Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԵԼ Է

Փետրվար 07,2004 00:00

Հանրապետության ֆուտբոլային ակումբների արտոնագրման համար
անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը ՈՒԵՖԱ-ի պահանջով լրանում էր
հունվարի 30-ին:
Արդեն անցել է մեկ շաբաթ: Ի՞նչ է կատարվել այս ընթացքում: Գործերի վիճակի շուրջ զրուցեցինք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժնի աշխատակից Առնո Սարգսյանի հետ:

– Հունվարի 30-ը ակումբների մարզական չափորոշիչներին համապատասխանող փաստաթղթերի ներկայացման ժամկետն էր,- ասաց նա:- Փաստաթղթերը վերաբերում են մանկապատանեկան ֆուտբոլի հարցերին: Ասել է թե, ակումբը պետք է ներկայացներ 12-18 տարեկանների տարիքային խմբերի թիմերի եւ խաղացողների ցուցակը: Մենք ակումբներին նախապես ներկայացրել ենք հաստատելու նաեւ 2003թ. առաջնության ամփոփիչ աղյուսակը։ Այսինքն, ակումբները պաշտոնապես վավերացրել են, որ դրանք ճիշտ են լրացված:

– Ֆեդերացիայում ի՞նչ ընթացք է տրվելու ստացված գործերին:

– Հիմա սպորտային բաժինը բոլոր փաստաթղթերը պատանեկան մրցումների աղյուսակների հետ միասին տրամադրել է մարզական հարցերով փորձագետին, որն իր եզրակացությունը պետք է կայացնի մինչեւ փետրվարի 16-ը: Միայն այդ ժամանակ կարելի կլինի ասել՝ փաստաթղթերը համապատասխանու՞ն են, արդյոք, իրականությանը:

– Բայց այլ փաստաթղթեր է՞լ է հարկավոր ներկայացնել:

– Այո: Մեր բաժինը նամակներ է բաժանել ակումբներին, որում նշված է, թե իրավական, կադրային եւ վարչական չափանիշներին համապատասխան ուրիշ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված են ստույգ ժամկետներ:

Դրանից հետո հերթը կհասնի ենթակառուցվածքային չափանիշներին:

– Կարծում եմ, հատկապես այստեղ մեր ակումբները որոշակի դժվարություններ կունենան:

– Թերեւս: Ակումբը պետք է ունենա նախապատրաստությունների համար իր մարզաբազան կամ պայմանագիր կնքած լինի որեւէ բազայի հետ: Մենք նախապես նրանց կբաժանենք պայմանագրի ձեւերը, որպեսզի բազայի տնօրինության հետ պայմանագիր կնքեն այն մասին, որ բոլոր միջազգային մրցաշարերն անցկացնելու են տվյալ դաշտում: Փաստաթղթերն ստանալուց հետո, ակումբի ներկայացուցչի մասնակցությամբ, կուսումնասիրվի, թե տվյալ մարզաբազան արդյո՞ք համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի պահանջներին:

– Ըստ էության, միակը, որ շատ թե քիչ համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ «Հանրապետական» ստադիոնն է: Բայց այնտեղ էլ շատ բան կա անելու:

– Հիմա մարզակառույցի տնօրինությունը լայնածավալ աշխատանքներ է տանում բազան ավելի համապատասխանեցնելու ՈՒԵՖԱ-ի պահանջներին: Օրինակ, տրիբունաները բաժանվելու են սեկցիաների, որի համար արդեն գնված են ցանցապատնեշները: Երբ աշխատանքներն ավարտվեն, միջազգային հանդիպումների ժամանակ մուտքի երկու դարպասները բացի՝ ամեն սեկցիա կունենա իր առանձին մուտքը: Զգալիորեն բարելավվելու են հաշմանդամների համար նախատեսված պայմանները: Տղամարդկանց եւ կանանց զուգարաններում առնվազն մեկական կոնքաթաս է տեղադրվելու նրանց համար: Ստադիոնում հաշմանդամները հանդիպումներին հետեւելու համար հատուկ առանձնացված տեղ կունենան, այլեւս վազքուղիների վրա չեն շարվի սայլակներով: Հիմա որոնվում են լավագույն տարբերակներ: Նախատեսվում է ստադիոնի շրջակայքում ցուցանակներ տեղադրել, որոնք ցույց կտան սեկցիայի տեղը, ինչպես նաեւ ֆուտբոլասերներին կիրազեկեն ստադիոնում գործող կարգուկանոնի մասին: Նմանատիպ նշումներ են լինելու նաեւ տոմսերի վրա: Այս ամենը ՈՒԵՖԱ-ի խստագույն պահանջներն են:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829