Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱՆՐ ՃԱԿԱՏՆ Է»

Փետրվար 07,2004 00:00

«Առավոտի» հարցերին է պատասխանում օմբուդսմենի թեկնածու Լարիսա Ալավերդյանը

– Ինչո՞ւ հատկապես ձեր թեկնածությունն առաջադրվեց։

– Կարծում եմ, ինձ ամենածանր օղակն են ուղարկել հերթական անգամ։ Ինչո՞ւ եմ ասում՝ հերթական անգամ, որովհետեւ կցանկանայի հիշեցնել, որ իմ գործունեությունը հայտնի է հասարակությանը Արցախյան հիմնահարցի հետ կապված, եւ այն դժվարին խնդիրները, որոնք ծագել են, կարծես թե հաջողվել է լուծել Աստծո օգնությամբ։ Կարծում եմ, սա հերթական ծանր ճակատն է եւ ես պետք է անեմ ամեն ինչ եւ այստեղ ակնկալում եմ ինչպես հասարակության լայն խավերի, այնպես էլ իշխանական թեւերի համագործակցությունը։

– Դուք հոգեբանորեն պատրա՞ստ եք առճակատման իշխանության հետ, դատական համակարգի եւ այլնի հետ։

– Սա առճակատում չի, այլ՝ սիստեմատիկ աշխատանք պետք է վարվի, որով բոլորիս համար պետք է պարզ լինի, որ որեւէ մեկի կամ խմբի պատիվը բարձր չէ, քան Հայաստանինը։

– Իսկ պատրա՞ստ եք չկատարել որեւէ հրահանգ, որը կվնասի մարդու իրավունքների պաշտպանությանը։

– Ես դժվար եմ ինձ պատկերացնում հրահանգ կատարող։ Սա է պատճառը երեւի, որ տարիներ շարունակ ես չեմ ունեցել որեւէ պաշտոն։ Ես գտնում եմ, որ անգամ այս իրավիճակում պաշտպանի կարգավիճակը ամենալայն հնարավորություններն է տալիս դրսեւորել անձնական մոտեցումները օրենսդրական դաշտի մեջ՝ չենթարկվելով ոչ օրենսդրական ճնշումների։

– Ի՞նչ գնահատական եք ակնկալում խորհրդարանից։

– Ակնկալում եմ՝ դրական։ Ոչ թե այն պատճառով, որ ես այդքան լավն եմ, այլ այն պատճառով, որ ես անծանոթ չեմ այդ խմբերին եւ խմբակցություններին, որովհետեւ առնչվել եմ տարբեր հարցերով եւ այս տարիների ընթացքում առիթ եմ ունեցել աշխատել եւ համագործակցել շատերի հետ։

– Դուք միայն նախագահի թեկնածո՞ւն եք, թե՞ նաեւ կոալիցիայի։

– Տվյալ դեպքում օրենքն ասում է՝ միայն նախագահն իրավունք ունի անցումային այս շրջանի համար նշանակել թեկնածություն։ Այս առումով՝ միայն նախագահի։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել