Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բանակը չպետք է քվեարկի»

Փետրվար 10,2004 00:00

Անձնական
կարծիք է հայտնում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը
Վերջերս հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, թե բանակը չպետք է մասնակցի ընտրություններին՝ զինծառայողները չպետք է քվեարկեն։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պրն Հովհաննիսյանն այս մասին կարծիք չհայտնեց այն ժամանակ, երբ Դաշնակցության պաշտպանած թեկնածուի՝ Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբի պետը դարձավ պաշտպանության նախարարը։ Այս կապակցությամբ պրն Հովհաննիսյանն ասաց. «Նախ, պետք է անկեղծ ասեմ, որ սա իմ անձնական կարծիքն է։ Արտահայտելով այս կարծիքը, ես չեմ արտահայտում կուսակցության որեւէ մակարդակով ձեւավորված որոշում։ Առաջին հակադարձումը որ կարող է լինել իմ ասածին այն է, որ չի կարելի սահմանափակել մարդու ընտրական իրավունքը եւ այլն։ Ես մի պարզ օրինակ կբերեմ բոլորովին ուրիշ ոլորտից, բայց այն շատ հասկանալի է։ Երբ ֆրանսիական կառավարությունն իր սեփական գյուղացիներին ճնշող օրենքներ է ընդունում, կարծես թե հակասոցիալիստական քայլ է անում, ճնշելով մի հսկա խավ։ Բայց դա անելով, հնարավոր է դառնում իջեցնել գները եւ ամբողջ ժողովրդին գնային արտոնություն տալ։ Այս օրինակը ցույց է տալիս, որ, այո՝ ինչ-որ խմբի իրավունքները սահմանափակելով մենք, այնուամենայնիվ, ամբողջ հասարակության իրավունքներն ավելի բարձր մակարդակի ենք բերում, որովհետեւ այդ խմբի տեսակարար կշիռը ամբողջ հասարակության մեջ շատ ծանոթ է»։ Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ իր խոսքը ոչ այնքան իրավական, որքան բարոյական հարթության մեջ պետք է դիտել. «Ի դեպ, երբ ես ասում եմ բանակային, միայն շարքայիններին նկատի չունեմ, այլ բոլորին, այդ թվում նաեւ սպաներին։ Ֆրանսիայում, երբ գնում էր քննարկում՝ բանակին քվեարկության իրավունք տալու մասին, ֆրանսիական սպաներն ընդդիմանում էին, որովհետեւ ֆրանսիական սպան 1000 տարվա պատմություն ուներ, նրա օձիքը մաքուր էր եւ նա ամեն առավոտ սափրվում էր։ Այսինքն՝ նրանց մեջ ազնվական պոռթկումն ասում էր՝ մեզ քաղաքականության մեջ մի խառնեք, ես սպա եմ, ես պաշտպանում եմ բոլորին»։

Մ. Ե.
Հ. Գ. Վահան Հովհաննիսյանի հետ հարցազրույցն առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել