Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ստամոքսային աստվածաբանություն»

Փետրվար 07,2004 00:00

Քահանան
քննադատում է աղի բլիթ ուտելու ավանդույթը
«Աղի բլիթ ուտելու ավանդույթը եկեղեցու ուսմունքի հետ ոչ մի կապ չունի, այլ ժողովրդական սովորույթ է, ուստի աղի բլիթ ուտելու սովորույթի վրա հիմնված երազը պետք չէ համարել Աստծուց տրված եւ ճշմարիտ: Այստեղ էականը աղոթքն է առ Աստված, որն էլ կարող է պատասխանել երիտասարդի աղոթքին եւ ցույց տալ նրա կյանքի ապագա ընկերոջը»,- պարզաբանեց Առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, հայ ժողովուրդը ստամոքսային աստվածաբանությամբ է զբաղված եւ դրա համար էլ հորինել է «աղի բլիթի» միֆը: Հոգեւոր սպասավորը նաեւ հավելեց, որ հին ժամանակներում Հայաստանում աղի բլիթ ուտելը տարածված չի եղել, եւ միայն վերջերս է մասսայականացվել, հատկապես՝ մայրաքաղաքում: Իսկ ինչ վերաբերում է այսօր նշվող Սուրբ Սարգսի տոնին, տեր Կորյունը խոսեց միայն այդ օրվան առնչվող ժողովրդական մեկ այլ սովորույթի մասին. «Սուրբ Սարգսի տոնին նախորդող օրը՝ երեկոյան երիտասարդները փոխինդը մատուցարանով դնում են տան կտուրին կամ պատշգամբում եւ սպասում Սուրբ Սարգիս զորավարի այցին: Ըստ ավանդութի, Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է իր սպիտակ ձիով, որը մաքրություն է խորհրդանշում, եւ փոխինդի վրա մնում է ձիու պայտի հետքը։ Այդ տարի էլ իրականանում է երիտասարդի սիրո երազանքը»: Իսկ «Առավոտի» այն դիտարկմանը, թե այժմ ոչ ոք տանիքին փոխինդ չի դնում, բայց աղի բլիթը մեծ տարածում ունի երիտասարդների շրջանում եւ նախորդ տարի եկեղեցին էլ էր աղի բլիթներ բաժանել, քահանան այսպես պատասխանեց. «Եկեղեցին ցանկացել է որպեսզի ժողովրդական ավանդությունն ընդհանրացվի, բայց քանի որ Սուրբ գրքով չի բացատրվում, եկեղեցու վերին իշխանությունները դադարեցրին եւ դրա համար մի քանի հոգի էլ պատժվեցին: Գուցե դա լավ միջոց է երիտասարդներին եկեղեցի բերելու, սակայն իմ կարծիքով չպետք է որպես խայծ աղի բլիթն օգտագործել»: Տեր Կորյուն քահանան անդրադառնալով մեր ժողովրդի մտացածին սովորույթներին, խոսեց նաեւ օտարամոլությունից, օրինակ բերելով վերջերս ներմուծված սուրբ Վալենտինի տոնը. «Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում Վալենտինի տոն չկա, բայց մեր երիտասարդները նշում են: Մենք յառլիկներ սիրող ժողովուրդ ենք եւ եթե այդ տրամաբանությամբ շարունակենք, մի օր էլ Բայրամի տոնը Հայաստանում կնշենք»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել