Լրահոս
Օրվա լրահոսը

Կընտրենք ոսկե միջինը

Փետրվար 10,2004 00:00

Կընտրենք ոսկե միջինը Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը լրագրողներին պաշտոնապես ներկայացրեց հանրակրթության պետական կրթակարգի նախագիծը: Այդ նախագծի վերաբերյալ առաջարկները ոլորտին առնչվող անձանց, այդ թվում եւ՝ լրագրողների կողմից կընդունվեն մինչեւ մարտի 15-ը, այնուհետեւ այն կներկայացվի կառավարության դատին: Կրթակարգը առաջիկա 15 տարիների ուսուցման համար է եւ սահմանում է սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների այն մակարդակը եւ արժեքային համակարգը, որը պետք է ձեւավորվի տարրական, միջին եւ ավագ դպրոցում: Նախարարի խոսքով, փաստաթուղթը ստեղծված է ազգային դպրոցի ավանդույթների հիման վրա, որտեղ հաշվի են առնված նաեւ ուսուցման միջազգային չափանիշները: Ի տարբերություն աշխարհում գործող համակարգի, մեզ մոտ, օրինակ, հայոց լեզուն եւ գրականությունը չեն մտնի ընդհանուր լեզուների բլոկի մեջ, այլ հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն, ինչպես եւ՝ հայ եկեղեցու պատմություն առարկան: ԿԳՆ նախադպրոցական եւ դպրոցական բաժնի պետ Կարեն Մելքոնյանը նշում է, որ կրթակարգը բովանդակային խնդիր կլուծի. ինչպիսին պետք է լինի շրջանավարտը, վաղվա քաղաքացին: Իսկ գնահատման համակարգում մերոնք առաջնորդվել են Լատվիայի հաջողված օրինակով, այսինքն՝ մեզ մոտ էլ հավանաբար կմտցվի 10 միավորանոց գնահատման համակարգ: Խոսելով նոր կրթակարգի եւ հնի տարբերության մասին, Կրթական բարեփոխումների կենտրոնի փոխնախագահ Գագիկ Մելիքյանը նախ համեմատեց մեր հին համակարգն ու ամերիկյան մեթոդը: Առաջինը, ըստ նրա, աչքի էր ընկնում ակադեմիզմով եւ գիտելիքների հիմնարարությամբ, իսկ երկրորդն ավելի շատ զարգացնում է սովորողի գործնական հմտությունները: Այս նոր կրթակարգով մենք կընտրենք ոսկե միջինը՝ գիտելիքների համակարգի հետ մեկտեղ՝ մտածողության մեթոդների տիրապետում, ինչին այսօր ձգտում է նաեւ ամերիկյան հանրակրթությունը: Ի դեպ, կրթակարգի նախագծում «Չափորոշիչների գործառույթների» մեջ կետ կա նաեւ մամուլի համար. «Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ համացանցի՝ որպես կրթական միջավայրի բաղադրամասի, մանկավարժական ներգործության ապահովումը եւ հակամանկավարժական ներգործության կանխարգելումը»: Հետաքրքիր է՝ ով եւ ինչպես է որոշելու, թե որ հրապարակումն է մանկավարժական եւ որը՝ հակամանկավարժական: Այս ամենը դեռ կքննարկվի եւ առաջիկայում կանդրադառնանք նաեւ կրթակարգի առանձին կետերի: Այսօրվանից մինչեւ մարտի 2-ը նախարարը քննարկումներ կանցկացնի հանրապետության տարբեր մարզերի դպրոցներում՝ ուսուցիչների եւ աշակերտների մասնակցությամբ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել