Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴՎԶԵԼ ԵՆ

Փետրվար 10,2004 00:00

Նրանք ցանկանում են, որ «Ստեղծագործական միությունների մասին»
նոր օրենքով թիթեռ սիրողը տարբերվի արվեստագետից, իսկ ՀԿ-ները՝ ստեղծագործական
միություններից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 6-ին ստեղծագործական միությունների ղեկավարները հանդիպել են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Արդյունքում, «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են ԱԺ համապատասխան հանձնաժողովի եւ ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ:

Ըստ ամենայնի, միությունների ղեկավարներին սաստիկ վրդովեցրել էր կառավարության առաջարկված օրենքի նախագիծը:

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն իր գործընկերների անունից հայտարարեց, որ վերոնշյալ օրենքի նախագծի նախնական տարբերակը նույնիսկ վտանգավոր էր միությունների համար: «Հայտնվել էր մի նախագիծ, որ լավ է՝ չլիներ: Որեւէ օգտակար բան այդտեղ չկար, չէր խոսվում պետության եւ միությունների կապի մասին: Նույնիսկ մի կետ կար, որի կիրառման դեպքում ոտնձգության էր ենթարկվում միությունների ունեցվածքը: Ըստ այդմ, ստացվում էր, որ ցանկացած պահի համապատասխան իրավասու մարմինները կարող են գալ ու ասել, որ օրենքով վերցնում են մեր տարածքները՝ հանձնելու այլ անձանց: 27 էջանոց փաստաթուղթը երեւի պետք կգար այնպիսի երկրի, որը ոչինչ չունի, չգիտի ինչ է մշակույթը: Այդ օրենքը, օրինակ, կսազեր Աֆղանստանին, որը քարուքանդ է եւ ամեն ինչ զրոյից պետք է սկսի, ոչ թե Հայաստանին։ Ըստ նախագծի, մեզ «սովորեցնում» են տարրական բաներ, օրինակ, քանի՞ տարեկանից կարելի է միության անդամ դառնալ եւ այլն»:

Ըստ պրն Աղամյանի, իրենց ներկայացված «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի նախագծում օգտագործված էր այլ երկրների փորձը, ինչին միությունների նախագահները դեմ էին։ Նրանց կարծիքով, պետք է անպայման հաշվի առնվեին հայաստանյան ռեալ իրավիճակը եւ հայկական մշակույթի առանձնահատկությունները։ «1932թ. ԽՍՀՄ-ում օրենք ընդունվեց 4 ստեղծագործական՝ գրողների, նկարիչների, ճարտարապետների եւ կոմպոզիտորների միությունների մասին, որովհետեւ այդ 4 ոլորտները մշակույթի հիմնասյուներն են։ Իսկ այսօր այդ ամենն անտեսված է»,- կարծում է Նկարիչների միության նախագահը։ Ըստ նրա, մշակույթի նախարարությունը պետք է ունենա ստրատեգիական ծրագրեր, ստեղծի երկրի մշակութային քաղաքականությունը ու ստեղծագործական միությունների միջոցով փորձի լուծել մշակութային-ռազմավարական խնդիրները։ Դրա փոխարեն, ստեղծագործական միությունները մինչ օրս տարօրինակ կարգավիճակում են՝ աշխատում են «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի ներքո։ «Դա նշանակում է, որ մեր երկիրը չի տարբերում մշակույթն ու հասարակական կազմակերպությունը։ Գործում ենք նույն օրենքներով, ինչպես, օրինակ, Կանանց իրավունքների կենտրոնը կամ Թիթեռնիկ սիրողների միությունը, մինչդեռ կերպարվեստը մշակույթի հիմնասյուներից է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ պետբյուջեով մշակույթին 1%-ից մի քիչ ավելի է հատկացվում, իսկ կերպարվեստին՝ զրո ամբողջ քանի հարյուր-հազարերորդականը»,- ասաց ՆՄ նախագահը։ Նրա հավաստմամբ, բոլոր ստեղծագործական միությունների ղեկավարներն այնպես են ընդվզել օրենքի նախագծի դեմ, որ «Արթուր Բաղդասարյանը ասել է՝ համարեք, որ այդ նախագիծը չի եղել»։ Ներկայումս ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այն կոնցեպցիայի վրա, որը պիտի լինի նոր օրենքի հիմքում։ Հետաքրքիր է մի հանգամանք. ԱՊՀ բոլոր, նույնիսկ միջինասիական հանրապետությունները, վաղուց ունեն ստեղծագործական միությունների մասին օրենք, իսկ Հայաստանը՝ ոչ, թեեւ համարվում ենք մշակութային երկիր։

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել