Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ

Փետրվար 07,2004 00:00

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ Պահանջեց Ջավախքի ինքնավարություն եւ նսեմացրեց իր կոալիցիոն գործընկերներին ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովը երեկ հանդիսավոր բացվեց եւ ողջույնի ելույթներից ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքից հետո փակվեց՝ այսօր Ծաղկաձորում փակ շարունակվելու նպատակով։ Երեկ ժողովին, բացի դաշնակցականներից, մասնակցում էին նաեւ իշխանության ներկայացուցիչներ՝ վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ հրավիրված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտից։ Ժողովի սկզբում կազմակերպիչները հյուրերին հրավիրում էին նստելու իրենց համար նախատեսված աթոռներին: Շավարշ Քոչարյանը նկատեց. «Մի ժամանակ իշխանություններն էին «նստեցնում» դաշնակցականներին, հիմա էլ դաշնակցականներն են նրանց նստեցնում»։ ՀՀ հիմնից հետո հնչեց Դաշնակցության հիմնը։ Դահլիճը հոտընկայս լսում էր եւ չէր ձայնակցում։ Ողջույնի ուղերձ էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանը, որն ամենայն պատասխանատվությամբ ընթերցեց նախկին ԱԺՄ-ական, իսկ ներկայումս նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը։ ԼՂՀ նախագահի ողջույնի ուղերձը հնչեցրեց ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը։ Ժողովի մասնակիցներին ողջունեցին նաեւ Անդրանիկ Մարգարյանն ու Արթուր Բաղդասարյանը։ Հնչեց նաեւ Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այայայի ողջույնի հեռագիրը։ Ընդհանուր ժողովի բացումը ղեկավարող ՀՅԴ բյուրոյի հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ողջույնի հեռագրեր են ստացվել նաեւ Սոցինտերնի կանանց կազմակերպությունից եւ ԵԿՄ վարչության ղեկավար Մանվել Գրիգորյանից։ Ողջույնների հիթ-շքերթում ամենադաշնակցական խոսքն ասաց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Վերջինս փայլեց Դաշնակցության կենսագրության իմացությամբ, մեջբերումներ արեց Նիկոլ Աղբալյանից, խոսեց «հոգով ու սրտով» եւ ասաց, որ «Դաշնակցությունը խորհրդանշում է մեր միասնությունը», այնուհետեւ կոչ արեց Դաշնակցության ընդհանուր ժողովին՝ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կօգնեն Հայաստանին՝ դիմագրավել սպասվելիք մարտահրավերները։ Մոտ մեկ ժամանոց խոսք ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Դաշնակցությունը Հայաստանում միակ կուսակցությունն է, որը կարող է իր կառույցների մասին խոսելիս ներկայացնել գրեթե ամբողջ աշխարհը։ Երեկ դաշնակցականներն իրենց այդ հաճույքից չզրկեցին եւ իր խոսքում պրն Մարգարյանը շեշտեց, որ աշխարհի բազմաթիվ երկրներում (30- Մ. Ե.) պետական շրջանակների հետ ամենօրյա աշխատանք է իրականացնում։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը իր խոսքի մոտ 15 րոպեն նվիրեց Թուրքիա-Հայաստան թեմային։ Ասվեց, որ այսօրվա Թուրքիան ցեղասպանությունը իրականացրած նույն Թուրքիան է. «Պատահական չէ, որ Արցախի հարցում Թուրքիայի դիրքորոշումը կտրուկ զանազանվում է ՀՀ մյուս բոլոր հարեւաններից»։ Հայ-թուրքական հաշտեցման մասին. «Հայաստան -Թուրքիա սահմանի բացումը կեղծ օրակարգ է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան հերքում է Ցեղասպանության փաստը»,- ընդգծեց Հր. Մարգարյանը եւ ասաց, թե Թուրքիան հաշտություն չի փնտրում, այլ ձգտում է այդ միջոցներով պառակտել մեր շարքերը, Ցեղասպանության հարցը ապաքաղաքականացնել։ Հատուկ բաժին էր նվիրված Ջավախքին. «Մենք ցանկանում ենք ուժեղ, կայուն Վրաստանի կազմում պետական գուրգուրանքի արժանացած ինքնավար Ջավախք։ (…)Ազգովին պետք է տեր կանգնենք ջավախքահայության ինքնավարության պահանջին»։ «Այսօր Ղարաբաղը փաստացի մերն է»,- ասաց Հրանտ Մարգարյանը, իսկ շարունակության մեջ կոչ արեց շարունակել 88-ից սկսված երթը՝ «Մեր չքնաղ Շահումյանի, մեր Գետաշենի ազատագրության, Արցախի միացման փաստի միջազգային ճանաչման վերջնական հաղթանակով»։ Հրանտ Մարգարյանի խոսքում շատ ավելի հետաքրքրական որակումներ հնչեցին ներքաղաքական իրավիճակի եւ կոալիցիայի դաշնակիցների մասին։ Բաժին հասավ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին։ Վերջինս մասնավորապես մեղադրվեց հետեւյալում. «նախագահի գործնապաշտությունը, արդար լինելու համար՝ նաեւ ԱԺ-ի այսօրվա պատկերը, նախագահի աչքին օրըստօրե մեծացրին եւ հանիրավի կարեւորեցին օլիգարխների, ապաքաղաքական եւ տնտեսական տարրերի դերակատարությունը երկրում։ Նախագահը, մասամբ՝ պարտադրված փաստերով, մասամբ՝ անհրաժեշտ վճռականություն չցուցաբերելով, հանդուրժեց երկրում կոռուպցիայի, անարդարության՝ արդեն վաղուց մեկնարկած հաղթարշավը»։ Բաժին հասավ նաեւ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ կեղծիքներ կատարածներին։ Նշվեց, որ համոզիչ ընտրված նախագահը պետք է ձերբազատված լիներ պարտադրված գործընկերներից, բայց «որոշներին պետք չէր ազատ եւ ուժեղ նախագահ։ Եվ տեղի ունեցան խախտումներ», որոնց անհրաժեշտությունը, ըստ Հ. Մարգարյանի, ամենեւին չկար, բայց ոմանք դա արեցին, քանի որ ոմանց համար «վատ նախադեպ կարող էին դառնալ կեղծիքներից զերծ նախագահական ընտրությունները»։ Թեպետ դահլիճում էին Անդրանիկ Մարգարյանը եւ Արթուր Բաղդասարյանը, բայց Դաշնակցությունը նրանց եւս չխնայեց։ Ասվեց, որ ընտրություններից հետո թվում էր Դաշնակցությունը չի կարող մաս կազմել այս իշխանություններին. «Թվում էր, մեր դեմ աշխատողները այլեւս մեզ իրենց կողքին չպետք է ցանկանային տեսնել, թվում էր՝ մասնավոր ճիգեր գործադրած եւ մեծամասնություն ապահոված ուժերը պետք է վերցնեին պատասխանատվության բեռը, բայց այդպես չեղավ» եւ, ըստ ՀՅԴ-ի՝ ինքը մաս կազմեց իշխանության, որովհետեւ այդպես ուզեց նախագահը եւ որովհետեւ իշխանությունը վստահության եւ հեղինակության կարիք ուներ։ «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը դուրս գա կոալիցիայից, պրն Մարգարյանը պատասխանեց. «Ոչ միայն Դաշնակցության համար է դա հնարավոր, այլեւ ցանկացած կուսակցության համար։ Սա բացառված չէ։ Ամուսնություն չի կնքվել։ Ինչ-որ նպատակների շուրջ համագործակցություն է։ Կարող է պատահի։ Ես հույս ունեմ, որ չի պատահի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել