Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱ՞ՄԲ

Փետրվար 10,2004 00:00

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱ՞ՄԲ

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ուշադրություն հրավիրեց մի իրողության
վրա, որի առկայությունը՝ առնվազն կենցաղային մակարդակում, որեւէ մեկը չի
կարող ժխտել, սակայն որի մասին քչերն են հանդգնում խոսել՝ մեր ժողովրդի երկու
հատվածների միջեւ սեպ խրելու մեջ չմեղադրվելու համար: «Մի նոր տարր է մտել
մեր իրականության մեջ, որ նախկինում չկար՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը,-
ասաց Վազգեն Մանուկյանը:-
Ռոբերտ Քոչարյանի նախագահ լինելու եւ նրա ներքին ու կադրային քաղաքականության պատճառով՝ հայաստանցիների մի զգալի մասի մոտ առաջացել է ուղղակի ատելություն ղարաբաղցիների նկատմամբ: Մյուս կողմից էլ՝ ղարաբաղցիների մի մասի մոտ ձեւավորվել է գաղափարախոսություն, թե հայ ժողովրդի ամենաուսյա՜լ, ամենաակտի՜վ ու ամենաշնորհքո՜վ մասը հենց իրենք են ու պատահական չէ, որ ղարաբաղցիները հիմա Հայաստանում վերցրել են իշխանությունը: Մոռանալով, որ իրականում դա միայն մեկ մարդով է պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանով»: Մեր հիշեցմանը, թե ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ Ղարաբաղի առանձնահատկությունը Հայաստանի կյանքում հիմնավորելու համար՝ տարբեր երկրների հետ զուգահեռներով հարուստ մի ելույթ ունեցավ ԱԺ-ում, պրն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Այս գաղափարախոսությունն, իմիջիայլոց, նոր չէ: Այն Ադրբեջանի կենտկոմն էր միշտ շատ վարպետորեն ցանկանում մտցնել ղարաբաղցիների գիտակցության մեջ, որ չառաջանա Հայաստան-Ղարաբաղ միավորման հարցը: Եվ դրանով վարակված էր Ղարաբաղի կուսակցական վերնախավի մի մասը: Հիմա այդ գաղափարախոսությունը տարածում է գտել Հայաստանում, որ սարսափելի վտանգավոր մի բան է՝ արդեն կարծես դառնում ենք երկու իրար դեմ պայքարող ժողովուրդ»:

Վազգեն Մանուկյանն այս առնչությամբ եւս մի դիտարկում հայտնեց. «Հիմա մի նոր տարօրինակ ու վտանգավոր բան էլ է տեղի ունենում: Հեռուստատեսությամբ անընդհատ ցուցադրում են պատերազմը եւ ներկայացնում, թե այն հենց ղարաբաղցիներն են հաղթել: Պիտի ասեմ, որ Ղարաբաղն առանց Հայաստանի չէր կարողանա դիմանալ մեկ ամիս անգամ: Սա միայն ղարաբաղցիների հաղթանակը չէ՝ ամբողջ հայ ժողովրդի՛ հաղթանակն է: Ես այստեղ նաեւ միտում եմ տեսնում, որ այս ձեւով կարծես ուզում են ասել, թե Ղարաբաղի հարցն իրենց հարցն է՝ ոնց կուզենան կլուծեն»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել