Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ե՛ՎՍ ՄԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Փետրվար 07,2004 00:00

Ե՛ՎՍ ՄԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Այս անգամ Երեւանից եկած մասնագետները հաշվառելու են Գյումրիի անօթեւաններին Անօթեւանների թիվը վերջնականապես ճշգրտված չէ: Որոշ մասնագետների ենթադրմամբ, այն չի գերազանցելու 6000-ը: Այս հարցի շուրջ կան որոշակի տարաձայնություններ քաղաքապետարանի եւ հանրապետական աջակցող հանձնաժողովի միջեւ: Պարզվում է՝ վերահաշվառման գործընթացը երկրի նախագահը նույնպես չի վստահել տեղական կառույցներին: Արդեն մեկ շաբաթ է Գյումրու քաղաքապետարան է ուղարկվել նորաստեղծ վերահաշվառման օժանդակող հանձնաժողովը: Վերջինիս կազմում ընդգրկված են մասնագետներ ՀՀ արդարադատության, քաղաքաշինության նախարարություններից, անփոփոխ է միայն նախագահը. հանձնաժողովը դարձյալ գլխավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը: Նա «Առավոտին» հայտնեց, որ բնակբաշխման գործընթացը արդեն ավարտված է եւ իրենք սպասում են հերթացուցակներում ընդգրկված այն անօթեւաններին, որոնք այս պահին կարող էին դառնալ բնակարանատեր, սակայն դեռ չեն ներկայացել: Աջակցող հանձնաժողովը հայտարարություն է տվել եւ սպասում է արձագանքի: Գյումրեցիներին դեռ շարունակում է բնակարան ստանալ-չստանալու խնդիրը հուզել. քաղաքի ցանկացած անկյունում միմիայն այս թեման է շոշափվում: Մարզպետարանում էլ վիճակը չի թեթեւացել: Բնակիչներից շատերի դժգոհությամբ՝ իրենք հոգնել են «թղթատարությունից», ավելորդ քաշքշուկներից: Մարզպետարանում պահանջվող փաստաթղթերի քանակը «ճոխացել» է, այստեղ ավելացել է այսպես կոչված 17-րդ ձեւը: Սա ընտանիքի ուրվանկարն է, որտեղ նշվում են վարձակալի անուն-ազգանունը, ընտանիքի անդամների ծննդյան թվերը: «Եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկը 80-ական թվականներին սխալվել՝ գրանցումից դուրս է եկել, հարց է առաջանում՝ ինչու՞: Բայց դա մեր ի՞նչ գործն է»,- ասում է քաղաքապետարանի բնակարանների հաշվառման եւ բաշխման պետ Անուշավան Պապիկյանը՝ այդպես էլ չհասկանալով պահանջվող փաստաթղթի իմաստը: Ի տարբերություն մարզպետարանի, քաղաքապետարանում անվերջ հերթեր չեն գոյանում: Կարելի է ենթադրել, որ գյումրեցիները հուսալքվել են: Պարոն Պապիկյանի կարծիքով, վերահաշվառման ընթացքին խանգարում է սոցծառայությունում միաժամանակ սկսված նպաստառուների հաշվառումը: Այստեղ եւս պահանջում են «ճոխ» տեղեկանքներ, իսկ բնակիչները չգիտեն՝ ու՞ր վազեն, ո՞ր դուռը ծեծեն: Օրական վերահաշվառման ներկայանում է 60-80 մարդ: Քաղաքապետարանի պաշտոնյայի հաղորդմամբ, սա չի խանգարում իրենց ցուցակների ամենօրյա «զտում» կատարելուն: Նրանք մաքրում են ցուցակները՝ հիմք ընդունելով Ուրբան ինստիտուտի ամենօրյա տեղեկությունները «Բնակարանների գնման վկայականի» ծրագրով տուն ձեռք բերածների մասին: Հանվում են նաեւ այն մարդկանց անունները, որոնք բնակարաններ են ստանում «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված շենքերից: Իսկ թե ներկա պահին ինչպե՞ս են քաղաքապետարան-մարզպետարան փոխհարաբերությունները, պրն Պապիկյանը նշեց. «Ոչինչ, էլի, աշխատում ենք»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829