Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿԸ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՓՈԽԵ՞ԼՆ Է

Փետրվար 07,2004 00:00

Հյուսիսային պողոտայի տարածքի բնակիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հեռակա երկխոսությունը պաշտոնյաների հետ:

2001թ. օգոստոսի 28-ից սկսված «Հյուսիսային պողոտա» ծրագրի եւ շինարարության շուրջ կրքերը գնալով շիկանում են, կողմերի դիրքորոշումները՝ կոշտանում։ 150 ընտանիքի անունից խմբագրություն բողոք է ներկայացրել հայտնի երգահան Էդուարդ Զորիկյանը։ Բողոքավորների եւ ծրագրի իրականացման պատասխանատուների վերջին օրերի հայտարարությունների համադրմամբ, ներկայացնենք հեռակա երկխոսություն։

Է. Զորիկյան.- Պետք է տարբերել Կենտրոնում բազմաբնակարան շենքի բնակարանը եւ նույն Կենտրոնում առանձնատունը։ Մենք կորցնում ենք մեր որոշ իրավունքներ՝ կառուցապատելու, հողի սեփականության եւ այլն։ Չէ՞ որ ես այդ անշարժ գույքի համար տասնամյակներ շարունակ հարկեր եմ վճարել եւ հիմա ինձ անհրաժեշտ է հենց այդպիսի տուն քաղաքի հենց այդ հատվածում։ Առավելագույն գինը, որ տրվում է մեր ունեցածի դիմաց, 1 քմ-ն 200-250 դոլարի սահմաններում է։

Ե. Զախարյան.- Վերջին լոտերը վաճառել ենք 800-1000 դոլարով։ Այս գումարից մուծում ենք հարկեր՝ մոտ 30%, վճարում ենք բնակիչներին։ Այս 1000 դոլարի հաշվին են նաեւ ԾԻԳ-ի պահպանման եւ քանդման աշխատանքների ծախսերը։

Է. Զորիկյան.- Դատարանի վճռով մեզ պարտադրում են համաձայնել ներկայացված առաջարկին եւ լքել տարածքը։ Այժմ մոտ 70 ընտանիք ունի առաջին ատյանի դատարանի նման վճիռ։ Մի երկու ամիս անց բոլորս կունենանք դատական երեք ատյաններով անցած նման վճիռ։ Սակայն Հայաստանի անկախ դատարանի վճիռը միշտ չէ, որ արդարացի է։ Մենք կդիմենք նաեւ միջազգային ատյաններ։

Ե. Զախարյան.- Աշխատում ենք բացառել նեգատիվ երեւույթները։ Եթե բնակիչը չի համաձայնում եւ 5-օրյա ժամկետում պայմանագիր չի կնքում՝ դիմում ենք դատարան։

Է. Զորիկյան.- Այս ծրագրի նպատակը ոչ թե հայկական Բրոդվեյ կառուցելն է, այլ «չալաղաջ» հողակտորների սեփականատերերին փոխելը։ 150 ընտանիք մեկ մարդու նման կանգնած է եւ դուրս չի գալիս։ Դանակը ոսկորին է հասել։ Մարդիկ ամեն քայլի կդիմեն։ Եթե բախումներ լինեն՝ ո՞վ է պատասխան տալու այդ ամենի համար։ Ինչո՞ւ են ինձ ստիպում մտածել. արդյոք օրինակա՞ն է այս ամենը, արդյոք ինձ չե՞ն գցում։

Ե. Զախարյան.- Չենք կարող կասկածի տակ դնել ծրագրի իրականացումը եւ ակնկալում ենք բնակիչների համագործակցությունը։

Մինչեւ փետրվարի 4-ը «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի տնօրենն էր Սերգեյ Բայբուրտյանը։ Մեջբերենք նրա ամենահատկանշական պատասխանը.

Է. Զորիկյան.- Ոչ սեփականատեր բնակիչներին վճարվում է ավելի քիչ գումար, քան ներկայացվում է։ Այս բնակիչների համար ցանկացած գումար շահում է։ Իսկ մնացած գումարը, որի տակ ստորագրում են՝ կոռումպացված չինովնիկների շահումն է։

Ս. Բայբուրտյան.- Ամեն մարդ մտածում եւ արտահայտվում է իր հնարավորությունների չափով։ Երեւի քաղաքացին, չունենալով կոնկրետ փաստ, բայց ունենալով կոնկրետ խնդիր, նման հարցադրում է անում։ Երեւի մտածում է, թե ինքը ոնց կվարվեր։

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել