Նրանք տուժել են, մենք՝ չէ՞ Տուժողի իրավահաջորդն իր նամակում բողոքում է մեր դատարանի կրկնակի ստանդարտներից «Մամուլից տեղեկացա, որ Տիգրան Նաղդալյանի հարազատները դժգոհ են Տիգրանի սպանության մեջ մեղավորների նկատմամբ դատարանի սահմանած պատիժներից եւ նրանց պատիժները խստացնելու նպատակով դիմել են Վճռաբեկ դատարան: Լսեցինք ու զարմացանք, որ 15 տարին կարող է որպես պատիժ չբավարարել եւ տուժողները կարող են բողոք տանել Վճռաբեկ: Ես 2002-ի հունիսի 19-ին կորցրել եմ միակ որդուս՝ Հովհաննես Մանուկյանին, որը ոչ միայն հոյակապ որդի էր, այլեւ լավ մարդ, 3 անչափահաս զավակների օրինավոր հայր, նվիրված ընկեր ու հայրենասեր քաղաքացի, սակայն մեր որդուն սպանողները ոչ միայն չպատժվեցին, այլեւ դատախազությունն ամեն ինչ արեց, որ հովանավորի ու թաքցնի հանցագործներին: Մեր բողոքներն ու արցունքները մնացին անպատասխան: Հարյուրավոր մարդկանց ներկայությամբ՝ Հովիկ Հայրապետյանի յոթի արարողության ժամանակ կատարված ոճրագործությունը մնաց չբացահայտված: Որդուս սպանության մեղքը իր վրա վերցրեց Հայրապետյանների հարազատը՝ Միշա Քալանթարյանը, որին անգամ դատարան չբերեցին՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատավոր Աբրահամյանը 10 րոպեում նրան ճանաչեց անմեղսունակ եւ ուղարկեց հարկադիր բուժման: Ամենահետաքրքիրն այն է, որ սա Միշա Քալանթարյանի երկրորդ սպանությունն էր, նախորդ անգամ էլ նա ազատվել էր պատժից՝ նույն եղանակով: Մենք բողոքեցինք բոլոր ատյաններին, գրեցինք, որ Հովիկին սպանողը Քալանթարյանը չէ, խմբակային սպանություն է կատարվել, չէր կարող մի մարդը երկու հրազենից կրակել (թեեւ, մեր տվյալներով, երեք հրազենից էին կրակել՝ երրորդ գնդակը պրոֆեսոր Անանիկյանը՝ համաձայնության գալով դատախազության եւ դատավոր Ս.Օհանյանի հետ՝ թաքցրեց): Ապարդյուն: Մեր բողոքները մերժվեցին ոչ միայն դատախազության կողմից, որտեղ աշխատում է Փայլակ Հայրապետյանի մյուս որդին, այլեւ Վերաքննիչ դատարանը հրաժարվեց բողոքը քննել, իսկ Վճռաբեկ դատարանն այն չընդունելով պատասխանեց, թե՝ մեր քրեադատավարական օրենսգրքով տուժողն իրավունք չունի բողոք բերելու՝ նա կարող է բողոքել միայն քաղհայցի մասով: Ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞վ է բացատրվում այս երկակի ստանդարտը՝ Հովիկ Մանուկյանի իրավահաջորդները բողոք բերելու իրավունք չունեն, իսկ Նաղդալյանի իրավահաջորդներն ունե՞ն: Վերջապես ի՞նչ անենք մենք՝ որդեկորույս ծնողներս, որ ոչ մի կերպ չենք կարողանում հաղթահարել կորստի ցավը եւ չենք կարողանում մխիթարվել գոնե նրանով, որ մեր որդուն սպանողն իր արժանի պատիժն է ստացել»: ՂԱԶԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ