ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԵԼ Է Հանրապետության ֆուտբոլային ակումբների արտոնագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը ՈՒԵՖԱ-ի պահանջով լրանում էր հունվարի 30-ին: Արդեն անցել է մեկ շաբաթ: Ի՞նչ է կատարվել այս ընթացքում: Գործերի վիճակի շուրջ զրուցեցինք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժնի աշխատակից Առնո Սարգսյանի հետ: – Հունվարի 30-ը ակումբների մարզական չափորոշիչներին համապատասխանող փաստաթղթերի ներկայացման ժամկետն էր,- ասաց նա:- Փաստաթղթերը վերաբերում են մանկապատանեկան ֆուտբոլի հարցերին: Ասել է թե, ակումբը պետք է ներկայացներ 12-18 տարեկանների տարիքային խմբերի թիմերի եւ խաղացողների ցուցակը: Մենք ակումբներին նախապես ներկայացրել ենք հաստատելու նաեւ 2003թ. առաջնության ամփոփիչ աղյուսակը։ Այսինքն, ակումբները պաշտոնապես վավերացրել են, որ դրանք ճիշտ են լրացված: – Ֆեդերացիայում ի՞նչ ընթացք է տրվելու ստացված գործերին: – Հիմա սպորտային բաժինը բոլոր փաստաթղթերը պատանեկան մրցումների աղյուսակների հետ միասին տրամադրել է մարզական հարցերով փորձագետին, որն իր եզրակացությունը պետք է կայացնի մինչեւ փետրվարի 16-ը: Միայն այդ ժամանակ կարելի կլինի ասել՝ փաստաթղթերը համապատասխանու՞ն են, արդյոք, իրականությանը: – Բայց այլ փաստաթղթեր է՞լ է հարկավոր ներկայացնել: 172 Այո: Մեր բաժինը նամակներ է բաժանել ակումբներին, որում նշված է, թե իրավական, կադրային եւ վարչական չափանիշներին համապատասխան ուրիշ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված են ստույգ ժամկետներ: Դրանից հետո հերթը կհասնի ենթակառուցվածքային չափանիշներին: – Կարծում եմ, հատկապես այստեղ մեր ակումբները որոշակի դժվարություններ կունենան: – Թերեւս: Ակումբը պետք է ունենա նախապատրաստությունների համար իր մարզաբազան կամ պայմանագիր կնքած լինի որեւէ բազայի հետ: Մենք նախապես նրանց կբաժանենք պայմանագրի ձեւերը, որպեսզի բազայի տնօրինության հետ պայմանագիր կնքեն այն մասին, որ բոլոր միջազգային մրցաշարերն անցկացնելու են տվյալ դաշտում: Փաստաթղթերն ստանալուց հետո, ակումբի ներկայացուցչի մասնակցությամբ, կուսումնասիրվի, թե տվյալ մարզաբազան արդյո՞ք համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի պահանջներին: – Ըստ էության, միակը, որ շատ թե քիչ համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ «Հանրապետական» ստադիոնն է: Բայց այնտեղ էլ շատ բան կա անելու: – Հիմա մարզակառույցի տնօրինությունը լայնածավալ աշխատանքներ է տանում բազան ավելի համապատասխանեցնելու ՈՒԵՖԱ-ի պահանջներին: Օրինակ, տրիբունաները բաժանվելու են սեկցիաների, որի համար արդեն գնված են ցանցապատնեշները: Երբ աշխատանքներն ավարտվեն, միջազգային հանդիպումների ժամանակ մուտքի երկու դարպասները բացի՝ ամեն սեկցիա կունենա իր առանձին մուտքը: Զգալիորեն բարելավվելու են հաշմանդամների համար նախատեսված պայմանները: Տղամարդկանց եւ կանանց զուգարաններում առնվազն մեկական կոնքաթաս է տեղադրվելու նրանց համար: Ստադիոնում հաշմանդամները հանդիպումներին հետեւելու համար հատուկ առանձնացված տեղ կունենան, այլեւս վազքուղիների վրա չեն շարվի սայլակներով: Հիմա որոնվում են լավագույն տարբերակներ: Նախատեսվում է ստադիոնի շրջակայքում ցուցանակներ տեղադրել, որոնք ցույց կտան սեկցիայի տեղը, ինչպես նաեւ ֆուտբոլասերներին կիրազեկեն ստադիոնում գործող կարգուկանոնի մասին: Նմանատիպ նշումներ են լինելու նաեւ տոմսերի վրա: Այս ամենը ՈՒԵՖԱ-ի խստագույն պահանջներն են: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ