Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչատրյանը՝ նորովի

Փետրվար 10,2004 00:00

Շաբաթ օրը Տիգրան Խզմալյանը ներկայացրեց իր նոր ֆիլմը մեծ կոմպոզիտորի մասին

«Արամ Խաչատրյանը վիրավորվում էր, երբ իրեն Եվրոպայում պարոն «Սուսերով պար» էին կոչում»,- ասվում է ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արամ Խաչատրյանի դարը» 35 րոպեանոց վավերագրական ֆիլմում: Սցենարի հեղինակը եւս Տիգրան Խզմալյանն է։ Ողջ ֆիլմի ընթացքում հնչում է Տ. Խզմալյանի ձայնը՝ Խաչատրյանի երաժշտությանը զուգահեռ, եւ նա փորձում է նորովի ներկայացնել կոմպոզիտորին։ «Արամ Խաչատրյանի դարը» ֆիլում օգտագործվել են նաեւ կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի 1982-ին նկարահանած «Արամ Խաչատրյան» երեք մասանոց վավերագրական ֆիլմից հատվածներ։ Ֆիլմը հեռուստատեսային ֆիլմերի «Երեւան» ստուդիայի 2004 թվականի առաջին պրոյեկտն է, ֆիլմի ստեղծմանը աջակցել է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը (բյուջեն կազմել է 4 մլն դրամ):

Հայտնի մարդկանց մասին ֆիլմաշարի աշխատանքները Տ. Խզմալյանը սկսել է 1998-ից։ Նկարահանվել է Տիգրան Պետրոսյանի մասին՝ «Արքայի մահը», «Արարատի» հաղթանակի մասին՝ «73-ի ֆուտբոլը» ֆիլմերը, պատրաստվել է նաեւ շուրջ 40 տեսահոլովակ՝ Իսահակյանի, Փարաջանովի, Ենգիբարյանի, Բաղրամյանի եւ այլոց մասին։ Փետրվարի վերջերին ֆիլմը կցուցադրվի նաեւ հեռուստաէկրաններից, կտարվի արտերկիր:

Ֆիլմում հատկապես ուշագրավ են այն բացառիկ կադրերը, որտեղ Ա. Խաչատրյանը իր հռչակավոր «Սուսերով պարի» առաջին նշումներն է անում, կոմպոզիտորի եւ Մ. Սարյանի հանդիպումը: «Առավոտի» այն հարցին, թե ինչ նորություն կա ֆիլմում, Տ. Խզմալյանը պատասխանեց. «Մենք փորձել ենք «սեփականաշնորհել», ազգայնականացնել Ա. Խաչատրյանին, քաջ գիտակցելով, որ նա դրա կարիքը չունի, մենք կարիք ունենք հասկանալու, թե որքանով է նա ազգային՝ լինելով համաշխարհային արվեստագետ»: Ֆիլմի նկարահանման ժամանակ Տ. Խզմալյանը իր համար բացահայտել է նաեւ Ա. Խաչատրյան-մարդուն. «Դժվար էր Արամ Խաչատրյան-ստերիոտիպը հաղթահարել, նրան ոչ թե արձան, այլ մարդ տեսնել: Նա եղել է շատ կենսախինդ, մի քիչ միամիտ, մի քիչ ձեւական, բայց շատ բարի ու գեղեցիկ մարդ»: Ֆիլմում փորձ է արված նաեւ բացահայտելու մեծանուն կոմպոզիտոր-քաղաքացու կերպարը. «1948-ին Շոստակովիչի, Պրոկոֆեւի եւ Խաչատրյանի երաժշտությունը համարվեց հակաժողովրդական, այսուհանդերձ Խաչատրյանը քաղաքական այլախոհ չէր: Սակայն նա «ձնհալից» շուտ բարձրացրեց իր անհնազանդության ճիչը՝ գրելով «Սպարտակ» բալետը»:

Ամբողջ ֆիլմի ընթացքում հնչում է խաչատրյանական անզուգական երաժշտությունը, որին զուգահեռ լսվող խոսքերը գրված են այնպիսի ջերմ սիրով եւ ոգեւորությամբ, որ ակամայից հպարտության զգացում ես ապրում, որ հայ ես ծնվել:

Տ. Խզմալյանը շուտով պատրաստվում է մի ֆիլմ էլ նկարել Ալեքսանդր Թամանյանի մասին: Ըստ ռեժիսորի, յուրաքանչյուր սերունդ պարտավոր է անդրադառնալ անցյալի մեծերին, վերանայել, երբեմն նաեւ վերանվանել նրանց: Իսկ այսօր Հայաստանում տիրող մշակութային կյանքի մասին նա ասաց հետեւյալը. «Երբ պետությունը ունի իր գաղափարախոսությունը, արվեստը կամ պետք է ծառայի, կամ ընդդիմանա դրան, մեր պետությունն այսօր չունի իր գաղափարախոսությունը, ստիպված մենք ենք զբաղվում գաղափարախոսություն ստեղծելով: Ազգային արժեքներն էլ վերածվել են դրամի վրայի պատկերների»:

ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել