Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏՆԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ

Փետրվար 07,2004 00:00

ՏՆԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ

Վանաձորի քաղաքապետարանը տնակ-կացարանների տերերին հանձնարարել
է մինչեւ ապրիլի մեկը ազատել տնակները՝ դրանք դուրս բերելով զբաղեցրած տարածքից։
Հակառակ դեպքում՝ «Մենք տնակները քաղաքապետարանի միջոցներով կհեռացնենք եւ
բնակիչներն այլեւս այդ տնակներից ակնկալիքներ չեն ունենա»,- նշեց Վանաձորի
քաղաքապետը՝ իր 2003թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ ելույթում։
Քաղաքապետարանի զգուշացմանը մտադիր չեն ենթարկվել Վանաձորի Տիգրան Մեծի 73 հասցեում երկրաշարժի հետեւանքով քանդված շենքի («Ֆոտոէտյուդի») բնակիչները, որոնք 15 տարի է բնակվում են այդ տարածքի տնակներում։ Բնակիչները ժամանակին հրաժարվել են տեղափոխվել «Տարոն» ծայրամասային թաղամասի նորակառույցները, պահանջելով իրենց բնակարան հատկացնել իրենց բնակության վայրում։ Նրանք տեղյակ են, որ այստեղ՝ կենտրոնում շենք է կառուցվելու, բայց նրանք, ովքեր այդ շենքից ակնկալիքներ ունեն, պետք է կառուցման համար գումարային մեծ ներդրումներ կատարեն, քանի որ պետբյուջեով Վանաձորում բնակարանաշինություն չի նախատեսված։ «Ինչո՞ւ պետք է 15 տարի տնակում բնակվելուց հետո էլ գումարներ ներդնենք՝ այդ շենքից բնակարան ստանալու համար, թող գումարներ ներդնեն նրանք, ովքեր այդ շենքում բնակարան չեն ունեցել»,- «Առավոտին» գանգատվեցին «Ֆոտոէտյուդի» բնակիչները, որոնց կարծիքով, իշխանությունները ցանկանում են իրենց «ցրել» տարածքից, որպեսզի հետագայում շենքը տնօրինեն ըստ հայեցողության՝ բնակարաններ հատկացնելով «էլիտար» խավին։

Ի դեպ, Վանաձորի քաղաքապետարանը կոնկրետ գործողություններ է սկսել մեկ այլ՝ Քիմիագործների թաղամասի թիվ 1 տնակային ավանի բնակիչների նկատմամբ՝ նրանց վտարման վերաբերյալ հայցադիմումներ ներկայացնելով Լոռու մարզի առաջին ատյանի դատարան։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել