Հնչակյան պատերազմ-2 «Այս թագը պիտի լինի իմ եւ միայն իմ գլխին»,- մոտավորապես այս ոգով են իրար դեմ պայքարում իշխանամետ եւ ընդդիմադիր հնչակներ Էռնեստ Սողոմոնյանն ու Ջորջ Հակոբյանը։ Օրերս, անդրադառնալով Հայաստանում հնչակյան «ռազբորկաներին», Լոս Անջելեսում լույս տեսնող «Մասիս» պարբերականը հրապարակել է ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ Էդիկ Մարգարյանի տեսակետը՝ ընդդիմադիր (Ջ. Հակոբյանի ղեկավարած) հնչակներին վերագրանցելու առիթով։ Ըստ այդմ, Է. Մարգարյանը նկատել է, որ Ջ. Հակոբյանի ղեկավարած կուսակցությունը վերագրանցման հետ կապված դարձյալ խնդիրներ ունի։ Բանն այն է, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս նույն ատրիբուտներով՝ երկու կուսակցության գրանցում։ Իսկ հնչակյան ատրիբուտներով՝ իշխանամետ Է. Սողոմոնյանի ղեկավարած կուսակցությունն արդեն գրանցվել է։ Մեր տեղեկություններով, այս օրերին Բեյրութում տեղի է ունեցել նաեւ Հնչակյան կենտրոնական վարչության նիստը, որտեղ որոշվել է քաղաքական, բարոյական եւ ֆինանսական աջակցություն չտրամադրել Ջ. Հակոբյանի կուսակցությանը։ Ի դեպ, Ջ. Հակոբյանը մեկշաբաթյա այցով մեկնել էր Դամասկոս։ Մեր հարցին՝ արդյո՞ք հավաստի են այդ լուրերը եւ ի՞նչ առաքելությամբ էր ՍԴՀԿ առաջնորդը մեկնել Դամասկոս, նա պատասխանեց. «Հերթական հերյուրանքներն են։ Սիրիայից եւ Հալեպից էլ էին եկել ու շատ ջերմ մթնոլորտ էր»։ Իսկ հնչակյանների առաքելությունը եղել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումը։ Ըստ Ջ. Հակոբյանի, Սփյուռքը մտահոգված է ԵԽ ԽՎ-ի դիրքորոշմամբ եւ Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակով։ Հնչակները համոզել են, որ դրանք ժամանակավոր խնդիրներ են, «իսկ հայրենիքից չպետք է հիասթափվել»։ Տեղեկացանք նաեւ, որ ՍԴՀԿ-ն վերագրանցման փաստաթղթերն արդեն ներկայացրել է։ Պարոն Հակոբյանը վստահ է, որ այս անգամ մերժման հիմքեր չկան։ Դիտարկմանը, որ Է. Սողոմոնյանի ՀՍԴՀԿ-ն հնչակյան ատրիբուտներով արդեն գրանցվել է՝ Ջ. Հակոբյանը իր հանրահայտ դիրքորոշումն արտահայտեց. «Իրենք յուրացրել են»։ Վերոբերյալի առիթով, իշխանամետ հնչակ Էռնեստ Սողոմոնյանը հետեւյալ կարծիքն արտահայտեց. «Այո՛, ես Բեյրութի եւ Սիրիայի ընկերներից այդ ամենի մասին լսել եմ։ Ես ասում էի չէ՞, որ ընդդիմությունը գործ ունի չկայացած քաղաքական գործչի եւ անլուրջ մարդու հետ։ Ո՞ւր է իրենց ընկերն այս նեղ պահին, երբ ԱԺ-ի աշխատանքներն են բոյկոտում, քաղաքական որոշումներ են կայացնում, ի վերջո, իր կուսակցության ճակատագիրն է որոշվում»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ