Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԱԿԱՐԴՆԵՐԸ ՇՐԽԿՈՑՈՎ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Փետրվար 07,2004 00:00

Հայաստանում ստեղծվել է տեղ-տեղ ծանոթ, առերեւույթ նոր, իսկ շատ կողմերով փոքր-ինչ անհասկանալի, գուցեեւ՝ արհեստական իրավիճակ:

Ազգային ժողովում գործող ընդդիմության երկու թեւերը՝ «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանությունը» առկախում են իրենց խորհրդարանական գործունեությունը եւ համատեղելով ջանքերը, ուզում են հասնեն իշխանափոխության։ Արտաքուստ վիճակը նմանվում է 97-ի վերջերին առաջացած քաղաքական կացությանը։ Այն ժամանակ էլ, մինչեւ առաջին նախագահի հրաժարական տալը, խորհրդարանական տեղաշարժեր եղան՝ պատգամավորների զգալի մասի առնետավազքով. մի գիշերում շատերը երկրապահացան։ Դա, անշուշտ, հետեւանք էր իշխանական վերին օղակներում կատարված վերադասավորման, որ անմիջական ազդեցություն թողեց ԱԺ կազմի փոփոխության վրա: Իշխանական նոր ձեւավորված բուրգի շուրջ առաջացավ նոր մեծամասնություն՝ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որոնք եւ կանխորոշեցին 98-ի նախագահական արտահերթ ընտրությունների ելքը։ Նմանությունն ակնհայտ է նաեւ այլ տեսակետից. եւ 97-ի վերջերին, եւ 2004-ի փետրվարյան այս օրերին միավորվել փորձող ընդդիմության գերխնդիրը նույնն է՝ հասնել նախագահի հրաժարականին։ Ըստ էության հիմնական պատրվակն էլ նույնն է՝ երկրի վարած արտաքին քաղաքականության ձախողումը, մասնավորապես Ղարաբաղի խնդրում։

Այսքանով նմանություններն ավարտվում են եւ սկսվում են տարբերությունները։ Այսպես. 97-ին նախագահի հրաժարական պահանջող ուժերը գերակշիռ մասով իշխանական թեւից էին եւ նախագահի հրաժարականը նախապատրաստված էր «վերեւում», իսկ ԱԺ-ում ձեւավորված նոր մեծամասնության դերը ընդամենը եղավ փաստի արձանագրումը։ Դրանով արձանագրվեց նաեւ նախադեպ, երբ իշխանափոխության հասավ ներիշխանական ընդդիմությունը, որ վիճարկելով Ղարաբաղի հակամարտության խնդրում առաջին նախագահի տեսակետները, հասավ պալատական հեղաշրջման։ Այլ բան է, որ այդ հանգամանքը լավագույնս օգտագործեցին այլ ուժեր, մասնավորապես՝ ՀՅԴ-ն։ Բայց դա էլ հեղաշրջումների պատմության մեջ անբնական չէ, եթե չասենք՝ միանգամայն օրինաչափ. հեղափոխություն են կատարում այլ մարդիկ, իսկ դրա պտուղներից օգտվում են ուրիշները։ Իհարկե, այս վերջին պարագան միանգամից չուրվագծվեց: 98-ի նախագահական ընտրություններից հետո, առնվազն մինչեւ 99-ի հոկտեմբերի 27-ը, առերեւույթ իշխանության մեջ թույլ ներկայություն ունեցող ՀՅԴ-ն իր առաջնորդի շուրթերով շարունակում էր կրկնել, թե իշխանափոխությունը երկրում ավարտված չէ, մի բան, որ դրանից հետո երբեք չի հնչել։

Սակայն դա էլ ինքնին այնքան կարեւոր չէ, որքան այն, որ դրանից հետո կտրուկ փոխվեց երկրի արտաքին քաղաքականությունը, որի ծիրում Ղարաբաղի՝ միջազգայնորեն ընդունված ինքնորոշման փաստարկը նենգափոխվեց «Հայ դատի բաղկացուցիչ մաս» հորջորջմամբ, ինչի դեմ, բնականաբար, գործում է դարձյալ միջազգայնորեն ընդունված տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այսինքն՝ մենք հայտնվեցինք մեր իսկ լարած թակարդում։

98-ի հեղաշրջման պատմությունն անելիս հարկ է չանտեսել եւս մի իրողություն. իշխանափոխության ընթացքը հիմնականում առաջնորդում էին «ազգայնական» ուժերը՝ որոնք, որքան էլ արտառոց թվա, սովորաբար կանխատեսելի են լինում, իսկ նոր աշխարհակարգին ձեռնտու է կանխատեսելի իշխանություն։ Եվ այդ իմաստով ամենահարմարը Քոչարյանի թեկնածությունն էր։ Այլ բան է, որ 99-ի խորհրդարանական ընտրություններով ձեւավորվեց իշխանական ուրիշ բեւեռ, որ ընդգծված անորոշություն մտցրեց կառավարելի իշխանակարգում, որովհետեւ ոչ ոք չէր կարող կանխատեսել ոչ Վազգեն Սարգսյանի, ոչ էլ Կարեն Դեմիրճյանի գործողությունները՝ նույնիսկ արտաքին կողմնորոշումներում։

Հիմա ընդդիմությունը միավորվում է, ճիշտ եւ ճիշտ Գեղամյանի՝ առանձին-առանձին, 4 շարասյուներով ընթանալու պլանով։ Այս գաղափարը ինքնին հետաքրքիր է, որովհետեւ եթե գաղափարապես հասկանալի է «Հանրապետություն»-ՀՀՇ համագործակցությունը եւ հանդուրժելի՝ ՀԺԿ-ԱՄ ջանքերի համատեղումը, սակայն դրանից դուրս այլ կամուրջներ չկան մի կողմից՝ ՀՀՇ-ԱՄ-ի, մյուս կողմից՝ ԱՄ-«Հանրապետության» միջեւ։ Երկու դեպքում էլ միայնության մեջ է հայտնվում ՀԺԿ-ն։ Այստեղից էլ հասկանալի է դառնում վերջին ամիսների քարոզչության նպատակը՝ նոր առաջնորդի փնտրտուքը։

ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել