Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՀԱՐՎԱԾ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Փետրվար 10,2004 00:00

Ճնշենք բուհական կոռուպցիան՝ հանուն բանակային կոռուպցիայի

Իրոք, դժվար թե ԱՊՀ որեւէ երկրի ղեկավարի գլխում «փայլատակեր» գիտության զարգացմանը «նպաստող» նման նորարարություն, այն էլ ՌԴ-ում գիտությունը խթանող Պուտինի նախանձելի քայլերի ֆոնի վրա:

Դա մի հուժկու հարված է համառորեն թպրտացող գիտության գլխին՝ այն ծրագրավորված կերպով խարխլող ու ճնշող քայլերի շարքում: Նմանակելով հայտնի բանաստեղծին՝ խրախուսենք. «Հե՛յ, ձե՛զ մատաղ, իշխող տղերք,/ Գիտությանը մի զարկ տվեք, /Վերջին զարկը տվեք մտքին, /Որ խորտակվի նա հիմնովին»:

Փորձենք վերլուծել օրինաստեղծության «գոհարը» եւ դրա «հիմնավորումը»: Պարզվում է, մագիստրատուրայից եւ ասպիրանտուրայից որոշել են բանակ տանեն՝ գիտակրթական համակարգում կաշառակերությանը վերջ տալու նպատակով: Ես դա կվերաշարադրեի ավելի իրատեսաբար. բավական է՝ ինչքան կերել են կրթության համակարգում, հիմա էլ թող պաշտպանությունը վայելի:

Իրոք, պետք չէ մարգարե լինել, որպեսզի կանխագուշակել ապագան. նա, ով ի վիճակի է կաշառքով ընդունել իր միջակ ժառանգին մագիստրատուրա կամ ասպիրանտուրա, նույն հաջողությամբ կաշառքով կազատի նրան բանակից, մանավանդ որ այդ արատը բանակում նորություն չէ: Չեմ բացառում, որ արու զավակի տեր իշխանավորները նախապես են հոգացել… ասենք՝ հաշմանդամության կամ «գժի թուղթ» ապահովել: Ի վերջո, տուժելու են հեռանկարայինները, եւ գիտությունը վարարելու է միջակությունը:

Ցավում եմ, բայց մեր իշխանավորները պարզապես չեն պատկերացնում այսօրվա ճշգրիտ գիտությունների տեմպը՝ այն ընթանում է արագացումով եւ 4-5 տարի մի ոլորտում խորացած գիտաշխատողի համար երկամյա ընդմիջումը կարող է ճակատագրական դառնալ:

Կառավարության հետ հույս չեմ կապում, կոչս ուղղում եմ այն պատգամավորներին, որոնք գիտակցում են դա: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել այնտեղ, որտեղ այն ծաղկել է՝ լինի դա կրթության ոլորտը, դղյակաշինության եւ կամ կազինոներով ու լոտոներով ողջ ազգը խեղող ու բոշայացնողների շրջանում: Ստացվում է՝ գիտության հոնքը սարքելու փոխարեն՝ աչքն ենք հանում: Նման օրենքը ինչ-որ տեղ արդարացված կլիներ, եթե պաշտպանության համակարգը ունենար հզոր գիտաարդյունաբերական բազա՝ անսպառ ֆինանսավորմամբ, ինչպիսին էր ԽՍՀՄ-ում եւ ինչպիսին նա դառնում է այսօր ՌԴ-ում: Թուրքիայում եւս ծաղկում է կոռուպցիան, բայց եւ միաժամանակ հարյուրավոր միլիոններ են ծախսվում գիտությունը խթանելու նպատակով:

Փետրվարի 9-ին Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՌԴ-ի ակադեմիկոսների առջեւ, հայտնեց, որ երիտասարդներին դեպի գիտություն ներգրավելու, մասնավորապես, արտասահման հեռացածներին ետ բերելու նպատակով գիտության ֆինանսավորումն ավելացվում է 2.5, իսկ կրթությանը՝ 3 անգամ: Իսկ մենք 10 տարուց ի վեր հետեւողականորեն խարխլում ենք մեր ժողովրդի գլխավոր հարստությունը՝ նրա մտավոր ներուժը: Չգիտեմ՝ մեր իշխանավորներից բացի էլ ո՞վ անկեղծորեն կուրախանա այս օրենքի ընդունման դեպքում: Կարծում եմ՝ մեր արեւմտյան եւ արեւելյան հարեւանները:

Ուշքի՛’ եկեք:

ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱ
Նակադեմիկոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել