր չէ, որ եղել են: Ունեցել է նաեւ փոքր-ինչ ոգեւորող էջեր՝ Ղարաբաղի հերոսամարտին իր մասնակցությամբ (չնայած նրա մարտական լավագույն ընկերը՝ Սամվել Բաբայանն այսօր Շուշիի բանտում է): Ուրեմն, թող այնպես չանի, որ մենք հիշենք միայն այն վատը, որ հատուկ է Սերժ Սարգսյանի գործունեության վերջին 7-8 տարիներին»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել