Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆՎԵԼ Է

Փետրվար 07,2004 00:00

ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆՎԵԼ Է ՓՈՂՈՑԱՅԻՆ ԿՌՎԻ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի, դրա պատճառների եւ հնարավոր հետեւանքների մասին իր տեսակետն է հայտնում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նա չհամաձայնեց, թե բանաձեւի իմաստը անընդհատ հիշատակվող «այլ» բառի եւ դա հանելու կամ թողնելու մեջ էր. «Եթե փաստաթղթում նույնիսկ ստորակետով կամ «եւ»-ով արձանագրված է «ԼՂ եւ գրավյալ տարածքներ», դա միանշանակ վկայում է, որ, միջազգային հանրության ընկալմամբ, գոյություն ունի ԼՂ հակամարտություն եւ գրավյալ տարածքների պրոբլեմ: Դա նշանակում է, որ այսօր մոռացվել է, թե ինչպես են գոյացել այդ գրավյալ տարածքները, որ ԼՂ-ն դրանք չի զավթել ընդլայնվելու նպատակով, այլ՝ միակ այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ էր այնտեղ ապրող բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովել, ստեղծել անվտանգության գոտի, որը թույլ չէր տա ադրբեջանական հրետանուն ոչնչացնել հայկական բնակավայրերը եւ այլն: Իսկ դա ՀՀ-ի հետ որեւէ կապ չունի»: ԱԺ հանձնաժողովի նախկին նախագահի մատուցմամբ, իր ժամանակ ԱԺ-ի կազմում ԵԽ ԽՎ-ում աշխատելն ավելի դյուրին էր, որովհետեւ այն ժամանակ հակամարտության նկատմամբ մոտեցումն էր շատ ավելի բարենպաստ մեզ համար: Այսինքն՝ կար ԼՂ ինքնորոշման հարց, որի համատեքստում Հայաստանը, իհարկե, շահագրգիռ, բայց ԼՂ-ի անվտանգության երաշխիքներ ապահովող կողմ էր, բայց հակամարտության հիմնական կողմերը ԼՂ-ն եւ Ադրբեջանն էին, եւ կային միջնորդներ՝ ի դեմս Մինսկի խմբի: «Բայց եկել է մի պահ, երբ փոխվել է հակամարտության մեթոդոլոգիան՝ վերածվելով Ադրբեջան-Հայաստան վեճի՝ մի կտոր հողի համար, որտեղ որեւէ նշանակություն չունի, թե ովքեր են ապրում: Իսկ այսպիսի հակամարտության մեջ հայկական կողմի համար ես հեռանկար չեմ տեսնում: Հեռանկար ունի ադրբեջանական կողմը, որն ավելի բարենպաստ վիճակում է»: Հովհ. Իգիթյանը կարծիք հայտնեց, թե ստեղծված իրավիճակի համար Հայաստանը «պարտական» է, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, եւ ընդհանրապես՝ ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ առկա ագրեսիվությանը: Ըստ նրա, ՀՀ-ի համար դիվանագիտություն ասվածը դարձել է ճակատային. կամ՝ այո, կամ՝ ոչ: Հնարավո՞ր էր խուսափել ԵԽ ԽՎ-ում ընդունված բանաձեւում հստակ ձեւակերպումներից, եթե մեր պատվիրակները պնդեին, որ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Դա շատ պարզունակ կլիներ»,- նկատեց պրն Իգիթյանը: Ըստ նրա, նախկինում, երբ Հայաստանը համարվում էր Կովկասում ժողովրդավարության կղզյակ, անհամեմատ հեշտ էր դիմագրավել նման մարտահրավերներին, որովհետեւ որպես ժողովրդավարական երկիր այն ժամանակ Հայաստանի վիճակն ավելի շահեկան էր: «Այսօր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ժողովրդավարական զարգացումների իմաստով համարյա նույնատիպ երկրներ են համարվում, միջազգային հանրությունն ավելի շատ հակված է դիտարկել հակամարտության էությունը՝ որ կողմն է ավելի արդար: Իսկ քանի որ այսօր արդեն խնդիրը ներկայացվում է որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, այնպես, իբր, Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա, գրավել է նրա տարածքները, 1 մլն մարդ է տեղահանել եւ այլն, միջազգային հանրության տրամադրություններն ու դիրքորոշումներն ավելի բարենպաստ են Ադրբեջանի համար»,- ասաց Հովհ. Իգիթյանը եւ չբացառեց, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում միջազգային հանրությունը դա արդարացված համարի: Նա միաժամանակ վտանգավոր համարեց ոչ թե ԵԽ ԽՎ բանաձեւի, որպես՝ նախադեպի, հնարավոր հետեւանքները, այլ՝ տարածաշրջանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը: «ԼՂ հակամարտությունը նմանվել է փողոցային կռվի՝ կամ, կամ: Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ով որքան ավելի ուժեղ կողմնակից «կբերի» մյուսին ճնշելու համար, իսկ դա որեւէ օգուտ բերել չի կարող, որովհետեւ լուծումն, ի վերջո, բալանսավորված համաձայնություն է ակնկալում, որպեսզի հետագայում ուժերի հարաբերակցության փոփոխության պայմաններում, լուծումը վերանայելու կարիք չլինի»,- մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց Հովհ. Իգիթյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829